ԿարևորՀասարակություն

Որտեղ չկա հիշողություն, նշանակում է՝ չարը դեռ բաց է պահում վերքը. Հռոմի Պապը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, երբ աշխարհը սգում է հայասեր Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մահը, vaticannews-ը հիշեցնում է 2015 թվականի ապրիլի 12-ին, Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Սրբազան Պապի հանդիսապետությամբ մատուցված պատարագը, որի ընթացքում նա դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը՝ անվանելով այն «քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն»։

Սրբազան Պապն իր քարոզում նշել էր․ «Որտեղ հիշողություն չկա, նշանակում է՝ չարը դեռ բաց է պահում վերքը։ Իսկ չարը թաքցնելը կամ ժխտելը նման է բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել»։

Ֆրանցիսկոս Պապն ընդգծել էր՝ ցեղասպանության ժխտումը և մոռացումը ինքնին նորանոր ցավի պատճառ են դառնում, և մարդկության վրա մնում է վերհիշելու, ճանաչելու և դատապարտելու այդ ոճիրը։

Նա նաև շեշտել էր․ «Ձեր ժողովուրդը, Քրիստոսի լույսով և նրա շնորհով լուսավորված, հաղթահարեց բազմաթիվ փորձություններ ու տառապանքներ՝ ոգեշնչված այն հույսից, որը գալիս է Խաչից»,-հավելելով, որ անցյալի ողբերգությունները հիշելը պարտականություն է ոչ միայն հայ ժողովրդի և Տիեզերական Եկեղեցու, այլ ամբողջ մարդկության համար, որպեսզի ապագայում կանխվեն նմանատիպ սարսափելի հանցագործությունները։

Ֆրանցիսկոս Պապը 2015-ի այդ պատմական պատարագի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Եկեղեցու Տիեզերական վարդապետ, այդ կերպ ընդգծելով հայ ժողովրդի հոգևոր ժառանգության կարևորությունը ողջ աշխարհում։

Նա կոչ էր արել բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին՝ դիմակայելու արդի անարդարություններին, բռնություններին ու ոճրագործություններին առանց երկիմաստության կամ քաղաքական փոխզիջումների։

Ֆրանցիսկոս Պապի խոսքն ամփոփվեց սրտաբուխ ուղերձով՝
«Հիշել մեր նախնիների կրած հալածանքները ոչ միայն անհրաժեշտություն է, այլ՝ պարտավորություն»։

Սուրբ Պապը նաև արտահայտել էր իր սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ, որը առաջինն էր, որ հաշտվեց Խաչի հետ և հավատարիմ մնաց ճշմարտությանը՝ քայլելով Գողգոթայի ճանապարհով։

Փառք ու հիշատակ մեր սուրբ նահատակներին։ Հարգանք և խոնարհում հայասեր Ֆրանցիսկոս Պապի հիշատակին։

Կարդացեք նաև

Back to top button