
Գյումրիի նորընտիր ավագանին այսօր երկրորդ նիստն է գումարել, որին առաջին անգամ մասնակցել է նաև ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն՝ իր 14 անդամներից 13-ով։ Նիստի օրակարգում եղել է 12 հարց։ Ավագանին ընտրել է մշտական 4 հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին։
Օրակարգում նաև համայնքի ղեկավարի երկու տեղակալների ընտրության հարցն էր։ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին և երկրորդ տեղակալներն ընտրվել են Կոմունիստական կուսակցությունից։ Նիստը նաև քաղաքական ակնարկներով ու հայտարարություններով է ուղեկցվել։
Գյումրիի ավագանու նիստի մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների տեղերը դահլիճում դատարկ էին։ Համայնքի ղեկավարը նախ տեղեկացրեց, որ ինքնաբացարկի դիմում է ստացել «Մեր քաղաքը» դաշինքից ավագանու մանդատ ստացած Կարեն Բադալյանից։
Նիստի մեկնարկից րոպեներ անց անսպասելիորեն դահլիճ մտան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները, զբաղեցրին իրենց տեղերն ու նիստը շարունակվեց։ Ավագանին առաջադրեց մշտական 4 հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածուների։ Ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման, Իրավական հարցերի հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագրից», ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Կոմունիստական կուսակցությունից էր, իսկ մշակույթի, կրթության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Մեր քաղաքը» դաշինքի կին թեկնածուն։
Հետո ավագանին անցավ համայնքի ղեկավարի տեղակալների ընտրությանը։ Դեռ նախընտրական շրջանում էր Վարդան Ղուկասյանը հայտարարել, որ այս առանցքային պաշտոնում առաջադրելու է իր դստեր ամուսնու` Ավետիս Առաքելյանի թեկնածությունը։ Կոմունիստական կուսակցության՝ սպայական կոչումով թեկնածուի հարցում ՔՊ-ն քվեարկեց ձեռնպահ, բայց Ավետիս Առաքելյանը 17 կողմ ձայնով ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ և ներկաներին խոստացավ իր ողջ ներուժը ներդնել քաղաքը զարգացնելու գործում։ Վարդան Ղուկասյանն էլ նշեց, որ իր փեսայի նկատմամբ առավել խիստ ու հետևողական է լինելու։
«Շնորհակալություն եմ հայտնում նախ տեր Աստծուն, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած ավագանիների բոլոր անդամներին, շնորհակալություն եմ հայտնում ձեզ պարոն քաղաքապետ վստահության և առաջադրելու համար։ Ամեն գիտելիքս, ջանքս ներդնելու եմ հանուն այս պատվաբեր պաշտոնի և հանուն մեր քաղաքի և գյումրեցիների»։
«Կապ չունի, որ Ավետիսն իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ, իրենից ավելի շատ, քան որևիցե մեկից։ Ինձ հետ աշխատելն էլ մի քիչ համ հեշտ է, համ դժվար է, ասեմ ։ Էնպես որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»։

Համայնքի ղեկավարի երկրորդ տեղակալի պաշտոնում առաջադրվեց, Կոմունիստական կուսակցությունից Գագիկ Մանուկյանը, ով Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած նախորդ շրջանում ևս շուրջ 10 տարի զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը։ Ընտրվելուց հետո նորընտիր համայնքի ղեկավարի տեղակալը շնորհակալություն հայտնեց հատկապես իր թեկնածությանը ձեռնպահ քվեարկածներին։
«Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես ձեռնպահներին, որ հետագայում կապացուցեմ իմ աշխատանքով ու էտ ձեռնպահությունը կդառնա կողմ։ Ավելի պարտավորեցնող է ձեր ձեռնպահ լինելը և ես ուրախ եմ ու շնորհակալ եմ բոլորից»։
Համայնքի ղեկավարի տեղակալների ընտրությամբ ավագանու նիստն ավարտվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այսուհետև մասնակցելու են, իր բնորոշմամբ, կարևոր բոլոր նիստերին ու լինելու են ավելի ակտիվ, տեր են կանգնելու գյումրեցու քվեներին։
«Բոլոր նիստերին մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել նաև մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրերում հայտարարած բոլոր կետեը բերելու ենք, հետևողական ենք լինելու որպեսզի իրականանան»։
Կոմունիստական կուսակցության հետ ներքին պայմանավորվածություններ չեն ունեցել, հանդիպումներ չեն եղել՝ նշեց Գյումրի համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Սարիկ Մինասյանը նշեց, որ իշխանությունն իրեն նոր պաշտոն չի առաջարկել, ինքը մնալու և ավագանու իր մանդատով ծառայելու է գյումրեցիներին։
«Քանի որ հիմա էստեղ եմ, ասել եմ, իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է»։
Ըստ Սարիկ Մինասյանի՝ Գյումրիում արտահերթ ընտրությունների հավանականություն կլինի միայն այն ժամանակ, երբ այս ձևաչափով ձևավորված իշխանությունում սկսեն ճաքեր առաջանալ, ու բախվեն անձնական և քաղաքական շահերը։ Բայց Մինասյանը նաև շեշտեց՝ իր և Վարդան Ղուկասյանի միջև թշնամանք չկա։
Հենց նիստի ավարտին Սարիկ Մինասյանն ու Վարդան Ղուկասյանը դահլիճում ողջագուրվեցին, իսկ հարցազրույցի ընթացքում էլ իր աշխատասենյակ բարձրացող Վարդան Ղուկասյանը լրագրողներին հորդորեց, իր իսկ խոսքով, «չնեղել» Մինասյանին, ինքն, ասաց, սատարում է նախկին մրցակցին։




