
Դենվերի միջազգային օդանավակայանից Կանադայի Էդմոնտոն մեկնող United Airlines-ի Boeing 737-800 օդանավում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ օդ բարձրանալիս ինքնաթիռը բախվել է կենդանու, գրում է CNN-ը։ Բախման արդյունքում շարժիչից կրակ է դուրս եկել, ինչն արձանագրվել է տեսախցիկով։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Օդաչուներն անմիջապես հայտնել են վերահսկիչներին շարժիչի հնարավոր խափանման մասին։
Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հաստատել է, որ օդանավը կենդանու հետ բախվել է՝ չնշելով կոնկրետ տեսակը, սակայն դեպքի պահին թռիչքուղում նկատվել են նապաստակներ։ Վերահսկիչ աշտարակից նախօրոք զգուշացվել է կենդանիների հնարավոր շարժի մասին, իսկ United-ի մեկ այլ օդաչու հայտնել է, որ հնարավոր է վրաերթի ենթարկել կենդանիներին։
Բախումից հետո օդաչուները հայտարարել են արտակարգ իրավիճակի մասին և վերադարձել են օդանավակայան։ Նրանք խնդրել են ստուգել աջ թևի փեղկերը, անիվների հատվածը և հնարավոր հրդեհի նշանները։ Հրշեջ ծառայություններն արագ արձագանքել են։
Ի վերջո, ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է թռիչքուղի, ուղևորները տեղափոխվել են այլ օդանավ՝ շարունակելու դեպի Էդմոնտոն ուղևորությունը։
FAA-ի տվյալներով՝ միայն 2023 թվականին Դենվերի միջազգային օդանավակայանում գրանցվել է ավելի քան 800 բախում վայրի բնության ներկայացուցիչների հետ։ Հաճախակի բախվող կենդանիների թվում են թռչուններ, ինչպես նաև չղջիկներ, կոյոտներ, տափաստանային շներ ու նապաստակներ։




