Վերնատուն

Ճարտարապետության «ուրվական անցյալը» և չբացահայտված ներկան․ արվեստի նախագիծ՝ Ջերմուկ քաղաքում․ «Վերնատուն»

«Թրիանգլ օֆ Քոլլաբորաթիոն» մշակութային կազմակերպության նախաձեռնած «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» նախագիծը ժամանակակից արվեստի միջոցով վերաիմաստավորում է լքված ճարտարապետությունը՝ վերածելով այն ստեղծագործական միջավայրի և հարթակի՝ մշակութային ու սոցիալական երկխոսության համար։

Կազմակերպության հիմնադիրներ՝ արվեստաբան, համադրող Սոնա Հովհաննիսյանը և արթ մենեջեր, համագործակցությունների ռազմավար Մարիաննա Աճեմյանը խոսում են նախագծի գաղափարի ու մեկնարկի, «ուրվական» շենքերի ընկալումների, նախագծի զարգացման մասին։

«Շենքի մասին խոսելով՝ մենք չէինք ուզում խոսել միայն ճարտարապետության մասին, այլ ուզում էինք վեր հանել բոլոր շերտերը, թե՛ ճարտարապետական ֆորմաները, թե՛ իր մեջ թաքնված պատմությունները, թե՛ ինչպես է աշխատել իր միջավայրի, սոցիալ– քաղաքական իրավիճակների հետ։ Զգացողություն կար, որ մենք որսում ենք «անցյալի ուրվականներին», որոնք իրական էին նաև ներկայում», – ասում է Սոնա Հովհաննիսյանը։

Մարիաննա Աճեմյանը մեկնաբանում է, որ յուրաքանչյուր շենք լքված է այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը ներս չի մտնում և հարաբերության մեջ չի մտնում նրա հետ։ Նշում է, որ «ուրվականությունը» անցյալի հետ հարաբերվելու հնարավորություն է ստեղծում։

Նախագիծը մեկնարկեց Ջերմուկի մշակույթի պալատի լքված կառույցի հետազոտությունից։ Շենքը կառուցվել է 70-ականներին ճարտարապետ Մարտին Միքայելյանի նախագծով, գործարկվել է 80-ականներին, մարզա-մշակութային կարևոր դերակատարում է ունեցել։ Խորհրդային միության փլուզումից հետո, հսկա այդ կառույցը դադարել է գործել։

Հետազոտող արվեստագետները, ինչպես մեկնաբանում են կազմակերպիչները, փորձել են այդ շենքից «քամել բոլոր «ուրվական» պատմությունները», որոնք հնարավոր էր ներդնել ստեղծագործական աշխատանքների մեջ։ Նախագծին մասնակից՝ լուսանկարիչ, քանդակագործ և գեղարվեստական տպագրող արվեստագետները, փորձել են բացահայտել և շարունակել լքված շենքի պատմությունը նաև նրա պատերից դուրս։

Ջերմուկի մշակույթի պալատի լքված կառույցի տարածքում մեկշաբաթյա հետազոտական ու ստեղծագործական աշխատանքի արդյունքում՝ Ջերմուկում և Երևանում տեղի կունենա ցուցահանդես։

Կարդացեք նաև

Back to top button