
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աբու Դաբիում հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 200 միլիարդ դոլարի նոր պայմանագրերի կնքման մասին, որոնք Ծոցի երկրներում 2 տրիլիոն դոլարը գերազանցող ընդհանուր ներդրումային փաթեթի մաս են կազմում։
ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ Թրամփի հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄԷ-ն 28 Boeing ինքնաթիռի կգնի։ Գործարքներում ներառված են նաև Օկլահոմայում ալյումինի գործարանի կառուցումը և էներգետիկ նախագծերի մշակումը։
Թրամփը նաև ստորագրել է արհեստական բանականության վերաբերյալ ռազմավարական համաձայնագիր՝ որպես հաջորդ տասնամյակի ընթացքում 1.4 տրիլիոն դոլարի պարտավորության մաս։
«Ես բացարձակապես կասկած չունեմ, որ հարաբերությունները միայն ավելի կընդլայնվեն և կբարելավվեն», — ասել է Թրամփը ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը Ծոցի երկրներ շրջագայության շրջանակում չորեքշաբթի պետական այցով Կատարում էր։ Նա հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Կատարը 10 միլիարդ դոլար կներդնի իր մայրաքաղաք Դոհայից հարավ-արևմուտք գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազայում՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմական օբյեկտում: Ամերիկյան զորքերին ուղղված ելույթում Թրամփը նաև ասել էր, որ Կատարի կողմից ստորագրված պաշտպանական գնումները կազմում են 42 միլիարդ դոլար:




