
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 26-28 արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության ու բարբառների պահպանության մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն 32 հեքիաթասացներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր բնակավայրերից: Տարիքային որևէ սահմանափակում չկա: Անցյալ տարի ամենակրտսեր հեքիաթասացը 6 տարեկան էր, ավագը՝ 90:
Այս շաբաթավերջին Հ. Թումանյանի թանգարանի շեմին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության ու բարբառների պահպանության մրցույթ-փառատոնը։ Բարբառների պահպանումը հեքիաթների միջոցով յուրահատուկ ազգապահպան քայլ է, որն ավանդաբար իրականացվում է սկզբից մարզային, այնուհետև եզրափակիչ փուլերով: Ի դեպ՝ որևէ տարիքային սահմանափակում չկա, նշում է Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավարՄարինե Ասատրյանը։
Հաղթողներին որոշում է մասնագիտական ժյուրին, որը հաշվի է առնում հեքիաթի բովանդակությունը և ներկայացման ձևը: Ամեն մի ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 5-6 րոպեն։ Զարմանալի է, բայց փաստ. այսօր էլ նոր հեքիաթներ են ծնվում ու պատմվում տարբեր տարիքի հեքիաթասացների կողմից: Ինչպես և Թումանյանի օրոք, դրանք գրի էն առնվում և հրապարակվում։
Առանձին մրցույթ է անցկացվում և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցած տարի փառատոնին մասնակցել են մեր երկրում տարբեր երկրների դեսպանները, որոնք հատվածաբար իրենց մայրենիով ներկայացրել են «Բարեկենդան» հեքիաթը:




