ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Աշխարհը հետևում է ամենակարևոր ծխնելույզին․ Հռոմի պապի ընտրությունը շարունակվում է

Կաթոլիկ աշխարհը հետևում է Հռոմի 267-րդ պապի ընտրությանը։ Աշխարհի տարբեր երկրներից  Վատիկան են ժամանել 252 կարդինալներ, սակայն նրանցից միայն 133-ը կարող են քվեարկել պապի այս կամ այն թեկնածուի օգտին։ Դրանք այն հոգևորականներն են, որոնց տարիքը չի անցնում 80-ը։ Պատմությունը վկայում է, որ Հռոմի  պապի ընտրությունը կարող է օրեր, անգամ ամիսներ տևել։ 133 կարդինալներն ազատ են իրենց ընտրության մեջ, նրանք կարող են ընտրել կարդինալներից յուրաքանչյուրին, անգամ իրենք իրենց։ Հռոմի պապ ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։ Թե երբ կաթոլիկ աշխարհը նոր առաջնորդ կունենա, առայժմ հայտնի չէ։ Բայց այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20-ից հետո Սիքստինյան մատուռի ծխնելույզից բարձրացող ծուխը կազդարարի՝ նոր պապն ընտրվե՞լ է,  թե՞ ոչ։

Կաթոլիկ աշխարհի ուշադրության կենտրոնում Վատիկանի Սիքստինյան մատուռի ծխնելույզն է, որտեղից դուրս եկող սպիտակ կամ սև ծուխը կազդարարի 1.4 միլիարդ անդամ ունեցող եկեղեցու հաջորդ առաջնորդն ընտրվել է, թե՝ ոչ։ Հռոմի 267-րդ պապի հանդիսավոր, բայց նաև խիստ գաղտնի ընտրությունը մեկնարկել է մայիսի 7-ին։ Ընտրության առաջին օրը մոտենում է ավարտին, սակայն Հռոմի նոր պապի անունը դեռևս հայտնի չէ։ Հնարավոր է, որ կաթոլիկները նոր առաջնորդին դեռ երկար սպասեն․ դարեր շարունակ Հռոմի պապի ընտրությունը օրեր, նույնիսկ ամիսներ է տևել։

REUTERS

Աշխարհի տարբեր ծագերից Վատիկան ժամանած կարդինալները, հյուրերն ու 5000-ից ավելի հավատարմագրված լրագրողները առավոտյան նախ Սուրբ պատարագի են մասնակցել։ Պատարագը նախագահող կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն իր աղոթքում դիմել է կարդինալներին և խնդրել նրանց ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ թե անձնական, այլ համամարդկային շահով ու բարօրությամբ։

«Մենք այստեղ ենք՝ Սուրբ Հոգու օգնությունը խնդրելու, նրա լույսն ու զորությունը խնդրելու, որպեսզի ընտրված պապը լինի նա, ում կարիքն ունեն Եկեղեցին և մարդկությունը պատմության այս դժվարին և բարդ, շրջադարձային պահին»,-ասել է պատարագի նախագահողը։

Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն, սակայն քվեարկությանը չի մասնակցի, քանի որ արդեն 91 տարեկան է։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն նրանք, որոնց տարիքը չի անցնում 80-ը․ 252 կարդինալներից միայն 133-ն են այդ տարիքի։

Պատարագից հետո կարդինալները տաճարից քայլելով շարժվել են դեպի Սիքստինյան մատուռ, որտեղ սովորաբար տեղի է ունենում գաղտնի կոնկլավը՝ ապրիլին մահացած Ֆրանցիսկոս պապի իրավահաջորդին ընտրելու արարողությունը։ Սիքստինյան մատուռ մտնելուց հետո նրանք մինչև ընտրության ավարտն այլևս կապ չեն ունենա արտաքին աշխարհի հետ։

