ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը խստորեն դատապարտում է Վատիկանում տեղի ունեցած ադրբեջանական կեղծ քարոզչությանը նվիրված գիտաժողովը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը խիստ քննադատությամբ է արձագանքել Վատիկանում վերջերս անցկացված «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Ադրբեջանի կառավարության և դրա քարոզչական շրջանակների մասնակցությամբ։

Պատրիարքարանը հայտարարում է, որ հայ գիտնականների բացառումը նման միջոցառումից բացահայտ կերպով ընդգծում է պետականորեն հովանավորվող պատմության կեղծումը, որի նպատակն է նսեմացնել և խեղաթյուրել Հայ Առաքելական Եկեղեցու դարավոր ներկայությունը Հարավային Կովկասում։

Հայտարարությունում նշված է, որ Վատիկանի կողմից նման գիտաժողովի կազմակերպումը՝ առանց հայ մասնագետների ներգրավման, անպատասխանատու քայլ է և նշանակում է մեղսակից դառնալ պատմության աղավաղմանը։

«Մենք պնդում ենք, որ Վատիկանը գործել է անպատասխանատու՝ թույլ տալով, որ իր ակադեմիական հարթակը խելամտորեն օգտագործվի հայտնի և հորինված պատմություն տարածելու համար, որը ձգտում է ջնջել Հայ Առաքելական Եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում համաշխարհային ակադեմիայի մտավոր հիշողությունից։

Հյուրընկալելով նման միջոցառում՝ առանց հայ գիտնականների ներգրավման՝ Վատիկանը իրեն թույլ է տվել մեղսակից դառնալ պատմության զենքին ընդդեմ բնիկ քրիստոնյա ժողովրդի, որի ներդրումը համաշխարհային քրիստոնեության մեջ, իրենց իսկ գիտական ​​խոստովանությամբ, անվիճելի է»,- ասված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ։

Պատրիարքարանը շեշտում է, որ նման նախագծերը քաղաքական ծրագրի մաս են կազմում՝ նպատակ ունենալով կեղծել պատմությունը, վերագրել հայկական քրիստոնեական մշակույթն այլ քաղաքակրթության և ջնջել հայկական ինքնությունն Արցախում։

Հայտարարության մեջ դատապարտվում է նաև այն թեզը, թե իբր հայկական եկեղեցիներն ու մշակութային ժառանգությունը Արցախում պատկանում են այսպես կոչված «կովկասյան ալբանական» մշակույթին՝ համարելով դա ակադեմիական կեղծիք և պատմական ժխտողականություն։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կոչ է արել Վատիկանին պաշտպանել պատմական ճշմարտությունը և խուսափել ցանկացած քայլից, որը կարող է նպաստել հայկական ժառանգության և քրիստոնեական մշակույթի կեղծմանը կամ ջնջմանը։

«Մենք կոչ ենք անում Վատիկանին պաշտպանել պատմական ճշմարտության ամբողջականությունը և մերժել շինծու ժառանգության և հորինված ավանդույթների բոլոր ձևերը, որոնք նպատակ ունեն ջնջել բնիկ քրիստոնյա համայնքների կենսափորձը: Մենք կոչ ենք անում Վատիկանին հեռու մնալ նման ռևիզիոնիստական ​​ջանքերից և վերահաստատել իր հանձնառությունը՝ պահպանելով քրիստոնեական ավանդույթի իսկությունը, ինչը վերաբերում է Սուրբ և Առաքելական Հայ Ուղղափառ Եկեղեցուն։

Մենք հայտարարում ենք, որպես հայ քրիստոնեության չորս հնագույն և գոյություն ունեցող բազուկներից մեկը, որ սա բարոյական պարզության պահ է քրիստոնեական աշխարհի բոլոր գիտությունների համար. հայկական անցյալի ճշմարտությունը չի կարող թաղվել լոբբիստական ​​և ֆինանսավորվող ռեվիզիոնիստական ​​ստի տակ: Մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր ճարտարապետությունը, մեր գեղագիտությունը, մեր խաչքարերը, մեր լուսավոր ձեռագրերը, մեր պատարագը, մեր հազարամյա երգը, մեր այբուբենը, մեր սրբերն ու նահատակները, մեր հին գերեզմանոցները, մեր սրբազան մասունքները, մեր աստվածաբանական դպրոցները և մեր ժողովուրդը կենդանի վկայություն են, որոնք որևէ կերպ հնարավոր չէ կեղծել կամ վերացնել»,- ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մայր Աթոռը խոստացել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Կարդացեք նաև

Back to top button