ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղավնաձորցիներն իրավական գործընթաց են սկսել հանքի ապօրինի շահագործման դեմ

2024-ին Ծաղկաձորի ավագանին համաձայնել է Աղավնաձորի վարչական տարածքում գրանիտի հանքի շահագործման նախագծին։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ դրական եզրակացություն է տվել ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ։ Մեկ տարի անց մարդիկ հասկացել են, որ աշխատատեղերի խոստումներն ու նախնական ծրագիրը կապ չունեն այն ամենի հետ, ինչին ականատես են լինում։ Առանց վարձակալության պայմանագրի ու շահագործման թույլտվության ընկերությունը ոչ միայն ապօրինի հանք է շահագործում, այլև վնասում է Քրիստոսից առաջ թվագրվող Դամբարանադաշտը։

Աղավնաձորցիներն իրենց խաբված են զգում։ Քարի հանքի համար եկան, ասում են, բայց արդեն գյուղն են քանդում։ Զղջում են, որ նախնական լսումներին գյուղը չի ընդդիմացել նախագծին, թեև քչերն են մասնակցել ու հստակ պատկերացում էլ չեն ունեցել՝ ինչին են համաձայնում։ Հողի գործից կտրվել, համայնքի ղեկավարի հետ հանդիպման են եկել՝ անհամաձայնությունը հայտնելու և հանքի հետագա շահագործումը կասեցնելու։ Հանքը բացվեց, ասում են, փոշին ու աղմուկը գյուղը դատարկելու են։

Աղավնաձորի բնակիչ Գագիկ Բարխոյան. «Ուզում էին շիբինի հանք բացեին, սարին ձեռք չտային,  սկսեցին քարերը հանել, ճանապարհ շինել։ Պայմանագիրը եղել ա ուրիշ բան, կեսից փոխեցին։ Մենք դրան դեմ ենք»։

Աղավնաձորի բնակիչ Ներսես Հարությունյան. «Դեմ ենք, բա ի՞նչ ենք, որովհետև մի բան ասում, ուրիշ բան են անում։ Խաբել են ժողովրդին, չպետք ա աշխատեն»։

Ծաղկաձորի ավագանին 2024-ի մարտի 7-ին նախնական համաձայնություն է տվել «Ավանգարդ Ինվեսթ» ՓԲԸ-ին՝ Աղավնաձորի վարչական տարածքում գրանիտի հանքի շահագործմանը։ Ընկերությունը նաև ՇՄԱԳ վերաբերյալ նախարարության դրական եզրակացություն է ստացել։ 1 տարի անց մարդիկ հասկացել են, որ աշխատատեղերի խոստումներն ու նախնական ծրագիրը կապ չունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրենց գյուղում

Աղավնաձորի բնակիչ Համլետ Պետրոսյան. «Այն, ինչ խոստացել են լսումների ժամանակ ու այն,  ինչ հիմա է կատարվում է, բավականին լուրջ իրար հակասում են»։

Աղավնաձորի վարչական ղեկավարն ու Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը պնդում են՝ 4 հեկտարին են համաձայնել, բայց 4-ը 11 են դարձրել՝ առանց վարձակալության պայմանագրի ու շահագործման թույլտվության։ Նարեկ Հարությունյանը նաև բացահայտումներ է անում․ տարածքը, ասում է, որն «Ավանգարդ Ինվեսթ»-ը ներկայում ապօրինի շահագործում է, 2002-ից մինչև 2027-ն այլ վարձակալ ունի։ Վերջինս, սակայն, նրա պնդմամբ, ոչ մի լումա չի վճարել համայնքային բյուջե, և սնանկության է գնում։ Դիմել են դատարան։

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյան. «Վարչական ղեկավարի պատուհանից խոսել ենք 4 հեկտարի մասին, ներկայացնում են 11 հեկտար։ Ստեղ ամենակարևորը ձեր դիրքորոշումն է, ասեք չի լինում, համայնքը մտնում ա իրավական դաշտ»:

