ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փամբակ համայնքը 3-րդ անգամ մերժեց «Կոմպոզիտ մետալ»-ի ոսկի որոնելու ծրագիրը

Լոռու մարզի Քարաբերդ գյուղի ոսկու հանքը բաց է շահագործման համար և շարունակում է հետաքրքրել հանքարդյունահանողներին։ Դեռ 2024-ից հանքի շահագործման նպատակով լսումներ էր նախաձեռնել Արջուտի ոսկու հանքը շահագործող«Կոմպոզիտ Մետալ» ընկերությունը։ 2025-ի հունվարին կայացել էին 2-րդ լսումները։ Համայնքի բնակիչները 2 անգամ էլ մերժել էին ընկերության առաջարկը։ 3-րդ հանրային լսումները, որ նախատեսված էին միանգամից 3 բնակավայրերում, ավարտվել են՝ դեռ չսկսված։ Ընկերության ներկայացուցիչները միտում են տեսնում բնակիչների գործողություններում, իսկ բնապահպաններն այս իրավիճակը պայմանավորում օրենսդրական բացով։

«Կոմպոզիտ Մետալ» ընկերության հրավիրած 3-րդ հանրային լսումները Լոռու մարզի Փամբակ Քարաբերդ և Բազում բնակավայրերում ավարտվեցին Փամբակում՝ դեռ չսկսված։ Փամբակի բնակիչներից մեկն առաջարկեց լքել դահլիճը, պատճառաբանելով, թե «Կոմպոզիտ Մետալ»-ը լսումների է եկել ոստիկանության ուղեկցությամբ։

«Դուրս եկեք, չենք ուզում ոչ մի բան լսենք։ Սպեց ե՞ք բերել լցրել վրեքներս, ինչի՞ համար»։

«Չեղյալ հայտարարեք էս ժողովը, մլիցով եք գալի՞, ամոթ չե՞ք անում»։

Մեր արոտավայրերին է վնասելու, մեր բնությանը, մեր հանդերին։ Մեկն արդեն աշխատում է, էս էլ որ եկավ, փոշու մեջ կխեղդվենք՝ բնակիչներն են ասում։

«Չենք ուզում ու վերջ։ Հո ստեղ պատերազմ չի, որ թիկնապահ են բերել։ Ամենքը մի 2 անասուն ա պահում, խոտ ա հնձում, չենք ուզում էդ խոտհարքները փչացնեն։ Ճիշտն ասած, նրանց էլ չենք համաձայն,եթե նրանց թույլատրենք, թունելային ենք թույլատրելու»։

«3 անգամ ա գալիս են, ամոթ էլ ա, չենք ուզում»։

Փամբակից Վրեժ Անտոնյանն ասում է՝ մեր գյուղից արտագաղթ համարյա չկա։ Հող ու ջրով մարդիկ ապրուստ են հոգում։ Հանքը բացվեց՝ միայն իրենց գյուղը չի տուժելու։ Այս նույն փոշին Վանաձոր էլ է հասնելու՝ ասում է․

«3-րդ անգամ ա՝ գալիս են լսումների, 3-րդ անգամ ա՝ 3 գյուղի բնակիչներ չեն ուզում էդ հանքը բացվի, էլի իրանք գալիս են։ Էդ հանքը, որ բացվեց, թոզի մեջ կորելու ա, սաղ թոզը նստելու ա գեղի վրա, Կիրովականն էլ ա վտանգի տակ»։

Քարաբերդի ոսկու հանքը 10 տարի շահագործում էր չեխական «ԱՍՍԱԹ»ընկերությունը, որ վերջին անգամ լսումներ էր կազմակերպել 2023թ. դեկտեմբերին՝լիցենզիայի ժամկետի երկարաձգման, բացահանքի ու ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ։

