
Թբիլիսիում, որտեղ ծնունդ է առել Հայաստանի առաջին հանրապետությունը, անկախության հռչակման 107-ամյակի միջոցառումներ են անցկացվում։
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Թիֆլիսում 1918 թվականի այս օրերին մեկը մյուսի հետևից հռչակեցին իրենց անկախությունը։
Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը սկսվում է Թիֆլիսի Վորոնցովի նստավայրից, այժմ երիտասարդության ազգային պալատից։
Ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունեցող այս պալատը գրեթե բոլոր ժամանակներում կարևորագույն գործառույթ է ունեցել։ Երիտասարդության պալատի տնօրեն Թիկա Ռուխաձեն նշում է, որ շենքը մշտապես նշանակալի հանդիպումների վայր է եղել, ավելի վաղ այն Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովի պալատն էր․
«Այստեղ էր անդրկովկասյան սեյմը, կառավարական շենքը, որտեղ Վրաստանը Հայաստանը և Ադրբեջանը հռչակեցին առաջին հանրապետության անկախությունը, այնուհետև այստեղ է ընդունվել Վրաստանի Սահմանադրությունը։ Սա կարևորագույն շենք է ոչ միայն վրացիների համար»։
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողատայում գտնվող այս պատմական շենքում հայաստանյան հեղափոխությունից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսի առաջին պաշտոնական այցի շրջանակներում նույն շենքում բացվեց Առաջին հանրապետության 100-ամյակի հուշատախտակ։
«Վրաստանի հայ համայնք»-ը ամեն տարի վիրահայ դպրոցականների այց է կազմակերպում պալատ՝ տեղում ծանոթացնելու Վրաստանի և Հայաստանի անկախության պատմությանը։ Կազմակերպության ներկայացուցիչ Ջանետա Բաղդասարյան ասում է․
«Մենք ավանդույթ ենք դարձրել այցը երիտասարդական պալատ, որտեղ ստորագրվել են երկու երկրների անկախության հռչակագրերը։ Այս օրերին անցկացնում ենք նաև դասախոսություններ՝ պատանիներին ու երիտասարդներին ներկայացնելու Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետության հռչակման պատմությունն ու նշանակությունը»։
Թբիլիսիի Իլիայի պետհամալսարանի «Վրաստանի ժամանակակից պատմությունը» մագիստրոսական ծրագրի ղեկավար Բեքա Կոբախիձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ այս շենքից մեզ հասած 1918 թվականից լուսանկարները քիչ են, վճռորոշ իրադարձությունները՝ շատ․ ծանր ժամանակներ էին, բայց նշանակալի՝ առաջին հանրապետության հիմնադրումը, ըստ էության, հիմք դրեց Երկրորդ և Երրորդ հանրապետություններին։
«Գրեթե նույն իրավիճակն է նաև այսօր՝ փոքր երկրներ, նկատի ունեմ հատկապես Հայաստանն ու Վրաստանը, մեծ խաղացողների շահեր, պատերազմ, փակ սահմաններ ու օկուպացիա»։
Ասում է վրացի պատմաբանը՝ նշելով, որ կովկասյան տարածաշրջանը զարգացնելու համար պետք է երկրները միասնական գաղափարական տարածքում լինեն, խաղաղության միասնական վճռականությամբ, ինչին ըստ նրա, անկեղծորեն պատրաստ են Վրաստանն ու Հայաստանը։




