
Ցեղասպանության զարհուրելի տեսարաններին ականատես է եղել Աշխեն Մարտիրոսյանի տատը՝ Շողիկ Կիրակոսյանը, Սասուն գավառի Սեմալ գյուղի 19 փրկվածներից միակ աղջիկը: Շողիկի թոռնուհի Աշխենի հետ զրուցել և տատից նրանց հասած պատմությունները լսել է Արմավիրի մեր թղթակից Սաթիկ Իսահակյանը։
Աշխեն Մարտիրոսյանի նախնիները Սասուն գավառի Շատախի շրջանի Սեմալ գյուղից են: Սերում է իշխանական տոհմից: Ըստ տեղեկությունների՝ մինչև Ցեղասպանությունը Սեմալում ապրել է շուրջ 900 մարդ, բոլորն էլ` հայեր: Ցեղասպանությունից փրկվել է ընդամենը 19 մարդ, նրանց թվում՝ Աշխենի տատ Շողիկ Կիրակոսյանը: 14-ամյա աղջիկն անցել է արհավիրքի միջով, փրկվել, բայց նրա հիշողության մեջ դաջված են մնացել Ցեղասպանության ու գաղթի տեսարանները: Աշխեն Մարտիրոսյանն է պատմում.

«Տատս անընդհատ պատմում էր. ինքը ընդամենը 14 տարեկան էր, երբ սկսվում է գյուղի կոտորածը: Մայրը մեկ տարեկան փոքր քրոջը տալիս է տատիկիս, ասում՝ էս փոքրին դու շալակի, 5 տարեկան Սմբատի ձեռքն էլ բռնի, իսկ մայրը՝ երկու տարեկան քրոջն ու 12 տարեկան Ռուբենին: Ժողովուրդը դուրս է գալիս գյուղից, Սասունի երկու կողմում էլ խիտ անտառ էր»:
Գաղթի ճանապարհի մասին տատի պատմածները կինոժապավենի նման անցնում են Աշխենի աչքի առջևով և, հուզմունքը զսպելով, շարունակում է պատմությունը.

«Ամեն անգամ պատմելիս տատս շատ ծանր ապրումներ էր ունենում, ասում էր՝ լաո, ըդի կռիվ չէր, ըդի Սոդոմ Գոմոր էր, մերը մանուկն իր մոռցի, մոռցիր ին իմ ու քուն, լաո»:
Ցեղասպանության ժամանակ թուրքերը մարդկանց ողջակիզել են ազգային երաժշտության տակ: Սասունցիներն այդ օրվանից չեն պարում «Յուրի, յուրի յաման» պարը՝ ասում է Աշխենն ու վերհիշում նվագը.

«Բաժակները շխկշխկացնում են, ոտքերն էլ աջ ու ձախ օվալաձև շարժում: Այսօր էլ ես չեմ ուզում ասել այդ երգը, բայց ուզում եմ, որ իմանան, թե ինչու չի երգվում այս երգը, որովհետև այդ երգի տակ կոտորել են հայ կանանց ու աղջիկներին: Ստիպել են նրանց պարել ու պարելով լցրել մարագն ու վառել»:
Սասունցիները ոչ միայն չեն պարում այդ պարը, այլև չեն նշում Վարդավառը. ասում են՝ Սասունի կոտորածը սկսվել է Վարդավառի գիշերը:

Աշխենի նախնիները գյուղում ճանաչված մարդիկ են եղել. Շողիկի հորեղբայր Մանուկ Շառոյանը գրագիր է եղել՝ Սասունի ներկայացուցիչը թուրքական խորհրդարանում: Տատի գերդաստանից միայն երկու հորեղբայրներն ու եղբայրն են փրկվել Ցեղասպանությունից: Սեմալցի տղամարդիկ ապստամբության ժամանակ թաքնվել են Անդոկ սարում, իսկ ազատություն հայտարարելուց հետո դարձել խաբեության զոհ ու սպանվել: Սասունի Սեմալ գյուղից 19 փրկվածների մեջ Շողիկ Կիրակոսյանը միակ աղջիկն էր: Նրանք իրենց առջև խնդիր են դրել՝ շարունակել տոհմը և ժառանգներ ունենալ: Շողիկին ամուսնացնում են իշխան Գուրգենի որդու՝ Սաղաթելի հետ, որն իրենց 64-հոգանոց գերդաստանից երկու փրկվածներից մեկն էր։

«1904թ-ին, Սասունի ապստամբությունից հետո իշխան Գուրգենին ստիպում են, որ գնա հանձնվի, որպեսզի չայրեն Սասունի Շենիկ, Սեմալ ու Գըլըգյոզան երեք գյուղերը: Գնում հանձնվում է, բայց Գոգեին տանում են Բաղեշ՝Բիթլիս ու կախում»:
Գաղթելուց հետո սեմալցիները հաստատվել են Ուջանում, Ագարակում և Իրինդում: Աշխենի հայրը տարիներ անց իրականացրել է վաղեմի երազանքը, գնացել Սասուն, տեսել Սեմալ գյուղի իր հայրական տունը, հանդիպել ծպտյալ հայերի հետ ու գտել քրդացած ազգակցականին՝ Սրբուհուն: Սեմալցիների պատմությունն ամբողջացված է Սասուն Մարտիրոսյանի «Սասունը Սեմալում» փաստավավերագրական գրքում:

Աշխենը Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին մոմ է վառում ու ասում՝
«Ապրիլի 24-ը ծանր հիշողությունների օր է, ինձ համար ցավի, վշտի օր, որտեղ նաև վերածննդի շող կա»:
Իսկ հույսի շող միշտ կա. Շողիկի ընտանիքում համազգային սգի օրը նորածնի ճիչ է լսվել. տոհմի շառավիղը շարունակվում է:




