ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղությունն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն․ Իրանը կողմ է «3+3» ձևաչափին

Երևանի ու Բաքվի միջև խաղաղությունն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն՝ ասել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ Իրանը պատրաստ է այդ գործում ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու։ Տարածաշրջանային «3+3» ձևաչափն Իրանի համար կարևոր է․ Թեհրանը դեմ է տարածաշրջանային հարցերում դրսի ծրագրերին՝ ասել է իրանցի դիվանագետը։  

Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու «3+3» ձևաչափով նախարարական հերթական հանդիպումը․ այդ մասին ՀՀ իշխանությունները վաղուց են հայտարարել՝ Sputnik Armenia-ին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։

«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ Մոսկվան կողմ է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները Բաքվում և Երևանում անցկացնելուն։

«3+3»  տարածաշրջանային հարթակի գաղափարը Թուրքիայինն է։ Անկարան այդ առաջարկը ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո։ «3+3»-ի մեջ են հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը։

Հարթակի ձևավորման հենց սկզբից Վրաստանը Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով հրաժարվեց դրան մասնակցելուց ։ Խորհրդատվություններն ընթանում էին «3+2» ձևաչափով։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում անցած տարվա հոկտեմբերին։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցող Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն,  խոսելով «3+3» ձևաչափի մասին, նշեց, որ անհրաժեշտ է զարգացնել այն և տարածաշրջանային հարցերը լուծել տարածաշրջանի երկրներով․

«Տարիներ է, որ հետամուտ ենք «3+3» հարթակին։ Մենք այլ ելք չունենք, քան խուսափելը տարածաշրջանից դուրս գտնվող հզոր ուժերի գեոպոլիտիկ մրցակցությունից։ Արդյո՞ք կարող է հարթակը՝ որպես գործոն, տարածաշրջանի ապագան ձևավորել։ Թեհրանը կարծում է՝ ոչ միայն կարող է, այլև կարող է դա տարածաշրջանում կարգավորել ու դրա ճարտարապետը լինել։ Կամ պետք է մենք կարողանանք գործել, և մենք՝ որպես օբյեկտ, հանդես գանք։ Հակառակ դեպքում դրսից մեզ համար ինչ-որ ծրագրեր կմտածեն։ Ովքեր մեզ համար ծրագրեր են պլանավորում, մեզ բարին չեն կամենում»։

Հայաստանը պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սակայն Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում  բարձր մակարդակով և ռազմատենչ հայտարարություններ անում։  Նման պայմաններում որքանո՞վ են հավանական խաղաղության պայմանագիրը և խաղաղությունը տարածաշրջանում․ «Ռադիոլուր»–ի  այս դիտարկմանն ի պատասխան՝ Սաիդ Խաթիբզադեն նշեց, որ Իրանը ջանքեր է գործադրում, որպեսզի լարվածություն  չլինի։

Նա հիշեցրեց, որ Իրանի համար հարևան երկրների տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է․ «Այսօր խաղաղությունը ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտություն։ Պետք է շատ արագ հասնենք այդ նպատակին»։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան  Ջոշուա Կուչերան «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ իշխանությունների մոտեցումը խաղաղության պայմանագրին․

«Կարծում եմ՝ կա խաղաղության իրական հնարավորություն։ Միջազգային ճգնաժամային խումբը խրախուսում է երկու կողմերին ստորագրել համաձայնագիրը։ Սա այն համաձայնագիրն է, որը կոչ է անում  երկու կողմերին ապահովելու մյուս կողմի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ որևէ կողմ այժմ  կամ ապագայում չի կարողանա ներխուժել մյուս երկրի տարածք։ Ուստի կարծում եմ, որ այս համաձայնագիրը կարևոր է մյուս երկրի նկատմամբ տարածքային պահանջներից խուսափելու համար»։

Իրանը ողջունում է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն վստահ է՝ երբ բեռնափոխադրումների համար վերացվեն տուրքերը,  հայ–իրանական տնտեսական հարաբերությունները  թռիչքային աճ կունենան։

Կարդացեք նաև

Back to top button