ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արգելո՞ց, թե՞ հնավայր․ ԿԳՄՍ նախարարությունը սահմանման փոփոխություն է առաջարկում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո առաջարկում է «արգելոց»–ի փոխարեն «հնավայր» եզրույթը կիրառել։ Առաջարկը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Քննարվել է նաև «Մշակութային աճուրդի մասին» օրենքի նախագիծը։ Քննարկված նախագծերը ներառվել են ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։

Արգելո՞ց, թե՞ հնավայր․ԿԳՄՍ նախարարությունում ուսումնասիրել ու պարզել են, որ հնավայրը ավելի է համընկնում այժմ արգելոց համարվող տարածքների կարգավիճակին։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հստակացնում է․ արգելոցները հնավայր կոչելով՝ պահպանվում են բոլոր կանոնները, որոնք սահմանված են արգելոցի համար․

«Այսօր մեր օրենքում «արգելոց» երզրույթն է օգտագործվում, «հնավայր»–ը չի օգտագործվում։ Այժմ մենք փոխում ենք, ու կօգտագործվի «հնավայր»–ը։ Իտալիայում կամ Եվրոպայում «հնավայր» է։ Բացի այդ՝ «արգելոցը» արգելք պարունակող բառ է, իրականում պետք է ունենա որոշակի ռեժիմներ, ինչպես, օրինակ, Խոսրովի արգելոցն է։ Դրա համար այս փոփոխությանն ենք դիմում»։

Փոխնախարարն ընդգծում է, որ հասկացություններն են հստակացվում։ Այդ փոփոխությունը միայն օրենքով նախատեսված վայրերի մասին է՝ ասում է ու օրինակ բերում․ Գառնիի արգելոցը կդառանա Գառնիի հնավայր։

«Նույնիսկ տրամաբանությամբ հիմա արգելոց է, ուստի արգելող ռեժիմներ պետք է գործեն։ Բայց այն թանգարան է, մենք խրախուսում ենք, որ գան»։

Պեղումների մասին օրենք Հայաստանում չկա։ ԿԳՄՍՆ–ին կից համապատասխան հանձնաժողովն է որոշում ինչպես կարգավորել այդ հարցը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հստակացնում է․

«Հասկացությունների մեջ «հնավայր» եզրույթ չունենք․ արդյո՞ք  նպատակահարմար չէ այն ունենալը։ Բացի այդ՝ բոլոր արգելոցները, եթե հնավայրով ենք փոխարինում, արտացոլո՞ւմ է արդյոք արգելոցի այն բովանդակությունը, որը մինչև այժմ կար։ Ոչ բոլոր արգելոցներն են, իրենց ընկալմամբ, հնավայր։ Մենք ունենք Կումայրի պատմամշակությային արգելոց–թանգարան»։

Փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը բացատրում է՝ Կումայրիում էլ մուտքն ու ելքը արգելված չեն։ Խոստանում է, որ կուսումնասիրեն, կհասկանան ինչ անել։

ՀՀ–ն առաջիկայում նաև «Մշակութային աճուրդի մասին» օրենք կունենա։ Այդ կարգի օրենքներն աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։ Ընդգծում է՝ ՀՀ–ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ։ Պատգամավոր Լիլիթ Գալստյանն օրենսդրական կարգավորմանը համաձայն է, բայց մտահոգություններ ունի․

«ԱԺ է բերվել մի նախագիծ, որը բավարար հասունություն պետք է ունենա։ Ես թռուցիկ կերպով նայեցի, մի 17 լուրջ սխալ տեսա, դրանք այստեղ հասնելու իրավունք չպետք է ունենային»։

Փոխնախարարն այդ կարծիքին չէ։ Ըստ նրա՝ օրենքը պետք է թեթև լինի։ Հանձնաժողովում քննարկված նախագծերը ներառվել են ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։

Կարդացեք նաև

Back to top button