
Վայոց ձորի Շատին գյուղի վերջնամասում՝ մարդկանց ու արջերի միջև որևէ կերպ չգծագրված սահմանին է արդեն մոտ 20 տարի ապրում Մելիք Մաթևոսյանը։ Նրա տունն արջերի «առաջին կանգառն» է․ մինչև գյուղ մտնելը կենդանիներն այս բնակավայրում ամենաշատը հենց այս տուն են այցելում։
Բեզոարյան այծերի շարժին հետևելու համար Մելիքն իր բակում դիտակայան է կառուցել, որտեղից կարելի է տեսնել արջերի և այծերի գոյության կռիվը, հետևել նոր ծնված ուլերի շարժին կամ դիտել, թե որտեղից ուր են գնում կենդանիները։ Մաթևոսյանի համար արջերի հարձակումների, այսպես ասենք, «առաջին գծում» ապրելը միաժամանակ վտանգավոր ու հաճելի, ադրենալին ապահովող փորձառություն է․
«Զավեշտ է, որ տեսնում ես՝ արջը հարձակվեց այծի վրա, այծը փախավ, ուլերին հոշոտեց․ բազմիցս տեսել եմ այդ պրոցեսը։ Հիմա սրանք արդեն անցնում են գյուղ, ես, քանի որ, այսպես ասած, առաջին պլանում եմ, առաջին հարձակումն ինձ վրա է, իմ տարածքի ուղղությամբ։ Ամեն ինչ ջարդում են։ Էն ներքևում էլ դեղձ չկա, արդեն գոյություն չունի․ ջարդեցին, վերացրին։ Ասեցինք` գյուղ է, գյուղացի ենք, մեղու պահենք մի քանի հատ, էդ էլ չհաջողվեց․ 4 հատ մեղու ունեի․ չկա, արդեն գոյություն չունի»։
Արջերի հետ ամենօրյա, բառի ուղիղ իմաստով, շփման շնորհիվ Մաթևոսյանն անգիր է արել կենդանիների բնավորությունը, գիտի՝ արջի հայացքը կամ շարժումն ինչ է նշանակում։ Վստահեցնում է, որ մեղմ վերաբերմունքի դեպքում կենդանին մարդուն չի վնասի։
«Ամենաշատը գյուղում ես եմ հանդիպում արջերին։ Էս թթի ծառն է․ գիշերով դուրս եմ գալիս, լույս եմ գցում վրան, ինքը նայում է սենց՝ արհամարհական, հետո գնում է՝ կողքերը նայելով։ 5-10 րոպե հետո նորից մոտենում եմ, ինքը այնտեղ է իր քոթոթներով։ Ես նաև վախեցնելու համար փորձել եմ օդ կրակել․ ինքը էդքան չի վախենում։ Եթե ես քար եմ գցում արջին, էդ քարի ընկնելու ձայնից ավելի է վախենում, քան հրացանի ձայնից, որովհետև ինքը վնաս չի զգում դրանից։ Ինքը ասում է` դե ձայն էր, էլի։ Հասկանո՞ւմ եք՝ արդեն շատ եմ մոտիկացել հետները»։

Մաթևոսյանն ասում է՝ ինքն արջի հետ այնքան է մտերմացել, որ վերջինս երկու անգամ բարձրացել է պատշգամբ, բայց չի վնասել իրեն։ Ինքն էլ գիտի՝ ինչպես ու ինչ տոնով գոռա, որ կենդանին հեռանա․
«Գիշերը 21։30-ից 22։00-ի սահմաններում էր․ ուշ աշուն էր։ Արջն այստեղ էր․ բավական մեծ արջ էր։ Նայեց ինձ, այնտեղից գոռացի վրան, եկավ անցավ մինչև այստեղ։ Ոնց որ արդեն չվախենամ՝ հասկանո՞ւմ եք․ իջա, գոռացի, գնաց»։
Երբ արջը մոտենում է տան բակում դրված գերզգայուն սարքին, զրուցակցիս հեռախոսն այդ մասին ծանուցում է։
