ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նոր առաջնահերթություններ՝ 110 տարի անց․ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում՝ փոխադարձ մեղադրանքներով

Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին քաղաքական բանավեճերում առանցքային է պաշտոնական Երևանի որդեգրած արտաքին քաղաքականությունը, որի առաջնահերթություններից այլևս չի դիտարկվում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Որ Ցեղասպանությունն անհերքելի փաստ է՝ քանիցս ընդգծել են թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Հայաստանի իշխանության համար միաժամանակ ընդունելի չէ, երբ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը ներկայացվում է որպես «ուրացում» կամ «մերժում»։ Սա Փաշինյանը վերջերս հստակեցրել էր նաև թուրք լրագրողների հետ զրույցում՝ այս համատեքստում նաև ընդգծելով, որ տարածաշրջանում ստեղծվել է կայունություն և խաղաղություն հաստատելու եզակի հնարավորություն, որից, որպես վարչապետ, ինքը կցանկանար օգտվել։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝  քաղաքական և հանրային շրջանակներում սկսվեց ծանր խոսակցություն, որի նախաձեռնողը հենց իշխանությունն էր՝ տարածաշրջանային խաղաղության հաստատման ծրագիրը կյանքի կոչելու անհրաժեշտությունից ելնելով։ Թեման թեժացրեց Փաշինյանի ձևակերպումը, որ պետք է մեկ անգամ ևս ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է կատարվել և ինչու։ Որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանում բոլորի համար անհերքելի փաստ է՝ Փաշինյանը հաջորդիվ շեշտեց հենց թուրք լրագրողների հետ հարցազրույցում։ Իսկ իշխող ուժի ձևակերպումը, որ պետությունը փոխել է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և որ Ցեղասպանության ճանաչումը դրանց շարքում չէ, հիմք տվեց  ծանր դեբատների  շրջանակում մի կողմից խոսելու «պատմության դասերի» և մյուս կողմից «ուրացման» կամ «մերժման» մասին։

Այս հարցում իրարամերժ հայտարարությունները և առճակատումներն առանձնակիորեն դրսևորվում են հանրապետության այսպես ասենք «թիվ մեկ» հարթակում՝ ԱԺ-ում։ Դա օրերս դրսևորվել էր անգամ աղմկահարույց միջադեպով և փոխադարձ մեղադրանքներով։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և իշխող մեծամասնությունից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տեսակետներն այս հարցում տրամագծորեն տարբեր են։

Քրիստինե Վարդանյան․ «Որևէ մեկը Հայաստանում որևէ ուժի չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու մեջ ։Մեղադրանքն այն է՝ ինչո՞ւ եք իրենց բոլոր նախապայմանները կատարում, ինչո՞ւ եք միակողմանի զիջումներ իրականացնում։ Հասել ենք այն կետին, որ փաստացի ուղղակի Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու հայտարարություններ են եղել»։

Արթուր Հովհաննիսյան․ «Մի իշխանության, ում օրոք ԱՄՆ–ն ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն բառն է արտաբերում, գալիս եք, մեզ փորձում եք ուղղել մեղադրանքներ։ Կոչ եմ անում մոտ չգալ ցեղասպանության թեմային և դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք։ Մեր արձագանքը շատ խիստ է լինելու այս թեմային, որովհետև այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման ենթակա չէ այլևս,  սակարկման ենթակա չէ որևէ կերպ»։

Հայաստանի իշխանությունը քանիցս հիմնավորել է, թե ինչու այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Տարբեր ենթաշերտերից առաջինով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը առանձնացնում է պարզ աշխարհագրությունը․

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող փոխել իր աշխարհագրությունը։ Հայաստանի Հանրապետությունը պիտի հավերժ լինի, և հավերժ լինի այս տարածաշրջանում, և որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հավերժ լինի այս տարածաշրջանում, Հայաստանի Հանրապետությունը պիտի կարողանա համակեցության որևէ ֆորմուլա ձևավորել այս հարևանության շրջանակներում»։

Սահմանվող նոր բանաձևի շրջանակում  վարչապետ Փաշինյանն առաջարկում է հասկանալ ու նաև տարանջատել, իր իսկ ձևակերպմամբ, հեռու և մոտ քաղաքականությունները։

«Երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք, հաջորդ պահին հարց է ծագում՝ իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում, երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք  նոր լարվածություններ։ Այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ»։

Այս տարվա ապրիլ 24–յան ուղերձով վարչապետ Փաշինյանը սահմանում է, մեջբերում, «սահմանազատված ու սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը»։

Ցեղասպանության 110–րդ տարիլիցին ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունը նաև փորձեց երկխոսել Թուրքիայի հանրության հետ՝ այս փուլում ԶԼՄ–ներին տրվող հարցազրույցների միջոցով։ Դրանցից մեկի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․

«Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Ոչ ոք դա մենակ չի կարող անել։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա»։

Իսկ ապագայում տեղ կա ոչ միայն հիշատակի, այլև պահանջատիրության․ համոզված են միջազգային կազմակերպություններում։ Այս ապրիլի սկզբին Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ մի քանի խոշոր նախաձեռնություն եղավ։

Դրանցից մեկով, մասնավորապես, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հանդես եկան Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Հայոց Ցեղասպանության թեմայով կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ստեղծմանը, որպեսզի ԱՄՆ-ի ողջ տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ իրականացված անպատիժ հանցագործության պատճառների, հետևանքների և  քաղած դասերի մասին։ 

Մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդարանը, որի լիագումար նիստի շրջանակում անցկացվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում։

Ի դեպ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն մեկն է այն համոզմունքն ունեցողներից, ում դիրքորոշմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։

Կարդացեք նաև

Back to top button