
Հայաստանում է Սլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Տանյա Ֆայոնն ու պատվիրակության անդամներն այսօր առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Սլովենիայի արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել թանգարան-ինստիտուտ ու գրառում արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարներն ավելի ուշ առանձնազրույց և ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել, ապա քննարկումներն ամփոփել մամուլի ասուլիսով: Տանյա Ֆայոնը մասնավորապես նշել է, որ Սլովենիան աջակցում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն հատկացնելու առաջարկին։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հստակացրել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Շնորհակալություն եմ հայտնել Սլովենիայի արտգործնախարարին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշման և աջակցության համար՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հույս ունենք, որ Հայաստանի՝ խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից: Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսելու խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը»։
Սլովենիայի արտգործնախարարը գնահատում է խաղաղությանն ուղղված ջանքերը, կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր քայլ են կատարել՝ պայմանագրի տեքստը համաձայնեցնելով: Տանյա Ֆայոնի ձևակերպմամբ՝ դա կարևոր է ոչ միայն կողմերի, այլև տարածաշրջանի համար։

«Կարծում եմ, սա Խաղաղության համաձայնագիր ունենալու շատ յուրահատուկ հնարավորություն է: Ես գնահատում են այն աշխատանքը, որ Հայաստանը կատարում է խաղաղության այս նախաձեռնություններում: Մենք քաջալերում և ողջունում ենք նախագծի տեքստի համաձայնեցման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղված քայլերը: Հուսով ենք, որ փաստաթուղթը շուտ կստորագրվի և լարվածությունն այդպիսով կնվազի այս տարածաշրջանում»։
Թե՛ Միրզոյանը, թե՛ Ֆայոնը երկկողմ հարաբերությունները գերազանց ու օրինակելի են գնահատում, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Սլովենիայի արտգործնախարարը գնահատում է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը:
«ԵՄ անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց ինքնիշխան որոշում է։ Մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակելու ժողովրդավարացման արժեքներն առաջ մղելու, կոռուպցիայի դեմ պայքարն առաջ տանելու գործընթացները: Եվ այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնում»։
Արտգործնախարարներն անդրադառնում են նաև Խաղաղության Եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո օժանդակություն տրամադրելու հարցին։ Վերջնական որոշում դեռևս չկա, քննարկումները շարունակվում են՝ ասում է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանի պարզաբանմամբ՝ նախորդ տարի Խաղաղության եվրոպական հիմնադրամը Հայաստանին 10 միլիոն եվրո էր հատկացվել, հիմա քննարկվում է 20 միլիոն եվրո տրամադրելու հարցը։
«Քննարկումները շարունակվում են, և հույս ունենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»։
Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի խոսքով՝ Սլովենիան աջակցել է Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու առաջարկին։
«Ես կարող եմ իմ երկրի անունից ասել միմիայն, որ Սլովենիան աջակցել է վերջնական առաջարկը, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ին սատարենք։ Պետք է միաձայն մոտեցում լինի, բայց, ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ և ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել»։
«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։ Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունն առաջին անգամ էր քննարկում Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցը։ Բուդապեշտն այդ փուլում արգելափակել էր որոշման ընդունումը՝ պահանջելով ծրագրում ներառել նաև Ադրբեջանը։ Երկար բանակցություններից հետո, սակայն, հնարավոր էր եղել հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:
Եվրամիության Խաղաղության հիմնադրամի աջակցությունը, ըստ պաշտոնական հիմնավորումների, ուղղված է Հայաստանի զինված ուժերի դիմադրողականության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։




