ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Աշխարհը սկսում է կողմնորոշվել հայկական խաղաղասիրության և ադրբեջանական պահանջատիրության միջև․ վերլուծաբան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու և համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու անհրաժեշտության մասին վերջին շրջանում լուրջ ասելիքով և ակնարկով հայտարարություններ են հնչել  տարբեր հարթակներից։ Վերջին օրերին հարցին անդրադարձել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն։

Լավատեսության և հույսի մասին խոսել են նաև Թուրքիան, Վրաստանը և Իրանը։ Վերլուծաբանները փաստում են, որ Հայաստանի խաղաղության օրակարգն այս փուլում աշխարհի համար ավելի ընկալելի է դարձել, քան Ադրբեջանի հռետորաբանությունը, որը պարունակում է պահանջատիրություն և սպառնալիքներ։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման հարցը։ Վերլուծաբաններն այս տեղեկությունն արտառոց չեն համարում, քանի որ վերջին շրջանում՝ հատկապես 2020 թվականից հետո, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը պարբերաբար քննարկվել է։ Բացառություն չէ նաև վերջին նիստը։

Նիստն այս անգամ նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն տևել է մոտ 2.5 ժամ։ Հանդիպումից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Խորհուրդը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Անկարան վերահաստատում է իր սպասումները, որ կապահովվեն վերջնական խաղաղության հաստատման անհրաժեշտ պայմանները, ինչն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս հայտարարությունն արվում է Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից մոտ մեկ շաբաթ անց։ Տիրանայում կայացել էր Փաշինյան-Ալիև զրույցը, հաջորդիվ՝ Էրդողանի մասնակցությամբ շփման հայտնի դրվագը։ Դրանից հետո Էրդողանն առանձին զրույց էր ունեցել նաև Ալիևի հետ:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ այստեղ հարցերը շատ են․ այդ ամենը ենթադրե՞լ է հատուկ ասելիք, որն արժանի է եղել Թուրքիայի անվտանգության խորհրդում քննարկման: Թե՞ ԱԽ անդրադարձը, այսպես ասած, հերթական է՝ առհասարակ Թուրքիայի ընդհանուր քաղաքական շահերի համատեքստում: Համենայն դեպս, Բադալյանը բազմիմաստ է համարում նաև ԱԽ անդրադարձում արտահայտվող «հույսը»՝ վերջնական խաղաղության հաստատման առումով:

Թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով, օրինակ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման հարցում Անկարան կարող է դրական դեր խաղալ, ինչպես ասվում է, սեփական օրինակով։

«Բայց, իմ կարծիքով, Անկարան ինքն այդքան չի ձգտում այդ դրական դերը խաղալ շատ պարզ տեսանկյունից։ Ադրբեջանի վրա իրական լծակներ գործելու հնարավորություն ունի Անկարան, և եթե իսկապես ցանկանա, որպեսզի այդ գործընթացն արագ ավարտվի, նկատի ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը, Անկարան կարող է հասնել դրան։ Սրա ամենակարևոր հիմքերից մեկն այն է, որ, օրինակ, Անկարան փաստացի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բովանդակային քայլեր ձեռնարկի։ Այս իրավիճակում, երբ մենք տեսնում ենք՝ Ադրբեջանը փորձում է չստորագրել այդ փաստաթուղթը կամ ժամանակ ձգել, Անկարան կարող է այստեղ ունենալ կարևոր դեր»։

Միաժամանակ, սակայն, պետք չէ մոռանալ, որ, 90-ականներից սկսած, Թուրքիան կողմնակալ դիրքորոշում ունի այս հակամարտության հարցում՝ ընդգծում են վերլուծաբանները։ Ամեն դեպքում դա չի խանգարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ապրիլին Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում չբացառել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել Թուրքիայում։

Միրզոյանը հայտարարել էր, որ ստորագրման վայրն էական չէ, կա գաղափար՝ այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ ևս առաջարկում են դառնալ այդ հարթակը։  

Տարածաշրջանային խաղաղությանն աջակցելու առաջարկ այժմ հնչում է նաև Վրաստանից։ Հարևան երկիրը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ՝ վրացական «Իմեդի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար»։

Իրականում տարածաշրջանի խաղաղության շահառուները միայն այս երեք երկրները չեն։ Խաղաղության օգտին արտահայտվում է նաև Արևմուտքը, իսկ նախօրեին՝ հատկապես ԱՄՆ վարչակազմը՝ ի դեմս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի։ Ամերիկացի պաշտոնյայի կողմից այս փուլում արված հայտարարությունները, մասնավորապես, «Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժումը կանխելու մասին», ըստ «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի հիմնադիր Արմինե Մարգարյանի՝ շատ հստակ են․

«Այս հայտարարությունից մենք կարող ենք արդեն հետևություն անել, որ Ադրբեջանի քայլերը ձախողվել են, կարծես թե Ադրբեջանի այս քաղաքականությունը չի հաջողվել։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ սա կարող ենք համարել բավական դրական զարգացում այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք։ Նշանակում է, որ հայկական կողմը բավական լուրջ աշխատանք է արել, որպեսզի մեր խաղաղասեր, տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերող նարատիվներն ամերիկյան կողմին ներկայացնելու համար»։

Վերլուծաբանների կարծիքով՝ Ռուբիոն հնարավոր ռիսկերի մասին խոսելիս նկատի է ունեցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, որը Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակն է համարվում։ Այս առումով հստակ  դիրքորոշումներ հնչեցին ինչպես ԱՄՆ վարչակազմից, այնպես էլ Իրանից։ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, և որ որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Սոբհանիի խոսքով՝ «Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»։


Կարդացեք նաև

Back to top button