ԿարևորՏնտեսական

Չինաստանն ամերիկյան ապրանքների դեմ 84 % մաքսատուրք սահմանեց. առեւտրային պատերազմի մեկնարկը տրված է

Այսօր՝ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու օրը, համաշխարհային բորսաներում գրանցվում են նոր անկումներ։ Չինաստանը, մինչդեռ, չի պատրաստվում հանձնվել եւ բարձրացրել է իր տնտեսությանը նետված ամերիկյան ձեռնոցը։

Պեկինը դեռ նախօրեին էր հայտարարել «պայքար մինչեւ վերջ» եւ ամերիկյան ապրանքների վրա նախկինում սահմանած 34 տոկոս մաքսավճարները այսօր դարձրել է 84 տոկոս։ Դրանք ուժի մեջ են մտնելու վաղը՝ ապրիլի 10-ին։

Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող առեւտրային հաշվեկշռի պակասուրդի եւ «արդյունաբերության ոչ բավարար մրցունակության» խնդիրները լուծել մաքսային միջոցառումներով։

REUTERS

«Առեւտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում։ Չինաստանը դա չի ցանկանում, բայց կառավարությունը երբեք թույլ չի տա, որպեսզի չինացիների օրինական իրավունքներն ու շահերը ոտնահարվեն կամ ոչնչացվեն»,- ասված է առեւտրի նախարարության հայտարարության մեջ։

ԱՄՆ-ը չինական ապրանքների մեծ մասի վրա սահմանել է 104 տոկոս մաքսատուրք։

Թրամփի սահմանած մաքսատուրքերից շատ ուժեղ են տուժել Հարավ-արեւելյան Ասիայի մի շարք երկրներ, հատկապես Վիետնամը, որի դեմ սահմանվել է 46 տոկոս, եւ Կամբոջան՝49 տոկոս, մաքսավճարներ։

REUTERS

Եվրամիությունը եւս այսօր պատրաստվում է պատասխան մաքսատուրքեր կիրառել ԱՄՆ դեմ։  Դրանք իրականացվելու են փուլերով։ Այսօր սպասվում է, որ 20 տոկոս մաքսավճար կսահմանվեն ամերիկյան մի շարք ապրանքների վրա՝ սկսած մոտոցիկլետներից մինչեւ նարինգի հյութ։

Եվրոպական պողպատի եւ ալյումինի դեմ Թրամփը սահմանել էր 24 տոկոս մաքսատուրք։

Միեւնույն ժամանակ ներդրողները «վաճառում են Ամերիկան», գրում է համաշխարհային մամուլը։ Մասնավորապես՝ նրանք ձերբազատվում են ամերիկյան պետական պարտատոմսերից եւ դոլարներից։ Բորսաներում նախընտրում են ձեռք բերել ոսկի, շվեյցարական ֆրանկ եւ ճապոնական իեն։  

Տես նաեւ Ապուշ եւ հիմարի գլուխ. մաքսատուրքերի թեման տարաձայնություններ է առաջացրել Թրամփի թիմում

Կարդացեք նաև

Back to top button