
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կոչ է անում կասեցնել Հանրային հեռարձակման ծառայության (PBS) և Ազգային հանրային ռադիոյի (NPR) բոլոր դաշնային ֆինանսավորումները։
Հինգշաբթի երեկոյան Թրամփը պնդել է, որ երկու կազմակերպություններն էլ զբաղվում են «տեղեկատվության կողմնակալ լուսաբանմամբ»։
Հրամանը հանձնարարում է Հանրային հեռարձակման կորպորացիայի խորհրդին, որը բաշխում է ֆինանսավորումը PBS և NPR կայաններին, «դադարեցնել ուղղակի ֆինանսավորումը» «օրենքով թույլատրված առավելագույն չափով»։
Ըստ հրամանագրի՝ խորհուրդը պետք է «հրաժարվի լրատվական կազմակերպություններին ապագա ֆինանսավորում տրամադրելուց»։
Սպիտակ տունը հայտարարել է, որ լրատվամիջոցների ֆինանսավորումը «ոչ միայն հնացած և ավելորդ է, այլև քայքայիչ է լրագրողական անկախության համար»։




