Վերնատուն

Վավերագրական ֆիլմերի հաջողությունները պայմանավորված է սերնդափոխությամբ․ Արևիկ Ավանեսյան․ «Վերնատուն»

Հայաստանյան վավերագրական կինոյի զարգացումների ու տարածման հնարավորությունների մասին է խոսում պրոդյուսեր, դիստրիբյուտոր Արևիկ Ավանեսյանը։

Նա ասում է, որ մեր օրերում վավերագրական կինոյի հաջողությունները պայմանավորված են նրանով, որ մարդիկ սկսել են հետաքրքրվել իրականությամբ, իրենց պես սովորական մարդկանցով ու նրանց առօրյայով։

«Մենք այսօր շուրջ երեք տասնյակ լիամետրաժ վավերագրական ֆիլմեր ունենք, որոնցից յուրաքանչյուրը բավականին լուրջ հաջողություններ ունի։ Այսինքն՝ ինչ- որ շատ գլոբալ բան է փոխվել մեր լոկալ աշխարհում, և դա առաջին հերթին պայմանավորված է սերնդի փոփոխությամբ», – ասում է Արևիկ Ավանեսյանը։

Նշում է, որ անցյալում մեր ֆիլմերն հաջողություն չեն ունեցել, որովհետև ավելի շատ խոսել են անցյալի մասին։ Հիմա հայկական ֆիլմերում ավելի շատ է խոսվում ներկայից, խոսվում այն մասին, թե օրինակ՝ ինչպես է մարդու վրա այսօր ազդում այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ։

«Հիմա մեր հեղինակներն ու, մասնավորապես, կին հեղինակները շատ հետաքրքիր հայացք ունեն, որը բավականին խորն է ու համամարդկային»։

Արևիկ Ավանեսյանը պատմում է, որ մարզերի գրեթե բոլոր մշակույթի տներում ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպում, և վավերագրական ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն կա։ Ասում է՝ մի նախագիծ անելիս մենք ուզում ենք մի քայլ առաջ լինեք և ոչ թե երեք քայլ հետ։

Կարդացեք նաև

Back to top button