
Խորհրդարանում այսօր քննարկել են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է մեծացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունն ու ապահովել կիրառվող իրավադրույթների որոշակիությունը:
Առաջարկվում է, օրինակ, խստացնել առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու տույժը: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն այս համատեքստում անդրադարձել է վարորդական իրավունքի քննության հերթերին և առաջարկել որոշակի մեխանիզմներ ներդնել, որոնք կթեթևացնեն հերթերը:
Առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու տույժի չափը կփոխվի, եթե խորհրդարանն ընդունի առաջարկվող փոփոխությունները Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանն ասում է, որ սանկցիաներ նախատեսված չեն այն դեպքերի համար, երբ վարորդը, իրավունք չունենալով, վարում է փոխադրամիջոցը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ այսպիսի դեպքերի համար նախատեսվում է 200 հազար դրամի տուգանք։
«Վարչական իրավախախտումների մի շարք հոդվածներում, ըստ որոնց՝ զրկված վիճակում տրանսպորտ վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն, այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ ու սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը փոխադրամիջոցը վարել է, այդուհանդերձ, կոնկրետ վարչական իրավախախտման համար, այսինքն՝ կարմիր լույս անցնել կամ այլ՝ ինչ-որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք ևս»։
ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն այս համատեքստում անդրադարձավ վարորդական իրավունքի քննության համար գոյացող հերթերին։ Նա առաջարկեց որոշակի մեխանիզմներ ներդնել, որոնք կթեթևացնեն հերթերը:

«Հաճախ քաղաքացիները գրանցվում են, և երեք-չորս ամիս հետո է գալիս իրենց հերթը։ Այսինքն՝ այն անձը, որը զրկվել է և մեկ տարի զրկված վարել է կամ չի վարել, ու եթե նա իր ապրուստի միջոցը մեքենա վարելով է վաստակում, ստիպված է լինում երեք-չորս ամիս սպասել, մինչև որ իր վարորդական քննության օրը կգա»։
ՆԳ փոխնախարարը նշեց, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, սակայն դեռևս հերթեր կան: Նախատեսվում են նաև օրենսդրական և այլ փոփոխություններ:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ վարչական մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում վճռել մերժված կամ կարճված քրեական այն վարույթների հարցը, որոնք հանցագործության տարրեր չեն պարունակում։
«Այսինքն՝ վարչական մարմինն ակտ է կայացնում ոչ թե վարույթը մերժելու կամ կարճելու պահից, այլ այդպիսի տեղեկություն ստանալու պահից, քանի որ այդ պրոցեսը շատ երկար է լինում, և վաղեմության ժամկետների պատճառով վարչարարություն հնարավոր չի լինում իրականացնել»։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վերաբերյալ վարչական պատասխանատվության արձանագրություն կազմելուն։ Խոսքը արձանագրություն կազմելու պահին իրավախախտի ներկա գտնվելու պարտադրանքի մասին է։ ՆԳՆ այժմ հանում է այդ պահանջը։
«Երբ վարչական արձանագրությունը տեղում կազմվում է, սակայն փորձաքննությունը իրականացվում է հետագայում։ Եվ քաղաքացիները որոշ դեպքերում խուսափում են այդ փորձաքննությանը և վերջնական ակտին մասնակից դառնալուց և, այդպիսով, շրջանցելով օրենքը՝ չեն ենթարկվում պատասխանատվության։ Մենք նախատեսում ենք իրավախախտ վարորդի բացակայության պայմաններում ևս տալ հնարավորություն, որպեսզի վարչական արձանագրությունը կազմվի»։
Նախարարությունն առաջարկում է նաև որպես զանցանք դիտարկել ոչ թե փոխադրամիջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, այլ դրանց առկայության դեպքում վարելը: Գործող պահանջով միայն տեղադրելն էր հանգեցնում վարչական պատասխանատվության՝ ասում է փոխնախարարը։
Հաշվառման կեղծված կամ փոխարինված համարանիշներով մեքենա վարելու դեպքերի համար ևս օրենսդրական փոփոխություններ են նախատեսված։ Այստեղ փոփոխությունը խմբագրական բնույթի է։ Առաջարկվում է «կեղծված կամ փոխարինված» արտահայտությունը դարձնել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի», որպեսզի, ի թիվս առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման փոխարինված համարանիշով փոխադրամիջոցներ վարելու դեպքերի, համարժեք պատասխանատվություն լինի նաև այլ տրանսպորտի հաշվառման համարանիշով մեքենա վարելու համար։ Փոփոխված տարբերակում կհանվի նաև «կեղծված» բառը, քանի որ կեղծ համարանիշով մեքենան վարելն իր բնույթով արդեն քրեական պատասխանատվության է հանգեցնում է:




