ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գյումրիի ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելը հարցեր է առաջացրել․ կողմերը խոսում են ճնշում գործադրել-չգործադրելու մասին

Գյումրիի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր վերջին նիստում քննարկել է «Մեր քաղաքը» դաշինքից ավագանու անդամ ընտրված Կարեն Բադալյանի ինքնաբացարկի դիմումը՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին:

Պարզ թվացող այս գործընթացը, սակայն, Գյումրի քաղաքում ու քաղաքական շրջանակներում մի շարք հարցեր է առաջացրել, մասնավորապես, ինչո՞ւ Բադալյանն այդպես անսպասելի որոշեց հրաժարվել մանդատից, որին հավակնում է, և հետո ինչո՞ւ նորից ցանկացավ հետ վերցնել դիմումը։

Ընդդիմադիր թևում կասկած ունեն, որ Կարեն Բադալյանի վրա ճնշում է եղել, իսկ իշխանական թևից, արձագանքելով նման խոսակցություններին, այդ մարդու հետ որևիցե կապ չունեն, իսկ գյումրեցուն թողել են իր ընտրության հետ։

Գյումրիում կայացած ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքից ավագանու անդամ ընտրված Կարեն Բադալյանի ինքնաբացարկի մասին հայտարարվել էր դեռ մայիսի երկուսին՝ ավագանու նիստում։ Ապրիլի 21-ին էր Կարեն Բադալյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարին, ինչին և, սահմանված ընթացակարգով ընթացք էր տրվել: Բայց 4 օր անց Կարեն Բադալյանի լիազոր ներկայացուցիչը խնդրել է դիմումին ընթացք չտալ՝ բացատրելով, որ ավագանու անդամը փոշմանել է:

Թիվ 31 ԸԸՀ-ի նախագահ Տիգրան Ղազարյանը մանրամասնում է․ «Համայնքի ղեկավարը Կարեն Բադալյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու դիմումը վերահասցեագրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Քանի որ էտ դիմումների քննարկումը մեր տիրույթում չէ, մենք էտ դիմումը հետ ենք ուղարկել մեր գրությամբ ու ասել ենք՝ դուք հիմա որոշեք՝ ձեր էն արձանագրությունն ուժի մե՞ջ է, թե ոչ: Մենք դա ամսի 29-ի առավոտյան մուտք ենք արել համայնքապետարան»։

Ըստ հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի՝ սա արտառոց իրավիճակ էր։ Ապրիլի 30-ին այս հարցով ԸԸՀ-ում նշանակված նիստը չի կայացել հանձնաժողովի անդամների չներկայանալու և քվորում չլինելու պատճառով և տեղափոխվել է մայիսի 5-ին: Այս անգամ հանձնաժողովի բոլոր անդամները նիստին ներկա են եղել։

Տիգրան Ղազարյան․ «ԸԸՀ-ն արձանագրում է, որ Գյումրի համայնքի ավագանու «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվում է «Մեր քաղաքը» կուսակցություններ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Լյովայի Միրզոյանին»։

Ինչո՞ւ ինքնաբացարկ հայտնեց ավագանու նորընտիր անդամ Կարեն Բադալյանը՝ հայտնի չէ: Իր քայլը նա հիմնավորել էր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, բայց թիմակիցներին նրա քայլն անակնկալի է բերել: «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը նշում է, որ ինքնաբացարկից հետո հանդիպել է Կարեն Բադալյանի հետ, զրուցել:

«Նախ իր որոշման վրա զարմացանք, որովհետև չէինք սպասում, հետո մի քիչ տխուր նոտայով արձագանքեցինք, ես անձամբ ասել եմ, որ գնում ենք աշխատելու մոտիվով, կաշխատենք, բայց տրամադրված էր վճռական։ Պատճառն անձնական է, հետո դիմումին ծանոթացա ինքս, որտեղ նշված էր, որ աշխատանք է ստացել, աշխատանքի առաջարկ»։

Այդ օրվանից դաշինքի անդամները Կարեն Բադալյանին չեն տեսել, հեռախոսով կապվել կամ հանդիպել չի հաջողվել: Լիզա Գասպարյանը կասկած ունի, որ նախկին թիմակիցը ճնշումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ իրարամերժ որոշումներ է կայացրել՝ նախ հրաժարվել է մանդատից, ապա որոշել ինքնաբացարկի դիմումը հետ վերցնել ու հանդես գալ որպես ավագանու անկախ անդամ: «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարն ասում է՝ իրենք վստահ են եղել, որ իրենց թիմից մանդատից հրաժարվողներ կամ այլ խմբակցությունների հետ ստվերային գործակցողներ չեն լինի: Հատկապես ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված թեկնածուներին ընտրել են բծախնդրորեն, բայց, ասում է, պարզվում է, որ Կարեն Բադալյանի դեպքում սխալվել են:

«Բնականաբար, քաղաքը փոքր է, լուրերն ու բամբասանքները շատ արագ են հասնում բոլորիս: Բնականաբար, քաղաքական թեմաներով ճնշումներ եղել են, բայց որ իր հեռախոսն անհասանելի է եղել և որևէ կերպ նա մեզ հետ կապ չի հաստատել, դա հաստատ է մինչև այս պահը»։

Գյումրիի ավագանիում կատարվող իրադարձություններին անդրադառնալով՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին հերքեց իշխանության հասցեին հնչող՝ «մանդատ գողանալու» մեղադրանքները՝ հիշեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ավագանիում ամենաշատ մանդատներ ունեցող խմբակցությունն է և վստահություն հայտնելով, որ այն շարունակելու է իր բնականոն աշխատանքը ՏԻՄ-ում:

«Ես այդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի, և, ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալու: Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները, վերջիվերջո, մենք էնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել և աննախադեպ ձայն ենք հավաքել՝ 2 անգամ շատ, քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ կամ չորորդ տեղը զբաղեցնողները, և շարունակում ենք աշխատանքը»։

Գյումրի քաղաքում ու քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկայում ավելի պարզ կդառնա՝ ինչ է տեղի ունեցել։ Իսկ մինչ այդ՝ Լիզա Գասպարյանը հայտարարում է՝ Գյումրիի ավագանու մյուս երեք ընդդիմադիր ուժերի հետ շարունակելու են աշխատել ավագանիում, իսկ առաջիկայում հանդես կգան նախագծերով ու նոր առաջարկներով: «Քաղաքացիական պայմանագրի» հետ գործակցություն ևս լինելու է՝ ի շահ Գյումրիի ու գյումրեցիների, բայց, ասում է, լինելու են զգոն։

Կարդացեք նաև

Back to top button