ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2026 թվականին Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը․ ՆԳՆ

Այսօր ոստիկանության աշխատողի օրն է։ Մասնագիտական տոնի կապակցությամբ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին։

Նախարարը վարչապետի հետ այցելել է նաև ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր,  ծանոթացել շենքային պայմաններին: Ոստիկանության բարեփոխումների, առաջնահերթությունների մասին այսօր խոսվել է նաև խորհրդարանում՝  կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։ Նախարարը մի շարք մանրամասներ է ներկայացրել։

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը։ Այն ֆրանսիական և լյուքսեմբուրգյան ընկերությունների կոնսորցիում է՝ մասնագիտացած տպագրական տեխնոլոգիաների, անձնագրերի, նույնականացման քարտերի արտադրության մեջ: Առաջիկա օրերին կկնքվեն պայմանագրերը, և 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Վերջին երեք տարիներին եռապատկվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը՝ ասել է Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացի ակտիվացումը նաև տեխնոլոգիական վերափոխումների անհրաժեշտություն է առաջացրել։

«Սրան զուգահեռ՝ խնդիր ենք ունեցել հասկանալու, թե ինչպես կարելի է ամբողջությամբ թվայնացնել այս գործընթացը։ 2024-2025 թվականների կտրվածքով արդեն ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա դիմումներն ամբողջովին ընդունվել թվային հարթակում, ապահովել անհրաժեշտ ստուգումները և գործը կազմակերպել առավել արդյունավետ ձևով»։

Նույնականացման քարտերի ստացմանն առնչվող դժգոհություններին անդրադառնալով՝  նախարարը մանրամասնեց՝ խնդիրները կապված են հերթագրման համակարգի հետ։ Հենց այդ պատճառով էլ անցած տարվանից ներդրվել է հերթագրման նոր համակարգ, որը և՛ «կենդանի» հերթի, և՛ օնյալն հերթագրման ձևաչափով է աշխատում։ Ըստ նախարարի՝ իրավիճակը  որոշակիորեն բարելավվել է, իսկ նույնականացման քարտերի մեծ պահանջարկը պայմանավորված է նաև  եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ։  Նախարարությունն  այս ուղղությամբ զարգացնում է կարողությունները՝ ասաց նախարարը։

«Տպավորիչ մի թիվ եմ ուզում ներկայացնել։ Անցյալ տարի մենք 160 հազար նույնականացման քարտ ենք տրամադրել մեր քաղաքացիներին։ Այս տարի՝ մինչև այս պահն արդեն այդքան դիմումատու կա»։

Կառավարության գործունեության ծրագրի 2024 թ․կատարողականի քննարկման շրջանակում  Արփինե Սարգսյանն անդրադարձավ հանցագործությունների թվային պատկերին։ Դրանց գրանցված ցուցանիշները  2023 թվականի համեմատությամբ նվազել են 1,1 տոկոսով։ Ներքին գործերի նախարարությունը փոխել է գործողությունների մեթոդաբանությունը՝ ասաց նախարարն ու նշեց, որ դրանով ավելի լավ արդյունքներ են արձանագրում։

«Օրինակ՝ եթե մենք փոխում ենք մեթոդները թմրամիջոցների ապօրինի  շրջանառության դեմ պայքարի տեսանկյունից, և ավելի շատ կենտրոնացումը ուղղում ենք դեպի ներմուծում ու արտադրություն, ապա կարողանում ենք մեծ խմբաքանակների բացահայտմամբ կանխարգելել ավելի փոքր խմբաքանակների  հայտնվելը շրջանառության մեջ։ 2024 թվականին առգրավվել է 426 կգ թմրամիջոց, որը 2023-ի համեմատությամբ ավելին է 202 կգ–ով»։

Հայաստանի կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը՝ ասաց Ներքին գործերի նախարարը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ թե՛ պարտադիր, թե՛ կամավոր թեստավորման համակարգերը դրական և բացասական կողմեր ունեն։

«Բայց պարտադիր թեստավորման տրամաբանությունն ինձ համար առնվազն այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, թե Հայաստանի բոլոր անչափահասները ներգրավված են թմրամիջոցների շրջանառության մեջ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուրջ 10 անչափահաս է հաշվառված կամ ներգրավված համապատասխան քրեական գործերում»։

Նախարարի կարծիքով՝ նպատակահարմար է ընտրել  կամավոր թեստավորման ճանապարհը՝ ստեղծելով միասնական համակարգ, որտեղ ծնողները հնարավորություն կունենան գրանցելու իրենց համաձայնությունը երեխաների թեստավորման վերաբերյալ։ 

«Պետք է սկսենք ինչ-որ մի կետից, բայց այդ կետը պետք է լինի այնպիսին, որ բացասական հետևանքները չլինեն շատ, և մենք հասնենք մեր նպատակին ճիշտ ճանապարհով»։

«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը կարծում է, որ Հայաստանում  թմրամիջոցներից  կախվածությունը ստուգող կամավոր թեստավորման համակարգն արդյունավետորեն չի գործի, որովհետև ծնողը չի ընդունի, որ իր երեխան թմրամոլ է կամ նման հակում ունի։

«Ճիշտը պարտադիրն է, ոչ թե ընտրովին։ Կարելի է մտնել դասարան և այդ օրը երկու երեխայի թեստավորել, և դա մեծ ծախսերի չի պահանջի»։

Շարունակվում է ոստիկանների ատեստավորման գործընթացը։ 2024 թվականին  ատեստավորման համար դիմել է 4․063 ծառայող, նրանցից 1․031-ն է հաղթահարել շեմը։  Աշխատավարձերը դրա արդյունքում բարձրացել են՝ ասում է նախարարը։

«Շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, որ ոստիկանությունն է այն համակարգը, որտեղ աշխատավարձային նման քաղաքականություն լիներ և փոփոխվեին աշխատավարձերը։ Այո՛, որովհետև քաղաքացիների անվտանգությունն ապահովող  իրավապահ կառույցի ներկայացուցիչը պետք է ունենա արժանապատիվ վարձատրություն»։

ՆԳՆ-ն կհրաժարվի  պարեկային ծառայություն ընդունվելու համար սահմանած տարիքային վերին շեմից, որը 35 տարեկանն էր։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն  շրջանառության մեջ է մտել:  

Կարդացեք նաև

Back to top button