Ըստ ՇՄԱԳ եզրակացության՝ հայցվող տեղանքում չկան պատմամշակութային հուշարձաններ, նաև ջրազուրկ է։ Բնակիչները, մինչդեռ, հակառակն են պնդում՝ կտրել ու փակել են սարից գյուղ ջուր հասցնող խողովակն ու քանդել Ք․Ա 19-րդ դարի դամբարանադաշտը, որ  պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում է։ Միայն դամբարանադաշտի վնասումն արդեն բավարար է քրեական պատասխանատվության ենթարկելու շահագործողին։ Պարտավոր էին անմիջապես տեղեկացնել նախարարությանն ու դադարեցնել աշխատանքները՝ բնապահպան Մովսես Մանուկյանն է ասում։

«Եթե նայում ենք գյուղի լանդշաֆտը ոնց է ավիրվել, միանշանակ է, որ գյուղացիները եկել են եզրակացության, որ էդ հանքն իրենց պետք չի»։

«Առողջ միջավայր» ՀԿ նախագահ Աշոտ Օհանյանը մի ելք է տեսնում՝ իրավական ճանապարհով վերջ տալ ապօրինությանը։    

«Առանց հողօգտագործման թույլտվության, վարձակալության, արդեն սկսել են աշխատել, որը հակաօրինական է։ Ճիշտ իրավական ճանապարհով էս հարցը պիտի դադարեցվի»

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նման իրավիճակը ոչ մասնակցային հանրային լսումների հետևանք է համարում։ Եթե մարդիկ դեմ են, տեղական իշխանությունը համայնքային ենթակայության հողերը վարձակալության չպիտի տա՝ ասում է։ Բնակիչները վճռական են և համայնքի ղեկավարից պահանջում են վերադարձնել համայնքային հողերն ու դադարեցնել հանքի ապօրինի ու անկառավարելի շահագործումը։

Աղավնաձորցի Համլետ Մանուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ հարևանությամբ Հրազդանի ցեմենտի գործարանն է, որի փոշին արդեն վնասում է գյուղին։ Արմեն Մանուկյանն էլ պնդում է՝ հանքը մեզ պետք չի:

 Արմեն Մանուկյան. «Համայնքը զորավոր է, համայնքը դեմ է»։

Համլետ Մանուկյան. «Հանքը գործում ա գյուղից ընդամենը 300-400 մետրի վրա։ Էկոլոգիական խնդիրներ ենք  ունենալու, էդ հանքի թոզը մտնելու ա մեր տուն, մեր մշակած կուլտուրաների մեջ՝ խնձորի, ցորենի։ Մեր դաշտերին ա գալու, պետք չի մեզ»։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Ավանգարդ Ինվեսթ»-ի սեփականատերը Էդվարդ Ավետիսյանն է։ Նա նաև «Ավանգարդ Մոթորս» ընկերության հիմնադիրն է։

Հիշեցնենք՝ դեռ 2003 -ին վերջինս գնել էր Երևանի երիտասարդական պալատը, 2005-ից սկսել քանդել ու նախատեսում էր տարածքում միջազգային դասի հյուրանոցային համալիր ու բիզնես կենտրոն կառուցել։ 20 տարի անց տեղում ոչինչ չի կառուցվել։ Աղավնաձորցիների հետ հանդիպմանը նաև «Ավանգարդ Ինվեսթ»-ի ներկայացուցիչներն էին հրավիրված էին։ Հավանաբար տեղեկացել էին գյուղում տիրող ընդվզումներին ու չէին եկել՝ խուսափելով հնարավոր լարվածությունից։

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը հանդիպման ավարտին վերահաստատեց՝ բնակիչները կամքը հաշվի կառնեն:

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյան. «Ոնց իրանք կորոշեն, այ տենց էլ կլնի»։

«Ավանգարդ Ինվեսթ»-ից պարզաբանումներ ստանալ «Ռադիոլուր»-ին չհաջողվեց։ Ծաղկաձորի համայնքապետարանից փոխանցեցին, որ հանդիպումից օրեր անց ընկերությունն սկսել է գյուղից հեռացնել է ծանր տեխնիկան։

Կարդացեք նաև

Back to top button