Վայրի բնության պահպանման հիմնադրամի աշխատակիցները պարբերաբար այցելում են Մաթևոսյանին, փոխանցում անհրաժեշտ հմտություններ, զրուցում դիտակայանից նրա նկատած անցուդարձի մասին։ Մաթևոսյանն ասում է, որ վերջերս տարածքում քչացել են այծերը, փոխարենը՝ շատացել արջերը։ Թեև բազմիցս վնաս է կրել, երբեմն՝ զրկվել ողջ բերքից, բայց գիտի՝ արջին վնասել չի կարելի․
«Արջը հետաքրքիր բնավորություն ունի․ եթե ինքը հողամասում, այգում հայտնաբերում է վաղահաս խաղող, գալիս է այն ժամանակ, երբ խաղողը հասած է։ Ուրիշ բաների ձեռք չի տալիս․ գալիս է ուղիղ խաղողի մոտ և գիտի, որ էն խաղողը, որ էնտեղ դրել եմ, իմը չէ։ Չեմ հասցնում․ մինչև հասնի, արջն արդեն տանում է։ Եթե խաղողը լրիվ վերջանում է, նոր անցնում է խնձորի․ դե քաղցրությունը գիտի»։
Մարդ-արջ կոնֆլիկտում կողմերից ոչ մեկի մեղքն ավելի մեծ չէ՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ Մարդը, ի տարբերություն արջի, բանական էակ է և պետք է ոչ միայն չսպանի, այլև լուծի կոնֆլիկտը նվազագույն վնասով․
«Դե, ասենք, արջին սպանելը մեղք է․ ես չեմ ընդունում դա, չի կարելի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ արջը իր երեխաներին, չակերտավոր ասած, բերել է այստեղ, որպեսզի սնվեն․ այնտեղ ուտելու բան չկա։ Բերել է, որ սնվի իր երեխան, ու դու կրակես կամ սպանես, կամ վերևից հրահանգ տան նախարարությունից, թե՝ կրակեք»։

20 տարի առաջ, երբ գյուղի այլ հատվածից Մելիք Մաթևոսյանը եկավ՝ այս տանն ապրելու, ընտանիքի հետ խաղողի մեծ այգի հիմնեց․ «Արենի» սորտն էր աճեցնում։ Հիմա արջերը այգու հետքն անգամ չեն թողել, բայց ինքը գյուղից գնալու մասին երբևէ չի մտածել։ Այդտեղ ապրելու մոտիվացիան Մելիքի համար վտանգի ու հաճույքի ամենժամյա պարադոքսն է․
«Պատկերացրեք, որ դիմացդ բնություն է։ Ամեն օր, չակերտավոր ասած, ատում եք արջին, բայց ուզում եք նաև արջին տեսնել տարածքում․ այծերին տեսնելը մի ուրիշ հաճույք է։ Մի տեսակ հոգիդ թեթևանում է․ աղմուկ չկա, ծուխ չկա, փոշի չկա։ Տեղն այնքան լավ է, որ տարածքը լքելն անիմաստ է, թեկուզ արջը ոչինչ չթողնի այստեղ»։
Էլեկտրական հովիվների մասին լսել է զրուցակիցս, բայց դրանք իր այգու դեպքում անօգուտ է համարում։ Էլեկտրականությամբ աշխատող ցանկապատերը կփչանան, եթե դրանց բույս դիպչի։
«Դա նշանակում է, որ ամեն օր պետք է շրջեմ, որպեսզի հանկարծ մի հատ խոտ մի լարի չդիպչի։ Էդ չի աշխատելու, ես էլ այս տարիքիս արդեն ի վիճակի չեմ ամեն օր էդ գործողությունը կատարելու»։
Մի քանի տարի առաջ գյուղում արջ տեսնելն իրադարձություն էր։ Մաթևոսյանը մոտակայքում կենդանուն տեսնելիս զանգում էր ծանոթ-բարեկամներին, պատմում, կանչում տեսնելու։ Հիմա գյուղացիներին էլ արջ տեսնելու հնարավորությամբ չես զարմացնի․ նրանք ի միջի այլոց են պատմում, որ էլի արջ են տեսել, երբեմն էլ մոռանում՝ օրվա մեջ քանի անգամ ու որտեղ հանդիպեցին։