133 կարդինալները կարող են քվեարկել 40 թեկնածուներից այն կարդինալի օգտին, որին ցանկանում են տեսնել կաթոլիկ աշխարհի առաջնորդի գահին։ Մինչև ընտրության օրը կարդինալներին թեկնածուների մասին պատմող զեկույց են տրամադրել, որտեղ ներկայացվում են նրանց  մասին տեղեկություններ, այդ թվում՝ նրանց դիրքորոշումները կարևորագույն թեմաների շուրջ։ Չնայած դրան, կարդինալներից շատերը նախապես հայտարարել են, որ չեն կողմնորոշվում՝ ում ընտրել։

Չնայած յուրաքանչյուր կարդինալ կարող է պապ ընտրվել, միջազգային մամուլը մի քանի հիմնական թեկնածուների մասին է գրում․

  • Հռոմեացի 69-ամյա կարդինալ Զուպպին ամենահավանական թեկնածուներից մեկն է։ 2015 թվականին Ֆրանցիսկոս պապը  Զուպպիին նշանակել էր Բոլոնիայի արքեպիսկոպոս, որը կաթոլիկ եկեղեցու ամենաազդեցիկ պաշտոններից մեկն է, իսկ 2023 թվականին Զուպպին նշանակվել է Ուկրաինայի գործերով Ֆրանցիսկոս պապի խաղաղության դեսպան:
  • Ամերիկացիները երբեք Հռոմի պապ չեն եղել, բայց այս անգամ հավանական թեկնածուների թվում է նաև Չիկագոյում ծնված 69-ամյա կարդինալ Պրևոստը։ Նա իր կարիերայի սկզբում ծառայել է որպես միսիոներ Պերուում։ Այնուհետև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վատիկանում։
  • Վատիկանի 70-ամյա պետքարտուղար Պիետրո Պարոլին ևս հավանական թեկնածուներից է։ Նա համարվում է դիվանագիտության վարպետ. հենց նա է օգնել, որ Վատիկանը հարաբերություններ հաստատի Կուբայի և Չինաստանի հետ։
  • Հավանական թեկնածուներից  է նաև սևամորթ Փիթեր Թուրքսոն Գանայից։ 75 ամյա կարդինալը գիտնական է որը հայտնի է բնապահպանական և սոցիալական արդարության հարցերով իր գործունեությամբ: Այնուամենայնիվ, նշվում է, որ նրա հայացքները կարող են վախեցնել կարդինալների պահպանողական հատվածին։

Պապի ընտրությունը Սիքստինյան մատուռում մեկնարկել է Երևանի ժամով 18։30-ին։ Քվեարկությանը մասնակցող կարդինալների երդումից  և ավանդական «Էքստրա օմնես/ բոլորը դուրս» հրամանից հետո մատուռի ներսում մնացել են միայն ընտրության իրավունք ունեցողները։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում կոնկլավի ժամանակ, անհայտ է։ Այդ մասին տարբեր ժամանակներում նույնիսկ ֆիլմեր են նկարահանվել։  Հայտնի է, որ խստորեն վերահսկվում է կոնկլավի մասնակից կարդինալների ճաշացանկը, որպեսզի բացառվի, օրինակ, մթերքի կամ անձեռոցիկի միջոցով ինֆորմացիա տարածելը։

Ընտրական քվեաթերթիկներն ավանդաբար այրվում են։ Կրակը նետելուց առաջ դրանց հատուկ նյութ է ավելացվում, որն այրվելիս սպիտակ կամ սև ծուխ է արձակում՝ կախված ընտրության արդյունքից։ Ողջ կաթոլիկ աշխարհն այս պահին շարունակում է ուղիղ եթերում հետևել Սիքստինյան մատուռի ծխնելույզին։ Եթե սև ծուխ բարձրանա, ուրեմն պապը դեռ չի ընտրվել, և քվեարկությունը կշարունակվի հաջորդ օրը։ Սպիտակ ծուխն էլ կազդարարի, որ մոլորակի 1 միլիարդ 400 միլիոն կաթոլիկները նոր առաջնորդ ունեն։

Կարդացեք նաև

Back to top button