Դպրություն

Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները կրթական համակարգում․ բացթողումներ և հեռանկարներ․ «Դպրություն»

Հայոց ցեղասպանության դասավանդումն ընդգրկված է Հայոց պատմություն առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների դասագրքերում։

  • Ի՞նչ բնույթի են այդ նյութերը՝ ճանաչողակա՞ն, գիտակա՞ն, քարոզչակա՞ն։
  • Ի՞նչ շեշտադրումներ պետք է պարունակեն դպրոցական դասագրքերը Ցեղասպանության դասավանդման ընթացքում։
  • Թեմայի շուրջ ի՞նչ և ինչպե՞ս է դասավանդվում բուհերում։

«Դասագրքերում, այո, որոշակի չափով գիտելիքներ կան։ Բայց, տեխնոլոգիական այս դարում ոչ միայն գիտելիքն է կարևոր, այլ նաև դրա մատուցման ձևը և ցեղասպանության դասերը փոխանցելը։

Աշակերտը, ուսանողը կարող է համացանցում, նույնիսկ արհեստական բանականության միջոցով Հայոց ցեղասպանության մասին հսկայական գիտելիք ձեռքբերել։ Բայց, ցեղասպանության թեման դասավանդվում է ո՛չ այնքան պարզապես պատմական իրադարձությունները մեր սերունդներին փոխանցելու, այլև դրանցից դասեր քաղելու համար։

Այս առումով՝ կարելի է ավելի զարգացնել դասագրքերը, ավելի ժամանակակից դարձնել մոտեցումները և համահունչ՝ մեր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերներին։

Իրականում չպետք է վախենալ Ցեղասպանության դասավանդումից, որովհետև մեր իրականության մեջ երկվություն կա»,– ասում է ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

«Հայոց պատմություն առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների դասագրքերում է Հայոց ցեղասպանությանն անդրադարձ կատարվում։ Ընդհանուր առմամբ այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը ուրվագծում է Հայոց ցեղասպանության պատմությունը, բայց այդ տեղեկատվությունը շատ սահմանափակ է, և պետք է հաշվի առնել, որ Հայոց Ցեղասպանության թեման, պատմությունը միայն հայության պատմություն չէ։

Այն համաշխարհային պատմության մաս է կազմում և սկսած այն կարևոր կետից, որ աշակերտը պետք է պատկերացնի, թե Հայոց ցեղասպանությունը ի՞նչ պատմաշխարհագրական և քաղաքական ժամանակահատվածի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցավ, այն ավելի մասշտաբային հետազոտության և ուսումնասիրության առարկա է»,– ասում է ՀՑԹԻ կրթական ծրագրերի ղեկավար, ցեղասպանագետ Ինեսա Ստեփանյանը։

Կարդացեք նաև

Back to top button