Դպրություն

Գործուղման կարգը՝ լուծո՞ւմ, թե՞ խնդիր դպրոցների տնօրենների համար․ «Դպրություն»

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին»  նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: 

  • Ո՞վ կարող է գործուղվել և ի՞նչ է առաջարկվում գործուղվող տնօրենին։
  • Նոր որոշումը կլուծի՞ խնդիրը, երբ նախարարությունն ինքը ինչ-որ մեկին գործուղի տնօրենի հաստիքի համար այս կամ այն դպրոց:

«Հարցը այնէ, որ մենք նախ խնդիր ենք ստեղծում, հետո այդ մեր ստեղծած խնդիրն իբր լուծում՝ առաջարկում ենք գործուղումը։ Կարող էր չստեղվծել այս խնդիրը, և այս գործուղման հարցն էլ չառաջանար։ Նախ, այնքան շատ թափուր տեղեր կան արդեն Հայաստանում, որ մարդը կարող է շատ հանգիստ դիմել հենց իր բնակավայրի դպրոցի թափուր տեղի համար, էլ ինչո՞ւ գործուղվի ինչ որ մի տեղ։ Այդ 60 հոգին, որ այսօր վերապատրաստվում են, տարբեր քաղաքներից և մարզերից են։ Իսկ Հայաստանում այսօր հարյուրավոր դպրոցներում տնօրեն չկա։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք մասնակցում են այդ ծրագրին, նրանց մեծ մասը ուզում է գործուղվել։ Վերապատրաստվող մարդկանց մեջ կան գործող տնօրեններ, ժամանակավոր պաշտոնակատարներ, այսինքն՝ նրանք այս պահին ինչ որ մի դպրոցում տնօրեն են արդեն։ Ինչո՞ւ պետք է մարդը ուզենա գնալ, գործուղվել մեկ ուրիշ մարզ որոշակի գումարի համար, եթե նա արդեն տնօրեն է, և լավ տնօրեն է։ Ինչո՞ւ»,– ասում է ԵՊՀ  դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Այո, եթե դպրոցը չունի ոչ մի հավակնորդ, պետք է գործուղել։ Բայց, եթե դպրոցը ունի թեկնածու ներսում, ունի տվյալ դպրոցի համար զարգացման ծրագիր գրած 2-3 հավակնորդ, նրանք չեն անցնում, գալիս է այդ դպրոց մի իքս անձնավորություն, որպես գործուղված։ Այսօր, այո հանրապետությունում կան դպրոցներ, որտեղ ոչ ոք չի դիմում։ Գործուղվող տնօրենի ընտրությունը կատարում է նախարարությունը և դա լոյալ է։ Հաշվի չեն առնվում կարողությունները։ Ես կարծում եմ գործուղված ուսուցիչները գոնե մեկ տարի պետք է աշխատեն, որ փորձ ձեռք բերեն։ Եվ, ամենակարևորը՝ գործուղված տնօրենը պետք է ընդունվի աշակերտական, ծնողական, ուսուցչական համայնքների կողմից, որ հաջողի իր հետագա գործունեության մեջ»,– ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի փորձագետ, վերապատրաստող Անահիտ Խոսրովյանը։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի փորձագետ, վերապատրաստող Անահիտ Խոսրովյանը և ԵՊՀ  դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button