
Արթուր Գևորգյանը թիմի հետ ստեղծել է ստարտափ, որը մասնավոր դպրոցը՝ ավելի մրցակցային, ուսուցչին՝ տեխնիկապես ավելի զինված, աշակերտին՝ անհատականացված դասի մասնակից դառնալու հնարավորություն է խոստանում։ Այդ գաղափարը, որ ծնվել էր դեռ 2022-ին, բիզնես դարձավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրի շնորհիվ։ Հիմա Արթուր Գևորգյանն արդեն ծրագրի նոր հնարավոր շահառուներին իր անցած ճանապարհի մասին պատմում․
«Առաջարկում ենք 2 պրոդուկտ։ Առաջինը վեբ հարթակ է ուսուցիչների համար, որտեղ նրանք, առանց որևէ տեխնիկական գիտելիքների ուղղակի ներմուծում են կոնտենտի տեսական մասը, ու մեր տրամադրած մոդելներով ստեղծում են կրթական կոնտենտ, որը հայտնվում է արդեն աշակերտների համար նախատեսված ծրագրի մեջ։ Աշակերտը տեսական գիտելիքը ստանում է կարդալով կամ լսելով, գործնականը՝ 3D մոդելների հետ հաղորդակցվելով, ստուգում է իր անհատականը քուիզների միջոցով, իսկ գնահատականները հայտնվում են ուսուցչի մոտ, ինքը տեսնում է աշակերտի պրոգրեսը ու էլ ժամանակ չի ծախսում, որ դասերը դարձնի անհատականացված»։
Արթուր Գևորգյանը պատմում է՝ 2022-ին «Գաղափարից բիզնես» ծրագրին ներկայացրել են իրենց գաղափարը, հաղթել ու ստացած գումարը ծախսել են նախնական աշխատանքի վրա։ Մեկ տարի անց կրկին մասնակցել են ծրագրին բիզնեսն արդեն վերջնական տեսքի բերելու հարցում աջակցություն ստանալու համար, բայց առաջարկը գնահատող հանձնաժողովին դուր չի եկել․
«Չհաղթեցինք, քանի որ դիմել էինք, որ ստանայինք այդ դրամաշնորհը տարբեր կրթական կոնտենտներ մեր ծրագրի մեջ ստեղծելու համար։ Բայց երբ գիտելիք ստացանք, սովորեցինք՝ ինչպես վաճառել պրոդուկտը, մտածել ավելի գլոբալ, հասկացանք, որ ճիշտ էր, որ էդ ժամանակ չստացանք էդ դրամաշնորհը, քանի որ թե՛ էդ գումարը, թե՛ մեր ժամանակը ծասխելու էինք՝ ստեղծելու մի պրոդուկտ, որը ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ մարկետում չէինք կարողանալու վաճառել։ Իսկ էս նոր գիտելիքով, երբ անցած տարի ստացանք էդ դրամաշնորհը, հիմա արդեն վերջնականցման փուլում ենք, բայց արդեն ունենք վճարող երկու հաճախորդ՝ մասնավոր դպրոց Հայաստանում, 4 մասնավոր դպրոց էլ արդեն տվել են սեպտեմբերից միանալու համաձայնությունը։ Կաշխատենք մինչև 10 դպրոց հասցնել էս ամառվա ընթացքում»։
Ստարտափ գաղափարներ ունեցող մարդկանց նման հնարավորություն տրվում է արդեն 5-րդ անգամ։ ԲՏԱ նախարարության Ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանն ասում է՝ սպասում են «Գաղափարից բիզնես» ծրարգի նոր շահառուների․
«Գաղափարից բիզնես»-ը հայաստանյան ստարտափների համար է, իրականացվում է 20 թվականից սկսած։ Մասնագիտական հանձնախումբը կընտրի այն ստարտափները, որոնք անցնում են հաջորդ փուլ, այդ ստարտափների համար երկու ամիս կանցկացնենք ինկուբացիոն դասընթացներ՝ իրենց որակն ավելի բարձրացնելու, կարողությունները զարգացնելու, շուկայի հնարավորություններին ծանոթացնելու առումով։ Եվ արդեն ամփոփիչ փուլում մասնագիտական ժյուրիին կներկայացնեն իրենց ստարտափները ու հաղթելու պարագայում կստանան մինչև 5 միլիոն դրամի դրամաշնորհ»։
