ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հարսանիքի բրինձը ստականներով էի հավաքում․ Զարինե Բաբայան․ «Կյանքին ասել այո՛»

Զարինե Բաբայանը ծնվել է 1975 թվականին Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ երաժիշտ է և բանասեր։ Աշխատանքային ուղին սկսել է Ստեփանակերտի մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոնում որպես խմբավար, տասներկու տարի աշխատել է տեղի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնում որպես գլխավոր մասնագետ։ 2022 թվականին Զարինե Բաբայանը  նշանակվել է  Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, ղեկավարել այն մինչև 2023-ի հոկտեմբերի մեկը։ 44-օրյա պատերազմի ընթացքում Զարինեի երկու որդիները՝ Սլավան ու Ռոբերտն առաջնագծի տարբեր հատվածներում էին։

«Օրերով չէին զանգում, որպեսզի չխելագարվեմ, գնացի կամավորական աշխատանքներ կատարելու։ Երբեք նկուղ չէի իջնում, մտածում էի՝ որդիներս բաց երկնքի տակ են։ Անկողնում չէի պառկում, պառկում էի գետնին»,-պատմում է Զարինեն։ Պատերազմից տղաները վերադարձան։ 2023-ի օգոստոսին, շրջափակման սուղ պայմաններում  կարողացան Ռոբերտի հարսանիքը կարզմակերպել։

Զարինեն ասում է․ «Հարսանիքի բրինձը ստականներով էի հավաքում»։ Հարսանիքից մոտ մեկ ամիս անց Ռոբերտը զոհվեց Հայկազովի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի ժամանակ։ Որդու կորստից ու բռնի տեղահանությունից մոտ երկու ամիս անց Զարինեի  նախաձեռնությամբ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Երևանում հանդես եկավ առաջին համերգով, որին հետևեցին ևս մի քանիսը մշակութային տարբեր օջախներում։ 2023-ին նշվեց նաև դպրոցի 85-ամյակը։  Բազմավաստակ  դպրոցի շարունակականությունն ապահովելն այսօր Զարինեի նպատակն է։ Իսկ ապրելու և կենցաղային հարցերը լուծելուն այս պահին օգնում են  մեր հերոսուհու «քաղցր ձեռքերը»։ Փոքրիկ  բիզնեսում Զարինեն փորձում է միավորել  արցախյան մշակույթն ու խոհանոցը։

Կարդացեք նաև

Back to top button