ԿարևորՀասարակություն

 Գյուղ, որտեղ սելավաջուրն է ոռոգման հիմնական հույսը. խորքային նոր հորերի կարիք կա

Արմավիր համայնքի Լուկաշին և Հացիկ բնակավայրերում` Արմավիրի մայրուղու հարևանությամբ գտնվող հողերը ոռոգման ջրի պատճառով չեն մշակվում: Լուկաշինում խնդիրը լուծվում է՝ ոռոգումը  սելավատարից  կփոխարինվի խորքային հորով, սակայն  Հացիկում դեռևս լուծում չկա: Շուրջ 100 հա հողերն ամայացումից փրկելու միակ հույսը նոր խորքային հորի հորատումն է:

Արմավիր համայնքի Լուկաշին բնակավայրում ոռոգման ջրի պատճառով շուրջ 70 հա հող գրեթե չի մշակվում: Համայնքը գտնվում է Արմավիրի մայրուղու հարևանությամբ: Տարածքի հողերի ոռոգման միակ հույսը սելավատարն է, որը ջրի հոսք ունենում է միայն գարնանը՝ հորդառատ անձրևների ու Ախուրյանի ջրամբարի լցվածության բերումով: Այդ հողերը ներկայում մասամբ դրվել են առվույտի մշակության տակ՝ ասում է վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանը.

«Մշակվել է, բայց շատ քիչ, Աստծո հույսին: Ուղղակի մարդիկ իմացել են, որ սելավատարի ջուրը կարող է մինչև հուլիս գա, բայց կարող է նաև  ջրամբարի ջուրը պակաս լինի, ու չտան: Սելավատարը շատ լայն է, երբ ջրամբարից  ջուր են բաց թողնում, 6-7 ժամ տևում է մինչև տեղ է հասնում, ու այդ ընթացքում  ջուրը շատ է  պակասում»:

Առատ տեղումների հետևանքով Ախուրյանի ջրամբարը գրեթե ամբողջությամբ հիմա լցված է, ջրի մակարդակը նվազեցնելու նպատակով  բաց են թողնում ջրանցքներ ու սելավատարներ: Սելավատարի ջուրն այս ընթացքում անվճար են տրամադրում գյուղացիներին, սակայն, ինչպես իրենք են ասում, սելավի հույսով հող չեն մշակի:

Լուկաշինում սեզոնին հողի ծարավը հագեցնում են խորքային 11 հորերի միջոցով: 70 հա հողերն անմշակ չթողնելու համար անհրաժեշտ էր  վերականգնել ևս մեկը: Համայնքի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյան.

«Սելավատարի մոտ գտնվող խորքային հորը զրոյից սարքվել է: Նախկինում հորը եղել է, ուղղակի հիմա  չկա: Մենք այնտեղ ամեն ինչ նորացրել ենք, ու հնից ոչինչ չկա, կահավորել ենք հենասյուներով, էլեկտրական լարերով, տրանսոֆորմատորով, պոմպով: Գնումներն արվել են, և ամենաուշը մինչև մայիսի կեսերը լրիվ կգործարկվի: Եթե ջուր չլինի Ախուրյանի ջրամբարում կամ գետում, Աստված չանի,  մենք այդ հորը կգործարկենք »:

Մինչև խորքային հորը վերականգնվի, գյուղացիները սկսել հողերը վարել ու նախապատրաստել ցանքին, առվույտի փոխարեն  կաղամբ ու լոլիկ են մշակելու:

 Հացիկ գյուղում ևս ոռոգման պատճառով  չի մշակվում Արմավիրի մայրուղու հարևանությամբ գտնվող շուրջ 100 հա հողատարածք: Խորհրդային տարիների խաղողի ու պտղի կանաչ այգիներից հիմա մնացել է չոր ու ամայի տարածք:

«Ջուր չկա, սովորական դատարկ հող է, բայց առաջ մշակել ենք. ցորեն ենք դրել, կաղամբ ենք դրել, հիմա ջրի պատճառով չի մշակվում»,- պատմում է գյուղացիներից մեկը:

Զրուցակիցս ասում է, որ այդ հողերն ավելի վաղ ոռոգվել են Արաքսից,  բայց արդեն երկար տարիներ ջուր չունեն, ու ստիպված են թողել հողերի մշակությունը: Հացիկի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանի խոսքով՝  խնդրի լուծումը  տարածքում խորքային հորի հորատումն է:

«Դաշտերի ոռոգման համար գոնե մի հատ հորատելու  կարիք կա: Արմավիր գնացող ճանապարհի եզրերի դաշտերը շատ վատ վիճակում են: Այդտեղ ջուր քիչ է լինում: Մարդիկ չեն կարողանում ջրել, մեկ-երկու անգամ ջրեն գարնանը թե չէ, ու  էլ չեն  ոռոգել»: 

Ընդերքի ջրային պաշարները խնայելու նպատակով՝ խորքային հորի  հորատման թույլտվություն չի տրվում:  Իսկ գյուղի պահուստային  խորքային հորը այդ տարածքից գրեթե 5 կմ հեռավորության վրա է: Հացիկում անցած տարի վերականգնվել է  խմելու ջրի մեկ խորքային հոր՝ ասում է Արթուր Եղիազարյանը:

«Մենք մի հատ խորքային հոր ունեինք, որի ջուրը պակասեց, չորացավ։ Մենք ստիպված մեկ ուրիշը վերականգնեցինք, որ կարողանայինք բնակիչների պահանջը բավարարել: Խմելու ջրի hոր է, բայց օգտագործում են որպես տեխնիկական ջուր: Մեր գյուղում էդ ջուրը չեն խմում, Թալինի ջուր են առնում»:

Հացիկը պտղաբուծական տնտեսություն է, գյուղի ոռոգելի հատվածում ծիրանի դեղձի, սալորի այգիներ են, իսկ խաղողի այգիներն էլ պակասել են վերջին տարիներին ցածր գնի պատճառով:           

Կարդացեք նաև

Back to top button