Դրամաշնորհը կարող է տրամադրվել մինչև 40 մասնակցի։ Այս մասին ծանուցող տեղեկատվական հանդիպման ժամանակ Հայկ Ենգիբարյանը պատմում է նաև նմանօրինակ մեկ այլ հնարավորության՝ «Ներուժ» ծրագրի մասին։ Այս դեպքում մասնակցել կարող են առնվազն վերջին հինգ տարում Սփյուռքում բնակվող կամ ամենաշատը 6 ամիս առաջ հայրենադարձված այն մարդիկ, որոնք ունեն բիզնես գաղափար և այն Հայաստանում զարգացնելու պատրաստակամություն․

««Ներուժ» ծրագիրն արվում է 6-րդ անգամ ու նախատեսված է Սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն ստարտափներ։ Հաղթանակի պարագայում իրենք կստանան դրամաշնորհներ։ Ֆոնդը կազմում է 90 միլիոն դրամ։ Իրականացնում ենք երկու ուղղությամբ՝ գաղափարի փուլի և արդյունքի՝ պրոդուկտի փուլի դասակարգմամբ։ Պրոդուկտի փուլի պարագայում առաջին տեղը զբաղեցնող ստարտափը կստանա 30 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 20, և երրորդը՝ 10 միլիոն դրամ, իսկ գաղափարի փուլի ստարտափները՝ 15, 10 և 5 միլիոն դրամ։ Նվիրատվության պայմանագիր է կնքվում, իրենք պարտավորվում են առնվազն մեկ տարի բնակվել, ընկերություն հիմնել ու գործունեություն ծավալել Հայաստանում»։
Դրսում գտնվող ներուժը «Ներուժ» ծրագրի միջոցով Հայասատան բերելով՝ ոչ միայն նոր բիզնեսներ, այլև նոր՝ տեխնոլոգիական ամուր համայնք ենք ունենում՝ վստահեցնում են ԲՏԱ նախարարության ներկայացուցիչները։ Բարձր տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթևոսյանի խոսքով՝ գրանցված արդյունքներից ու հայտադիմումների քանակից գոհ են․
«Նախորդ տարի բացառիկ հայտերի քանակ ունեցանք՝ 64 հայտ աշխարհի 16 երկրներից ու հույս ունենք, որ այս տարի նույնպես ակտիվ կլինեն մասնակիցները։ Այդ ամենի շնորհիվ 6 հաղթող ենք ունենում»։
ԲՏԱ նախարարությունը, անհատներից բացի, արդեն գործող տեխնոլոգիական կազմակերպությունների համար առաջարկ ևս ունի։ Հայկ Ենգիբարյանի խոսքով՝ նրանք կարող են օգտվել պետական աջակցության ծրագրերից․
«Վերջերս ընդունված օրենքով պետությունն աջակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին մի շարք ուղղություններով․ նոր աշխատակիցների ներգրավման համար եկամտահարկի 50 տոկոսի չափով աջակցություն է տրամադրվում ընկերություններին, աշխատանքային միգրանտների համար՝ 60 տոկոսի չափով պետական աջակցություն, իսկ վերապատրաստումների ու տարբեր տեսակի սերտիֆիկացիոն դասընթացների պարագայում՝ եկամտահարկի 50 տոկսի չափով պետական աջակցություն»։
Պետական աջակցության ծրագրերը շարունակական են, իսկ «Գաղափարից բիզնես» և «Ներուժ» ծրագրերի հայտադիմումների ընդունելությունը բաց է։ Առաջինի հայտերն ընդունվում են մինչև հունիսի 16-ը, երկրորդինը՝ մայիսի 30-ը։




