
Սրանից գրեթե 30 տարի առաջ hայկական ռադիոն նշում էր 70-ամյակը: Այդ առիթով գրական հաղորդումների խմբագրության լրագրող Նունե Թադևոսյանը տաղավարում հյուրընկալել էր ռադիոյի լավագույն ձայներից երկուսին՝ Վերա Հակոբյանին և Վլադիմիր Աբաջյանին, ովքեր պատմում էին, թե ինչպես հայտնվեցին ձայնասփյուռի խորհրդավոր աշխարհում՝ կախարդական խոսափողի մոտ, և ինչպես կարողացան ունկնդիրներին գամել ռադիոընդունիչների մոտ:

Վերա Հակոբյանն այնքան էր տարված ռադիոյի կախարդանքով, որ մոռացավ մեկ այլ կախարդանքի՝ թատրոնի մասին, որտեղ հայտնվելու համար 4 տարի ուսանել էր Թատերական ինստիտուտում:
Բայց 6 ամիս աշխատելուց հետո, մի դեպք պատահեց, որի մասին նա շատ երկար լռել էր և խոսեց միայն ռադիոյի 70-ամյակի առիթով: Իսկ դեպքը հետևյալն էր՝ նրան կանչել էին ԿԳԲ։ Վերան հասնում է Նալբանդյան փողոցի հայտնի շենքը: Նրան դիմավորում են, խորհրդավոր աստիճաններով բարձրացնում վեր, հրավիրում մի սենյակ, որտեղ Վերային ընդունում է մի շատ համակրելի տղամարդ, բայց ԿԳԲ-ի աշխատակից: Համակրելի տղամարդը սկսում է խոսել ռուսերենով, համոզում Վերային՝ թողնի ռադիոն, մտնի Սունդուկյան թատրոն՝ խոստանալով, որ այնտեղ նրան կտրվեն իր ուզած դերերը:
Ի պատասխան՝ երիտասարդ Վերա Հակոբյանը սպառնում է, թե նամակ կգրի ընկեր Ստալինին և անձնասպան կլինի, բայց ռադիոն չի թողնի: Եվ այս սպառնալիքը ազդեցություն է գործում: Վերա Հակոբյանը շարունակում է աշխատել ռադիոյում՝ խոսափողի մոտ: Ժամանակ առ ժամանակ էլ բեմ է բարձրանում՝ իբրև ասմուքնող: 2017-ին՝ 89 տարեկան հասակում, Ռադիոյի ամենահայտնի ձայներից մեկը՝ Վերա Հակոբյանը, հեռացավ մեզնից:

Շատ հետաքրքրական է նաև ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մուտքը ռադիոյի աշխարհ: Այդ տարիներին հաղորդումները, որպես կանոն, ուղիղ էին հեռարձակվում, ձայնագրություն չկար, բայց, քանի որ Աբաջյանի առաջին մուտքն էր, որոշեցին ապահովության համար ձայնագրել:
Հայկական ռադիոն շատ մեծ դեր է խաղացել հատկապես երիտասարդ արտիստների համար: Ռադիոն գրական լեզվի սփռման ամենից մեծ ջատագովն էր: Լինելով խոսքի վարպետ՝ Աբաջյանը իր մտահոգությունն է հայտնում հայոց լեզվի նկատմամբ այժմյան անփույթ վերաբերմունքի համար: 2013 թվականին 85 տարեկան հասակում մահացավ Վլադիմիր Աբաջյանը:
Հայկական ձայնասփյուռի լավագույն ձայներից շատերն այլևս մեզ չեն ողջունում եթերից: Սկզբնական շրջանում, երբ դեռ ձայնագրություններ չէին արվում, ռադիոյի հիմնադիր հաղորդավարների ձայները հնչեցին և անցան: Հետո արդեն նրանց գեղեցիկ հայերենը մնաց ժապավենների վրա:
Հիշատակն անմար ռադիոյի հաղորդավարական դպրոցի հիմնադիրների․ Մարատ Հալաջյան, Թամար Գալստյան, Լենա Կարապետյան, Սուրեն Պետրոսյան, Սոս Մայիլյան, Հրաչուհի Ջինանյան, Ջոն Հակոբյան և շատ – շատ ուրիշներ:




