Հնդկաստանի Քաշմիր նահանգում երեքշաբթի օրը գրանցվել է վերջին տարիների ամենաարյունալի հարձակումներից մեկը։ Ենթադրյալ զինյալները կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ՝ խլելով առնվազն 20 մարդու կյանք, հաղորդում է Reuters-ը։
Հարձակումը տեղի է ունեցել գեղատեսիլ Պահալգամում, որը հայտնի զբոսաշրջային վայր է Հիմալայան լեռներում։ Վերջին տարիներին այդ տարածքում զբոսաշրջությունը վերածնվել էր՝ իսլամիստ զինյալների կողմից բռնությունների կրճատման ֆոնին։
Տարբեր աղբյուրներ հայտնել են զոհերի տարբեր թվեր՝ 20, 24 և 26, սակայն նշել են, որ տվյալները դեռ չեն հաստատվել։
Քաշմիրի նահանգապետ Օմար Աբդուլլահը «X» հարթակում գրել է. «Զոհերի թիվը դեռ ճշտվում է, ուստի չեմ ցանկանում այդ մանրամասների մեջ մտնել։ Ավելորդ է ասել, որ սա վերջին տարիների խաղաղ բնակչության դեմ ուղղված ամենախոշոր հարձակումներից է»։
«Կրակոցը տեղի ունեցավ մեր աչքի առաջ»,-India Today հեռուստաալիքին հայտնել է մի ականատես։ — Սկզբում կարծեցինք՝ ճայթրուկներ են, բայց երբ լսեցինք մարդկանց գոռոցներ, դուրս փախանք՝ փրկելով մեր կյանքը»։
Ըստ Indian Express թերթի՝ հարձակումը տեղի է ունեցել զբոսաշրջային երթուղուց դուրս գտնվող մարգագետնում։ Հարձակմանը ներգրավված է եղել երկու կամ երեք զինյալ։
Զոհվածների ազգությունը դեռևս հայտնի չէ։
Սոցիալական ցանցերում հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քաշմիրի դիմադրություն» քիչ հայտնի զինյալ խմբավորումը։ Խումբը հայտարարել է, որ հարվածներն ուղղված են նրանց դեմ, ովքեր փորձում են «անօրինական կերպով բնակություն հաստատել տարածաշրջանում»։
Նրանց հաղորդագրության մեջ նշվում է, որ «ավելի քան 85,000 դրսից եկած մարդիկ» բնակություն են հաստատել Քաշմիրում՝ խթանելով «ժողովրդագրական փոփոխությունը»։
Հնդկաստանի իշխանությունները չեն մեկնաբանել զինյալ խմբի հայտարարությունը։ Դեպքի վայրում անվտանգության ուժերը շարունակում են որոնողական և քննչական աշխատանքները։




