Արդեն100 տարի

Վահրամ Փափազյանի «Լինել թե չլինելը»՝ իտալերենով․ բացառիկ ձայնագրություն․ «Գրեթե 100 տարի»

1963 թվականին ռադիոյի երախտավորներից Գրիգոր Չալիկյանը հանդիպում է Վահրամ Փափազյանին և արձանագրում մեծ դերասանի մտքերը թատրոնի, նոր սերնդի, խաղացանկերի, մշակույթի նկատմամբ պետության վերաբերմունքի մասին:

Փափազյանը վստահ էր. նոր սերունդը ամեն ասպարեզում, նաև թատերական կյանքի համար, ոլորտի շարունակականության առհավատչյան է, և հայ բեմը նորից Սիրանույշներ կտա: Բայց անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդների կարգապահությունը, որոշ փոփոխություններ մտցնել ջահելների մասնագիտական դաստիարակության մեջ:

Վահրամ Փափազյանն իր խոսքում նշում է, որ, ցավոք սրտի, երբեք էլ կառավարությունները մշակույթին և արվեստներին առաջնային նշանակություն չեն տվել: Ոլորտը որպես կանոն    նվիրյալների անմնացորդ աշխատանքի շնորհիվ է գոյատևել: Այդ թվում՝ բեմարվեստը: 

Թատրոնը նախ խաղացանկ է: Ազգային թատրոնը պահանջում է նաև ազգային թատերգություն․ մի բան, որի ամուր հիմքերն իր ժամանակին դրեց Գաբրիել Սունդուկյանը:

Ի՞նչ պետք է բեմադրվի հայ բեմում: Արդյո՞ք դասական գործերը ժամանակի ընթացքում դառնում են ժամանակավրեպ, թե՞ դրանք պետք է լինեն թատրոնից անբաժան և բեմ բարձրանան նոր թատերգությունների հետ հերթագայությամբ:  

Թատրոնի վերաբերյալ հռչակավոր դերասանի մտորումներից բացի, ժապավենի վրա արձանագրված են Գրիգոր Չալիկյանի և Վահրամ Փափազյանի խոսակցության պատառիկներ: Եվ դրանք այսօր յուրատեսակ հմայք են տալիս այս ձայնագրությանը:  

Ձայնագրված է նաև Շեքսպիրի «Լինել թե չլինելը» իտալերենով՝ Վահրամ Փափազյանի կատարմամբ: Փափազյանը, որ սովորել էր Մխիթարյանների մոտ, ավարտել Միլանի թատերական ակադեմիան և խաղացել իտալական շատ բեմերում, հրաշալի տիրապետում էր այդ լեզվին: 

Կարդացեք նաև

Back to top button