ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի և ԵՄ արանքում․ պաշտոնական Երևանը հստակեցումներ է անում, ընդդիմությունը՝ միջնորդի կարիք տեսնում 

Ինչպե՞ս է հնարավոր զուգահեռ հարաբերություններ պահել Ռուսաստանի և ԵՄ հետ՝ ՀՀ վարչապետի՝ Էստոնիա կատարած այցի ընթացքում սա հետաքրքրել է նաև էստոնացիներին։ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հարց են ուղղել, թե ինչպես կարող է դեպի ԵՄ ձգտող երկրիը զուգահեռ մասնակցել Մոսկվայում կազմակերպվելիք շքերթին։ Եվրոպական և ռուսական ուղղությունների միջև հավասարակշռված հարաբերությունների հարցում թերահավատ են նաև հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները, որոնք քարոզչական նոր արշավ են սկսել՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կոնկրետ մի կողմի միջնորդի կարգավիճակը վերադարձնելու ակնարկով։ Այս բոլոր մոտեցումներն, ըստ Հայաստանի իշխանության, թյուրըմբռնումների հետևանք են և չեն արտացոլում այն իրական նպատակներն ու ծրագրերը, որոնք ունի պաշտոնական Երևանը։

Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպական Միություն․ այս հարցում Հայաստանի Հանրապետության հարաբերություններին առնչվող թյուրընկալումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել Էստոնիա կատարած պաշտոնական այցի ավարտին։

«Երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք, իմ կարծիքով,  ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Մեր մոտեցումն  է՝ մեծացնել և օգտագործել մեր ինքնիշխանությունը, մեր հարաբերությունները խորացնել բոլոր այն ուղղություններով, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ, և որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են»։  

Այս համատեքստում Էստոնիայի Հանրապետության վարչապետն առաջարկել է իր երկրի աջակցությունը ԵՄ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու հարցում։  Քրիստեն Միխալը հարկ է համարել ընդգծել, որ ԵՄ համար խիստ կարևոր են խաղաղությունն ու կայությունը Հարավային Կովկասում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս մոտ ժամկետում ևշեշտել՝ պետք է վճռականորեն աջակցեն տարածքային ամբողջականությանը։

«Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում։ Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Ես հավատացնում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին։ Սա է վկայում 20 տարվա մեր փորձը։ Եթե տեսնենք, թե ինչ է արդեն տեղի ունեցել, ինչ քայլեր են արդեն իսկ արվել՝ ազատվելու ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնելու սահմանային պաշտպանության հետ կապված։ Սա գիտակցված ընտրություն է՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ։ Ես կարծում եմ՝ սրանք սկզբունքային որոշումներ ու ընտրություն են։ Դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում։ Այն է, որ ոչ թե բարեփոխումներ են  հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ՝ էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը»։  

Ռուսաստանի և ԵՄ միջև ընտրության հարցը քննարկման թեմա է դարձել նաև  Հայաստանում։ Այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը, ի դեմս վարչապետի,  հաստատել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը և դեմ չէ ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու մասին համատեղ դիմումը, Հայաստանի ներսում նոր քննարկումներ են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ ներգրավելու անհրաժեշտության մասին։ Թեման շրջանառության մեջ դնողը ընդդիմությունն է, ընդ որում, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակեցնում է, թե հատկապես որ միջնորդն է իրենց համար առավել ընդունելի։

«Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ Արցախն ընդունում եմ Ադրբեջանի կազմում ու ռուսների հետ չի էլ բանակցում, տեղյակ էլ չի պահում։ Դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի՞ է այդպես վարվել։ Դրանով Ռուսաստանի՝ որպես միջնորդի աթոռը տակից վերցրել եք։ Հետո էլ պահանջում են, ասում են՝ ինչու սա չես արել, ինչու այն չես արել։ Այդ կարգի սխալներն ուղղակի այն սխալներն են, որոնց համար չափազանց բարձր գին  ես տալիս»։

Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորման նպատակադրման մասին Փաշինյանը մեկ անգամ չէ, որ շեշտել է։ Պատկերավոր լինելու համար Հայաստանի վարչապետն Էստոնիայում վստահեցրել է, որ եթե որևէ մեկը լսի տեղեկություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը շեղվել է իր ռազմավարությունից, պետք է իմանա՝ այդպիսի լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Ռազմավարությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, որից Հայաստանը չի կարող շեղվել,  խաղաղության օրակարգն է։ Վարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատում են ամենօրյա ռեժիմով, և այդ ռազմավարությամբ կառաջնորվեն այնքան ժամանակ, մինչև  խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղություն  հաստատվի։

«Մենք վճռական ենք՝ իրականացնելու մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը և հարևանների հետ առկա խնդիրները լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով»։

Թեև հայաստանյան ընդդիմությունը պնդում է, որ պատմության մեջ չկա հաջողված պատմություն, երբ որևէ հակամարտություն հանգուցալուծվել է առանց միջնորդի, Հայաստանի իշխանությունն ամեն դեպքում այս պարագայում ավելի արդյունավետ է համարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ շփումները։  

Կարդացեք նաև

Back to top button