ՀայԱրտ կենտրոնում բացվել է Նարեկ Ավետիսյանի գեղանկարչական և մեդիա արվեստի նախագիծը։ «Ի խորոց սրտի» վերնագրով ցուցահանդեսը թվային տպագրությունների, գեղանկարչական կտավների, տեսաինստալացիայի, տեքստի ու երաժշտության, ինչպես նաև պերֆորմանսի համադրություն է։
Արվեստագետը հիմնվել է պոստմոդեռնիզմի տեսաբան, սոցիոլոգ, փիլիսոփա Ժան Բոդրիարի պոստմոդեռնիսատական կոնցեպցիայի և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գաղափարների վրա՝ օգտագործելով արհեստական բանականությունը խոսելու ժամանակակից մարդու հոգևոր ներաշխարհի ու զգացումների մասին։
«Կրոնը և հոգևոր ուղին ինձ համար տարբեր բաներ են։ Ես դրա մեջ ուզում եմ ներդաշնակության հասնելու փիլիսոփայական սկզբունք գտնել, նաև՝ մտածելու, համեմատելու և համադրելու հնարավորություններ՝ չկառչելով որևէ մեկ ճշմարտությունից։ Միջավայրը, որտեղ մեծացել եմ, երկիրը, որը հայրենասիրական կապվածություններ ու արմատներ ունի, իմ նորարարական մղումները․ ինչպե՞ս կարող եմ անկեղծ լինել և մի հարթության ու մի տարածության մեջ ներկայացնել դրանք», – մեկնաբանում է Նարեկ Ավետիսյանը։
Ցուցահանդեսին ներկայացված գեղանկարչական մեծամաշտաբ կտավները ստեղծվել են 2011–2018 թվականներին, իսկ թվային տպագրությունները՝ վերջին շրջանում։ Նարեկ Ավեստիսյանն ինքն է իր ցուցահանդեսների համադրողը։ Նա ասում է, որ յուրաքանչյուր նոր տարածք նոր ներկայացման մոտեցում է թելադրում։
ՀայԱրտ կենտրոնը հրաշալի հնարավորություն է մեծ տարածության մեջ տեսնելու և ամփոփելու տարիների աշխատանքը։ ՀայԱրտ կենտրոնում Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 12-ը։




