
Իսրայելի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով հայտարարվել է սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։ Հրդեհը սկսվել է չորեքշաբթի առավոտյան՝ Երուսաղեմի շրջակա բլուրներում, և մինչ այժմ մնում է վերահսկողությունից դուրս, հայտնում է BBC-ին։
Իսրայելի բոլոր փրկարարական ծառայությունները, ինչպես նաև Պաշտպանության բանակը ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ արձանագրվել է վեց ակտիվ հրդեհ, որոնց տարածման արագությունը պայմանավորված է ուժեղ քամիներով։ Ըստ կանխատեսումների՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին քամու արագությունը կբարձրանա՝ հասնելով մինչև 100 կմ/ժ-ի, և հնարավոր է փոխի ուղղությունը։
Երուսաղեմը, փոստացի, գտնվում է կրակե շրջափակման մեջ։ Քաղաքից ելքի համար միայն մեկ մայրուղի է մնում բաց, որի վրա գրանցվում են խցանումներ և մարդկանց կուտակումներ։ Մայրուղի 1-ը, որը կապում է Երուսաղեմը երկրի կենտրոնի հետ, ներկայում մասամբ փակ է։

Իսրայելի հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ սա երկրի պատմության մեջ ամենալայնածավալ հրդեհներից մեկն է։ Երուսաղեմի արվարձաններում՝ հրդեհի էպիկենտրոնում, արդեն տարհանվել է վեց բնակավայր։ 16 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Իսրայելին աջակցություն առաջարկած առաջին կողմերից մեկը Պաղեստինի ինքնավարությունն էր։ Ռամալլահի ղեկավարությունը հայտնել է, որ պաղեստինցի հրշեջները պատրաստ են միանալ հրդեհաշիջման աշխատանքներին իսրայելցի ծառայողների հետ միասին։ Վերջին տվյալներով՝ նման համագործակցություն արդեն ընթանում է Լատրունի և Կանադա Պարկի հատվածներում, որոնք գտնվում են Իսրայելի և Պաղեստինի տարածքների սահմանագծում։

Բեն Գուրիոնի օդանավակայանին մոտեցող հրդեհը կարող է տրանսպորտային կոլապսի պատճառ դառնալ
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Երուսաղեմի բլուրներում բռնկված հրդեհից առաջացած ծխի սև ամպը շարժվում է դեպի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայան։ Չնայած չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, արդեն իսկ մեկ թռիչքուղում տեսանելիությունը զգալիորեն նվազել է՝ իջնելով 100%-ից ցածր։
Օդանավակայանի ղեկավարությունը չի բացառել տրանսպորտային համակարգի կոլապսի ռիսկը, եթե կրակը շարունակի տարածվել դեպի Թել Ավիվ։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են Իսրայելի բոլոր փրկարարական ծառայությունները, հրշեջ և ռազմական ավիացիան, ինչպես նաև պաշտպանության բանակը։ Նրանց գործողությունները համակարգվում են արտակարգ իրավիճակների շտաբում, որտեղ արդեն ժամանել են բոլոր համապատասխան կառույցների ներկայացուցիչները։




