Սարգիս Բեգոյանը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով և պրոֆեսիոնալ շախմատով։ 2018-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Ծառայել է նախ Արվամիրի ուսումնական, ապա՝ որպես տանկի նշանառու սպա ծառայությունը շարունակել Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում։ 44-օրյա պատերազմի օրերին կռվել է առաջնագծի տարբեր հատվածներում՝ Ջրական, Հադրութ, Շուշի, Իշխանաձոր։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել ու շարք վերադարձել։ Պատերազմի չջնջվող պատկերներից մեկը հենց առաջին օրն էր տպավորվել։
«Զոհվել էր Ջրականի սպաներից մեկն ու բերել էին նրա մարմինը։ Հավանաբար նոր էր նշանվել կամ ամուսնացել։ Ծոցագրպանում հեռոխոս կար, հենց այդ պահին հեռախոսին աղջկա նկարով զանգ էր գալիս։ Այդ դրվագից հետո մեր բոլոր զգացմունքներն ու հույզերը զրոյական վիճակում են եղել, և մինչև պատերազմի ավարտը սառը ուղեղով ներգրավված ենք եղել ռազմական գործողություններում»,-պատմում է Սարգիսը։
Պատերազմի ավարտին Բերձորում էր։ Նոյեմբերի ինն էլ դիտակետում լուսացրեց՝ հաղթանակը տոնող ադրբեջացիների հրավառության ձայներով։ Կոտրվե՞լ, թե՝ ամրանալ ու առաջ նայել։ Ընտրեց երկրորդը, և հենց նոյեմբերի 9-ի գիշերը կայացրած այդ որոշմամբ էլ զորացրվեց։ Բանակից հետո շարունակեց ուսումը Մայր բուհում։ 2024-ին մագիստրոսական կրթությունը շարունակեց ԵՊՀ-ի երկու՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ազգային անվտանգություն» և պատմության ֆակուլտետի «հայոց պատմություն» մագիստրոսական ծրագրերում։ Այս ընթացքում Սարգիսը հասցրել է նաև քաղաքագիտական երկու դպրոց ավարտել, Եվրոպական համալսարանում կիբերանվտանգության վեցամսյա դասընթաց է անցել, շախմատ և պատմություն է դասավանդել Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցներում և «ABC» ուսումնական կենտրոնում։ 2025-ի ապրիլի 2-ից Սարգիսը ընկերոջ հետ նաև յութուբյան փոդքասթ է վարում՝ նվիրված արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներին։ Ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու ծրագրերը Սարգիսը ցանկանում է ուղղել մեկ նպատակի՝ նորից ազատագրված տեսնել Արցախը։




