ԼուրերԿարևորՀասարակություն

Ստեղծել հանրային կառավարման բարեփոխումների խորհուրդ և հատուկ ստորաբաժանում․ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նոր զեկույցը

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնը վեցամսյա ուսումնասիրությամբ փորձել է պատասխանել հարցին, թե որ գործոններն են խոչընդոտում Հայաստանի հանրային կառավարման համակարգում արդյունավետ քաղաքականության ձևավորմանը։

Զեկույցի հեղինակ, «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Հովսեփ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ոչ միայն տեղական, այլև միջազգային գործընկերների հետ են ուսումնասիրել Հայաստանի փորձն ու վեր հանել հիմնական խնդիրները․

« Զեկույցի մեթոդաբանությունը հիմնված է թե՛ գրասենյակային հետազոտության վրա, թե՛ նաև մոտ 35 հարցազրույցների, որոնք արվել են թե՛ պետական պաշտոնյաների հետ՝ միջին օղակի և ցածր օղակի, թե քաղհասարակության ներկայացուցիչների, նաև՝ մեր գործընկերների, օրինակ՝ Վրաստանում, Մոլդովայում և Սերբիայում գտնվող վերլուծաբանների հետ, որոնք  նույնպես նման ուսումնասիրություն են անում։ Մենք փորձել ենք նրանց հետ հասկանալ, թե իրենց մոտ ինչպես է իրավիճակը, ինչպես են իրենք  գնահատում իրենց մոտ արվող բարեփոխումները»։

Հետազոտողները զրուցել են փոխվարչապետների գրասենյակների՝ հանրային կառավարմամբ զբաղվող պաշտոնյաների հետ, զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձել նաև նախարարությունների աշխատանքին։ Բաբայանն ասում է, որ ոչ բոլոր նախարարություններն են պատասխանել հետազոտողների գրավոր հարցերին, սակայն, նրա գնահատմամբ, գործադիրը հետաքրքրված է հանրային կառավարման ռազմավարության շուրջ բաց քննարկումներով․

«Շատ խնդիրներ կան փաստահեն քաղաքականությունների ձևավորման մասով։ Խոսքն այն մասին է, որ երբ  ինչ-որ ոլորտի խնդիրներ պետք է հասցեագրել ինչ-որ նախարարության, ապա նրանց թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ նաև շատ հաճախ մարդկային կարողությունները  չեն բավարարում, որպեսզի նրանք կարողանան ունենալ  ամբողջական վերլուծական տվյալներ, որպեսզի իրենց մշակած որոշումները, քաղաքականությունները, փոփոխությունները, որոնք  այդ կերպ հասցեագրում են, խնդիրները, լինեն հնարավորինս կամ առավելապես հիմնավորված»։

Զեկույցը ոչ միայն թվարկել է հանրային կառավարման հիմնական խոչընդոտները, այլև՝ լուծումներ առաջարկել։ Օրինակ՝ փաստահենքության ու հասցեագրման խնդիրների լուծման համար «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատողն առաջարկում է արհեստական բանականության կիրառումը։

«Մենք նաև ուսումնասիրել ենք օտար երկրների փորձը, ասել ենք, որ  արհեստական բանականության բաղադրիչը շատ օգտակար կլինի, եթե ինչ-որ կերպ կիրառվի։ Օրինակ, մենք նայել ենք Էստոնիայի փորձը, որտեղ հենց պետությունն ունի ինքն իր ստեղծած համակարգը, բայց այս դեպքում պարտադիր չէ՝ պետությունը ստեղծի, այն կարող է նաև օգտվել այլ ծառայությունից։ Այսինքն՝ եթե դու ունես ինչ-որ վերլուծական կարողությունների  կամ մարդուժի պակաս,  արհեստական բանականության միջոցով դու կարող ես  բացեր լրացնել՝ ապահովելով նվազագույնը ինչ-որ տվյալների վերլուծություն»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում   կարծիք է հայտնում, որ հանրային կառավարման բարեփոխման ամենակարևոր բաղադրիչը  մարդկային կապիտալի զարգացումն է․

«Որպեսզի մեր ռեֆորմները լինեն ժամանակին, թիրախային և արդյունավետ, պետք է մենք ունենանք էդ մարդկային կապիտալը՝ նույնիսկ կառավարության, հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ։ Մարդկային կապիտալի զարգացմամբ  պետք է ապահովենք համակարգերի զարգացումը, և էդ փուլում արհեստական բանականության ընձեռած հնարավորություններով և մեծ տվյալների վերլուծության արդյունքում ճիշտ որոշումներ կայացնելը, կարծում եմ, կարող է արդյունավետ լինել»։

Մկրտչյանի կարծիքով՝ Հայաստանում հանրային կառավարման լավ մասնագետներ կան, բայց տեխնոլոգիական արագ փոփոխությունների բերումով դեռ որոշ բացեր ունենք․

«Պետք է միշտ փորձենք ջանքեր գործադրել, որպեսզի այդ կապիտալը պահպանենք և հավելյալն ավելացնենք։ Բացեր, իհարկե, կան։ Կան որոշ ասպարեզներ, որտեղ մասնագետների կարիք ենք զգում, և էս առումով կարևորում եմ  միջազգային գործընկերների ներգրավվածությունը, որովհետև, կարծում եմ, որ նման մասշտաբի բարեփոխումների իրականացման ճանապարհին կարևոր է նաև հաշվի առնել ուրիշ երկրների փորձը»

Հետազոտողները գործադիրին առաջարկում են ստեղծել հանրային կառավարման բարեփոխումների խորհուրդ։ Այն պետք է սահմանի ոլորտի ռազմավարական ուղղությունները և ապահովի դրանց ուղղությամբ քայլերը։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ նման խորհրդի ստեղծումը նաև կընդգծի բարեփոխումների ճանապարհով գնալու կառավարության հանձնառությունը։ Հաջորդ կարևոր առաջարկը վարչապետի աշխատակազմում հատուկ ստորաբաժանման ստեղծումն է։ Այն պետք է ծառայի որպես Հանրային կառավարման բարեփոխումների խորհրդի քարտուղարություն և ապահովի ինստիտուցիոնալ հարցերի լուծումը, մասնավորապես, պաշտոնյաների բարձր հոսունության պայմաններում։ 

Գլխավոր լուսանկարում՝ զեկույցի հեղինակ Հովսեփ Բաբայանը

Կարդացեք նաև

Back to top button