Շաբաթ օրը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը՝ բազմաթիվ երկրների պետական ներկայացուցիչների, քրիստոնեական համայնքների առաջնորդների և տարբեր կրոնական պատվիրակությունների մասնակցությամբ։
Արարողությունը մեկնարկեց թափորով, որի ընթացքում Պապական 14 աթոռակիրներ Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական խորանից դուրս բերեցին Ֆրանցիսկոս Պապի դագաղը և տեղափոխեցին հրապարակ՝ տեղադրելով այն կենտրոնական խորանի առջև։ Հավաքված բազմահազար ուխտավորները, ծափողջյուններով, ողջունեցին դագաղի անցումը։

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված էին հավատացյալներ, և մեծ էկրաններ էին տեղադրված նաև Վիա դելլա Կոնչիլիացիոնե պողոտայում ու Հռոմի այլ վայրերում, այդ թվում՝ Սանտա Մարիա Մաջորե տաճարի մոտ, որտեղ ավելի ուշ տեղափոխվեց Պապի աճյունը՝ ըստ Ֆրանցիսկոսի ցանկության։
Սա շեղում էր ավանդույթից, ըստ որի՝ քահանայապետերը սովորաբար թաղվում են Սուրբ Պետրոսի բազիլիկայի հարակից դամբարանում։
«Մի մոռացեք աղոթել ինձ համար»․ սա էր Ֆրանցիսկոս Պապի մշտական խնդրանքն իր ամբողջ քահանայապետության ընթացքում, որն արձագանք գտավ նրա հուղարկավորության օրը. աշխարհից եկած ուխտավորները համախմբվեցին վերջին հրաժեշտը տալու և աղոթելու համար։


Սուրբ պատարագը և հուղարկավորության կարգը գլխավորեց Կարդինալական դասի ավագ Կարդինալ Ջովաննի Բատտիստա Ռեն։ Դագաղի վրա դրվեց Ավետարանը, իսկ կարդինալները, պատրիարքները և համապատարագող հոգևորականները մուտք գործեցին հրապարակ։ Սուրբ Պատարագին մասնակցում էին շուրջ 220 կարդինալ, 750 եպիսկոպոս և քահանա, ինչպես նաև Արեւելյան եկեղեցիների պատրիարքներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկե հայրապետ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը։

Պատարագի ավարտին տեղի ունեցավ հուղարկավորության հատուկ կարգ։ Հռոմի թեմի ներկայացուցիչը և Արեւելյան եկեղեցիների պատրիարքները աղոթք բարձրացրին Աստծուց հավիտենական հանգիստ խնդրելով Ֆրանցիսկոսի հոգու համար։
Դրանից հետո Կարդինալ Ռեն օրհնեց դագաղը օրհնյալ ջրով և խունկով՝ հանձնելով Պապին Աստծո անսահման ողորմությանը։

Արարողության ավարտից հետո Ֆրանցիսկոս Պապի դագաղը թափորով տեղափոխվեց Սուրբ Պետրոսի տաճար, այնուհետև՝ Սանտա Մարիա Մաջորե տաճար, որտեղ էլ կհանգչի ըստ իր կտակի։






