ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սյունիքում վախի մթնոլորտ չկա․ նոր բնակարաններ՝ Գորիսում ապրող 18 ընտանիքի

Գորիս համայնքի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ, վերջին տարիներին կառուցվել և վերակառուցվել է շուրջ 60 բնակարան՝ նպաստելով բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Նախօրեին Գորիս քաղաքում հերթական սոցիալական ծրագիրն է կյանքի կոչվել։ 18 ընտանիք ստացել է նոր բնակարանների բանալիներ։

Գորիս համայնքի 18 ընտանիք այսուհետև կապրի հարմարավետ բնակարաններում։ «Սոցիալական տուն»՝ այսպես է կոչվում ծրագիրը, որի մասնակիցները միայնակ մայրեր են, բազմազավակ ընտանիքներ, Արցախից տեղահանվածներ, համայնքի զարգացման տարբեր ոլորտներում իրենց ներդրումն ունեցած գորիսեցիներ, որոնք վարձով էին ապրում։ Զրուցակիցներս բնակարան ստացողներից են։

«Տեղափոխվել ենք Ստեփանակերտ քաղաքից, արդեն 2-րդ տարին է՝ տարբեր բնակարաններում վարձով էինք ապրում, վերջապես մեր իղձը կատարվեց, ստացանք քաղաքապետարանից տված բնակարանը»։

«Ուղիղ 37 տարի սպասել եմ այսօրվան, ուրախությունս ու հուզմունքս խառնվել է իրար»։

Գորիսի կոմունալ տնտեսության երեքհարկանի շենքը հիմնանորոգվել է՝ վերափոխվելով մեկ, երկու, երեք սենյականոց բնակարանների։ Ծրագրի ընդհանուր արժեքը 200 մլն դրամ է։ Այն հնարավոր եղավ իրականացնել պետության և միջազգային կառույցների համագործակցության արդյունքում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը տրամադրել է 60 մլն դրամ, իսկ բնակարանների խոհանոցները կահավորվել են «Ակտետ» միջազգային կառույցի աջակցությամբ։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյան․ «18 ընտանիք ստացան բնակարան, 8 տարվա մեջ 60 բնակարան ենք տվել մեր քույրերին ու եղբայրներին ինչպես սահմանամերձ բնակավայրերում, այնպես էլ Գորիս քաղաքում։ Առաջիկայում պլանավորում ենք 40 նոր բնակարանի կառուցումը, նախագիծն արդեն պատրաստ է։ Պլանավորվում է ևս 60 բնակարանի նախագիծ, որոնց տենդերները կհայտարարվեն այս տարի, ու Աստծո կամոք 2026-ին կյանքի կկոչվեն»։

Սյունիքի մարզպետը, Տաթևի հոգևոր հայրը, Մեղրիի, Գորիսի, Տաթևի համայնքապետերն են շնորհավորում ու հանդիսավորությամբ բանալիները հանձնում հասցեատերերին։ «Գորիսը մարզի բոլոր համայնքներից առանձնանում է բնակարանաշինության տարբեր ծրագրերով»՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Գորիսն ամենաակտիվ համայնքն է, որտեղ բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում։ Շուրջ երեք-չորս տարի առաջ Գորիս համայնքում սկսել ենք մասնակցել բնակարանաշինության տարբեր ծրագրերի»։

Տաթևի հոգևոր հայր Սահակ Վարդապետ Շաքարյանն օրհնում է բնակարան ստացողներին ու հորդորում.

«Եվ երբեք չընկրկենք, չվախենանք։ Մենք սահմանին մոտ ենք, հայոց անցյալն արյունոտ է եղել, արցունքախառն է եղել, այսօր էլ կան վտանգներ, սակայն մենք չենք վախենում ոչ ոքից։ Չենք վախենում, որովհետև հավատում ենք հայոց պայծառ ապագային»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև վերջին օրերին հակառակորդի կողմից մարզի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորմանը։ Նրա խոսքով՝ կրակոցները գիշերվա ժամերին են լինում։

«Շատ վատ է, որ կրակում են, որովհետև դա իրականում խնդիր է նաև մարզի դիմադրողականության իմաստով։ Բայց մյուս կողմից մենք այսպիսի միջոցառումներ ենք անում, որ մարզը հանկարծ ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի։ Հույս ունենք, որ շատ կարճ ապագայում այս խնդիրը կլուծվի»։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ Սյունիքում վախի մթնոլորտ չկա, ինչպես որոշ լրատվամիջոցներ են հայտարարում։

«Հավաստիացնում եմ, որ ոչ մի երեխա, ոչ մի ծեր, ոչ մի կին, ոչ մի տղամարդ վախի մթնոլորտում չի։ Ես, որպես հայ մարդ, ամաչում եմ, որ լրատվամիջոցներն այս ձև են բնութագրում, որ որևէ գյուղում կրակոց կա, մարդիկ վախենում են։ Ումի՞ց ենք վախենում։ Մենք արմեններ ենք, ո՞նց կարող ենք վախենալ առհասարակ։ Մենք ուխտ ունենք արած ընկերների հետ, որ ցանկացած իրավիճակում մնալու ենք մինչև վերջ, էս հողին ենք մեր կյանքը տալու և էստեղից դուրս չենք գալու»։

Բացի բնակարանամուտից՝ նույն օրը Գորիսում կազմակերպվեց «Գուսանական երգի փառատոն»՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան տարեդարձին։ Գուսանական երգ-երաժշտության ներքո «Սյունիքի մարզպետի գավաթ»-ի համար բազկամարտում իրենց ուժերը չափեցին մարզի բաց առաջնության 100-ից ավելի մարզիկներ։

Կարդացեք նաև

Back to top button