
Սահմանադրական դատարանից 2 տարուց մի քիչ ավելի ժամանակ պահանջվեց որոշելու համար՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանո՞ւմ է Մայր օրենքին, թե՞ ոչ։ 2022-ի սկզբին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավոր դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը։ ՍԴ-ն էլ իր հերթին Վենետիկի հանձնաժողով էր դիմել՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Դատարանը դեռ չի հրապարակել որոշման ամբողջական տեքստը, սակայն հայտնի է, թե ինչ է ամրագրել դրա եզրափակիչ հատվածում։ Բարձր դատարանը երկու մեկնաբանություն է արել օրենքի 5 րդ և 24-րդ հոդվածների վերաբերյալ:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ»։
Ստացվում է, որ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրություն սկսել ավելի վաղ, քան անձը պաշտոն է ստացել, հետևաբար այդ ժամանակահատվածում ձեռք բերված գույքը բռնագանձման ենթակա չէ: ՍԴ-ն որոշել է նաև, որ բռնագանձման ենթակա է միայն այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Այդ հանցանքները թվարկված են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 3-րդ հոդվածում։ Խոսքը ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների մասին է:
Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը չի պարզաբանել, թե օրենքի քննության ընթացքում, այսինքն՝ շուրջ 2 տարի, ինչու չի կասեցվել օրենքի կիրառումը։ Օրերս խորհրդարանում նույն օրենքին հղում անելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկում էր պետությանը արդեն վերադարձված գույքն ու դրամական միջոցները։
«Արդեն ավարտված քրեական վարույթներով՝ դատարաններում ավարտված քրեական գործերով ապօրիինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոց»։
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնում են Հայաստանի նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանց ընտանիքի անդամները, նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին ղեկավար Արտակ Շաբոյանը։

Կառավարության ղեկավարը վստահ է՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգն արդյունավետ է և գործում է առանց քաղաքական նպատակահարմարությունների․
«Ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ՝ դատախազության կողմից և համայնքային շահերի պաշտպանության համակարգ։ Այս համակարգերը այլևս Հայաստանի իրավակարգի անբաժանելի մասն են՝ որպես ինտիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարությունների դաշտից։ Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլև պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ»։
Մասնագետները հակադարձում են՝ ապօրինի գույքի բռնագանձման գործիքների արդյունավետությունը դեռ վաղ է գնահատել։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի փորձագետ Տաթևիկ Խաչատրյանը հիշեցնում է, որ իրավապահ համակարգում այդ գործիքները ներդրվել են միայն 4 տարի առաջ, իսկ ապօրինի գույքի բռնագանձման գործերը սովորաբար երկար են քննվում․
«Իրավական համակարգերում 3-4 տարին շատ փոքր ժամկետ է արդյունքները տեսնելու համար, հատկապես երբ բարդ սխեմաներ են, կա ուսումնասիրության փուլ, կա դատական փուլ։ Եվ այս շղթայի արդյունավետությունը գնահատելը դեռ վաղ է։ Գլխավոր դատախազությունը, ճիշտ է, արդեն 3-4 տարի աշխատում է, բայց Հակակոռուպցիոն դատարանը ավելի ուշ է ստեղծվել, և ըստ էության դատաքննության փուլը ավելի ուշ է սկսվել, իսկ դա ավելի ժամանակատար, ավելի ծախսատար փուլն է»։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020-ին։ Ըստ գլխավոր դատախազության՝ մինչև այսօր կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Դատարան է ուղարկվել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, 270 շարժական և 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:




