ԿարևորՄշակույթ

Հնագույն ժամանակներից մինչև Ալեքպոլ ու ժամանակակից տեխնոլոգիաներ․ «Թանգարանների գիշերը» Գյումրիում

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման առիթով Գյումրիի բոլոր թանգարանները հանգստյան օրերին մարդաշատ են եղել: Քաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին թանգարանները ներկայացել են հին ու նոր ցուցադրություններով, մշակութային տարաբնույթ միջոցառումներով ու վարպետաց դասերով: Գյումրիի թանգարաններից մի քանիսում արդեն նորագույն տեխնոլոգիաներեն կիրառվում, ցուցասրահներում արդիական լուսավորության համակարգեր են տեղադրվել:

Թանգարան բաց երկնքի տակ: Հենց այսպես են բնութագրում զբոսաշրջիկները արվեստների, արհեստների ու մշակույթի քաղաք Գյումրին: Կոլորիտային միջավայրից, շքեղ ու եզակի ճարտարապետությունից, դարբնագործ ու կավագործ վարպետների աշխատանքներից բացի, հյուրերին իրենց հարուստ ցուցադրություններով գրավում են նաև քաղաքի թանգարանները:

«Աղջիկս հյուր է եկել ՌԴ-ից, հարսս, թոռնիկներս, բոլորով եկել ենք: Երեխաները  տարեցտարի մեծանում են, մենք անպայման ուղեկցում ենք թանգարաններ, որպեսզի ծանոթանան մեր մշակույթին, պատմությանը, որպեսզի իրենց մեջ ձևավորվի հարգել քաղաքի մշակույթը, արվեստը, ամեն ինչը, դրա համար հաճախ ենք այցելում»։

«Ինձ համար Գյումրին մշակութային քաղաք է, և ես գտնում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինի Գյումրիում՝ առնչվելու այն մշակութային աուրային, այն մշակութային մթնոլորտին, որն այս քաղաքը իր մեջ կրում է: Մշակութային ժառանգությունը քաղաքի, այն ամբողջ պատմությունը, որ այստեղ մեկտեղված է, մեզ հենց բերել է Գյումրի, որպեսզի մեր աշակերտները կարողանան զգալ, այսպես ասած, մեծերի շունչը»։

«Շատ կոլորիտային են թանգարանները և ընդհանուր քաղաքը, շատ հայկական։ Շատ հաճելի է այստեղ՝ տեսնել այն ամենը, ինչը որ եղել է հայկական, մնացել է, պահպանվել են շենքերը: Հաճախ ենք գնում թանգարաններ, ինքը դաստիարակում է, կրթում է, և պատմության տեսանկյունից, և առհասարակ, երեխան տեսնում ա մեր հին մշակույթը, ինչպես են ապրել հայերը հնում,եթե դա տուն-թանգարան է, ինչպես են ապրել մեր մեծերը»։

Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի թանգարանները «Վարպետաց» փողոցում են: Քաղաքի այս հատվածին յուրօրինակ գունապնակ են տալիս սալարկված նեղլիկ փողոցները, ալեքպոլյան շքեղ շինությունները:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նույնությամբ վերարտադրված է այն թոնրատունը, որտեղ ծնվել է հայ պոեզիայի Վարպետը։ Նրա օրորոցից, անձնական իրերից ու քանդակազարդ կահույքից բացի, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում ֆոնդերից ցուցադրության են հանվել եզակի ցուցանմուշներ, որոնք ըստ թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանի, Վարպետից մնացած մասունքներ են․

«Այսօր մենք ցուցանմուշներ ենք հանել, որոնք եզակի օրերի են ցուցադրվում: Մեզ մոտ հիմա ցուցադրվում է Վարպետի գրիչի սարքը, որը նվիրել է իր եղբոր որդուն՝ Իսահակ Իսահակյանին: Ցուցադրության մեջ ունենք ալբոմ, որը Վարպետը Երուսաղեմում եղած ժամանակ է գնել, ծաղիկներով հավաքածուներ են, և անգլերենից ինքը թարգմանելով հայերեն, իր ձեռագրով, մատիտով գրառումներ է արել հենց ալբոմի մեջ: Էնտեղ պահպանվում է նաև Ավ.Իսահակյանի Աստվածաշունչը գերմաներեն , որը միշտ եղել է ձեռքի տակ»։

Տուն-թանգանն այս տարի պատրաստվում է մեծ շուքով նշել Ավետիք Իսահակյանի ծննդյան 150 ամյակը: Թանգարանում ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել, որոնք ըստ տնօրենի, ավելի հետաքրքիր և ինտերակտիվ են դարձնում թանգարանային այցելությունները հյուրերի համար:

Մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում էլ նախատեսում են  արվեստի լաբորատորիա հիմնել, ասում է թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը: Թանգարանը բացվոլ է 2006 թվականին Լենինականի նախկին խաշարանում, որտեղ սիրել է ճաշել Ֆրունզիկը՝ Մհեր Մկրտչյանը: Թանգարանի երկու փոքր սենյակներում  ցուցադրվում են  Հայ կինոյի ամենահայտնի ու սիրված դերասանի մարմնավորած կերպարների հագոստները, անձնական իրերն ու ֆիլմերոմ օգտագործված ռեկվիզիտը:

«Մենք ուզում ենք, որ մեր թանգարանը դառնա արվեստի լաբորատորիա՝ այլաբանական իմաստով։ Այստեղ հավաքվեն այնպիսի արվեստագետներ, որոնք կկարողանան շունչ հաղորդել, լրաչուցիչ հույս,լույս: Առաջ գնացող ճանապարհը լուսավորվի Մհեր Մկրտչյանի հետ կապված: Ինչպես գիտենք, նրա ֆիլմերը իրենց ինտելեկտուալ հմայքը դեռևս չեն կորցրել, և մենք մեր սերունդներին պետք է նորովի ներկայացնենք, վերապրած ներկայացնենք, որպեսզի կարողանանք ունենալ այն, ինչին մենք այսօր մեծ արժեք ենք տալիս»։

Մեծանուն գյումրեցիների  կյանքին, կենսագրությանն ու ընտանեկան միջավայրին հաղորդակից լինելուց հետո, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները այցելում են Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, կամ ավելի հայտնի՝  Ձիթողցյանների թանգարան:16 ցուցասրահներում մշտական ցուցադրության են ներկայացված 1800 եզակի ցուցանմուշներ, առանձին բաժիններում վերարտադրված են 19-րդ դարի ալեքպոլցիների կենցաղը, տան կահավորանքը, արհեստներն ու արվեստը: Թանգարանը հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար, ասում է տնօրեն Անի Նազարյանը:

«Մենք ունենք նորություն՝ ցուցադրություն, որը նախատեսված է  հատուկ տեսողական խնդիրներ  ունեցողների համար, «ԻԿՕՄ Հայաստանի» հետ համատեղ ենք արել այս ծրագիրը: Ինչ է իրենից ներկայացնում․ ցուցանմուշների կրկնօրինակներ են արվել կամ ձեռք են բերվել այդ շրջանին պատկանող աշխատանքներ, որոնք որ հասանելի են շոշոփելու համար, այսինքն, տեսողական խնդիրներ ունեցող այցելուները կարող են շոշափել, կարող են զգալ աշխատանքը: Օրինակ, եթե դարբնությանն է վերաբերում, հյուսնությանն է վերաբերում, իրենք գործիքին ծանոթանում են, և նաև ուղեկցող Բրալյան այբուբենով տեքստեր ունենք, որ կարող են նաև կարդալ»։

ԱՆցած տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում 4000 այցելու են ունեցել: Այս տարի առաջին անգամ ցուցադրվում են Ձիթողցյան գերդաստանին պատկանող լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր:

Կումայրի պատմամշակութային արգելոց  թանգարանում էլ ցուցադրվում են Էրզրումի առօրյա և տոնական տարազները, արևմտահայ կնոջ հարսանեկան օժիտը և այլն:

Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավագյան․ «Ցուցադրում ենք տարազի մանրամասներ, բնականաբար գլխազարդն է, որը պարունակում է ոսկեղեն մեծ քանակությամբ,մարգարիտներ,ջավշակներ, որոնք բավականին մեծ արժեք են ներկայացնում: Օրիորդ աղջկա ֆեյսն ենք ցուցադրում, դարձյալ արծաթից՝ գեղեցիկ մանրամասներով, և անդրադառնալով այլ իրերին, պիտի նշենք բաղնիքի պարագաները, նալիկներ, որոնք ընդելուզված են սադափով, նաև ցուցադրում ենք մեծ քանակությամբ արծաթյա իրեր, որոնք բերված են Արևմտյան Հայաստանից»։

Կումայրի արգելոց թանգարանը բացվել է 2020 թվականին՝ Գյումրիի քաղաքապետարանի նկուղային հարկում։ Այն այցելուներին է ներկայացնում քաղաքի տարբեր հատվածներում պեղված գտածոներ, խեցեղեն, քաղաքի պատմությանն առնչվող արժեքավոր իրեր:

Այստեղ երբեմն ցուցադրվում են նաև Շիրակի երկրագիտական թանգարանի ֆոնդերում պահվող ցուցանմուշները, քանի որ այդ թանգարանը սեփական տարածք ու ցուցասրահներ չունի, իսկ հազարավոր ցուցանմուշները պահվում են արկղերում և հասանելի չեն այցելուներին:

Կարդացեք նաև

Back to top button