2024-ի հուլիսին Քարաբերդում նույն տարածքում ոսկու հանքը շահագործելու առաջարկով լսումներ էր հրավիրել «ԱՍՍԱԹ»-ի հետ նույն խմբի կազմում գործող չեխական «Մասիս Փլանթ» ընկերությունը։ Այդ լսումները Քարաբերդում միանշանակ չէին ընդունվել։ Բնակիչները սկզբում դեմ էին արտահայտվել, հետո համաձայնել էին, որ գյուղում մնա միայն «Մասիս Փլանթ»-ը։ Այժմ Քարաբերդի ոսկու հանքը շահագործելու հայտ է ներկայացրել «Կոմպոզիտ Մետալ»-ը։ Համայնքի բնակիչներն արդեն 2 անգամ մերժել են ընկերության ծրագիրը։

«Կոմպոզիտ Մետալ»–ի ներկայացուցիչ Վահան Զախարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հերքեց մեղադրանքները, թե ուժայինների ուղեկցությամբ են եկել լսումների․

«Մարդկանց մեջ կազմակերպվածություն կա։ Մենք ոչ մեկի վրա հատուկ ջոկատային չենք բերել»։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հարցազրուցից հրաժարվեց։ Ասաց՝ բնակիչների հետ է։

«Հարցազրույց չեմ տալիս։ Իմ դիրքորոշումը իմ ժողովրդի կարծիքն է, հանրային լսումը չիրականացավ»։

Համայնքի ավագանու անդամ Նաիրա Հարությունյանն էլ ասաց, որ ավագանին գործընթաց կնախաձեռնի, եթե 3 բնակավայրերի բնակիչները դիմեն․

«Մինչև Փամբակի, Քարաբերդի, Բազումի բնակիչները չգան՝ ավագանուն ասեն, որ մենք կողմ ենք, մենք դեմ ենք ստորագրելու։ Եթե կարանք նենց անենք, որ էլ չգան, էտ էլ կանենք»։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նույն համայնքում 3-րդ անգամ լսումներ կազմակերպելը անընդունելի է համարում։ Ասում է, խնդիրը օրենսդրական բացերի հետևանք է։ Եթե նման համայնքներն օրենքով համապատասխան կարգավիճակ ստանան, այսպիսի իրավիճակներ չեն լինի․

«Մենք առաջարկել ենք, որ օրենսդրական փոփոխություն իրականացվի, այսինքն, եթե համայնքը 2 անգամ մերժում ա, համայնքը ձեռք բերի իմունիտետ։ Այսինքն, նույն ըներությունը չկարողանա գա լսումներ անի, դա մերժվել ա»։

Հավելենք, որ դեռ 2024-ի հոկտեմբերի 1-ին, «Մասիս Փլանթ»-ը դատարան էր դիմել՝ պահանջելով Փամբակի ավագանուն պարտավորեցնել նախնական համաձայնություն տալ Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն։

Որպես հայցի ապահովման միջոց, ընկերությունը նաև միջնորդություն էր ներկայացրել, որով, ըստ էության, դատարանն արգելանք է կիրառում նշյալ հանքավայրի հետ կապված 3-րդ անձանց հնարավոր գործունեության վերաբերյալ ավագանու գործողությունների վրա, որը բավարարվել էր։ Այլ կերպ ասած, մինչև դատական հայցի ավարտը, նշված հանքավայրի հետ կապված որևէ այլ կազմակերպության գործունեությանը ավագանին չի կարող համաձայնություն կամ անհամաձայնություն տալ։

Օրեր անց՝ «Կոմպոզիտ Մետալ»–ն էր դատարան դիմել՝ դատարավորությանը որպես 3-րդ անձ ներգրավվելու պահանջով, ինչը մերժվել էր: Հայաստանի հանքարդյունաբերության պատմության մեջ սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ մի ընկերությունն ակնհայտորեն փորձում է տապալել մյուսի նախաձեռնած լսումները՝ գործի դնելով դատական լծակները։Ստացվում է, որ մինչ դատական թնջուկի հանգուցալուծումը՝ «Մասիս Փլանթ»-ն ապահովագրել է իրեն՝ արգելակելով ավագանու գործառույթները՝ Քարաբերդի ոսկու հանքի հետ կապված հնարավոր գործունեության մասով։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ ավագանուն վերաբերող «Մասիս Փլանթ»-իհայցով նախնական դատական նիստը 2025-ի ապրիլի 15-ին էր։ Նիստը, սակայն, տեղի չի ունեցել դատավորի՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով:

Կարդացեք նաև

Back to top button