ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Համադրել նորարարությունը՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին․ ԵՊՀ-ում հանդիպում են ներկա ու նախկին համալսարանականները

Մայր բուհում այսօր իր աշխատանքն է սկսել ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Մեկ հարկի տակ հավաքվել են նախկին ու ներկա համալսարանականները։ Նրանցից շատերն այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Կրթության նախարարը հատկանշական է համարել այն, որ միջոցառման բացումից անմիջապես հետո կառավարության նիստում հաստատվելու է «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին նոր օրենքի նախագիծը։ Այն կարևոր ռազմավարական փաստաթուղթ է ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ գիտության համար, ասել է նախարարը։

«Բարձրագույն կրթության ու գիտության» մասին նոր օրենքի նախագիծը գիտական կազմակերպությունների վաղվա օրվա մասին է՝ կարծում է ԿԳՄՍ նախարարը։ Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ բարեփոխման շուրջ քննարկումները, ոլորտային նոր օրենսդրություն մշակելու աշխատանքները սկսվել են 10 տարի առաջ։ Այժմ ներկայացված փաթեթում մեկտեղվել են գրեթե բոլոր դիտարկումները։ Համակարգային խնդիրներ կան ոլորտում՝ արձանագրում է Ժաննա Անդրեասյանը․

«Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևավորվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի՝ հաճախ որակի և մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև այժմ փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակին ու չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը»։

Չի գործում բարձրագույն եռաստիճան համակարգը՝ ոլորտի խնդիրներն է թվարկում նախարարը։ Խաթարված է նաև բուհ-հետազոտություն-տնտեսություն եռանկյունը։ Ոլորտի բազային ֆինանսավորման 73 տոկոսը ուղղվում է ակադեմիական համակարգ, բայց գիտական արդյունքի միայն 30 տոկոսն է, որ ներկայացնում է այս համակարգը։

«Ծերացմանը զուգընթաց, չնայած ունենում ենք մուտք գործող երիտասարդներ կառավարության՝ գիտությունը գրավիչ դարձնելու քաղաքականությամբ պայմանավորված, բայց սա ինստիտուցիոնալ սերնդափոխություն չէ, քանի որ գիտելիքի փոխանցումը ինստիտուցիոնալ չէ»։

Նախարարի խոսքով, առանձին կարգավորումներ են նախատեսում, որոնք միջագգային հեղինակավոր բուհերին կշահագրգռեն գործելու Հայաստանում։ Բայց այս պահին էլ բուհերի մեծ մասը նման համագործակցություն ունի։ ԵՊՀ-ն առաջատարների մեջ է։ Մայր բուհի շրջանավարտները մեկ հարթակում քննարկում են համագործակցությանը վերաբերող հարցեր։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումում են Հայաստանի նախագահը, ԿԳՄՍ, ԲՏԱ ու պաշտպանության նախարարները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծում է՝ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը նոր ավանդույթի մեկնարկ կդառնա, միավորելով համալսարանական համայնքը.

 «Այսօր մեր հասարակության և պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ, որոնց երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն կրթված, քննադատական մտածողությամբ, մասնագիտական, քաղաքացիական պատասխանատվությամբ հասարակության միջոցով»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախաձեռնությունը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր քայլ, ասում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք ձգտում ենք համադրել նորարարությունները և մեր ազգային ու ակադեմիական առաջնահերթությունները՝ հավատարիմ մնալով արժեքներին, բայց նաև բաց լինելով առաջընթացի համար»:

Շրջանավարտների ֆորումի գաղափարն առաջացավ, քանի որ համալսարանը միայն կրթության ու գիտության տարածք չէ, այն ապրող ու զարգացող համակարգ է՝ ամփոփում է պաշտպանության նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button