
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ հյուրընկալել են Չինաստանի Qiao’s Billiards Sports Industry Group-ի նախագահ և գործադիր տնօրեն Քիաո Յուանշուի գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի նախագահ Պավել Խաչատրյանին և ասոցիացիայի ներկայացուցիչներին, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի նախագահը կարևորել է Qiao’s Billiards Sports Industry Group-ի հետ համագործակցության մեկնարկը, խոսել է առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Կողմերը քննարկել են սպորտային զբոսաշրջության ոլորտում բիլիարդի խաղերի ու առաջնությունների կազմակերպման, դրանց լուսաբանման և սոցիալական հարթակներով առաջխաղացման առավելությունների, ինչպես նաև միջոցառումների տեսանելիության բարձրացման միջոցով երկրի ճանաչելիության ամրապնդման հնարավորությունները։
Կոմիտեի նախագահը խոսել է սպորտային զբոսաշրջության բնագավառում Հայաստանում վերջին տարիների ակտիվության մասին՝ ընդգծելով ոլորտի դիվերսիֆիկացման և Հայաստանի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների հյուրընկալման հարթակի դիրքավորման կարևորությունը։

Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը բարձր է գնահատել Չինաստանի Qiao’s Billiards Sports Industry Group-ի և Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ աշխատանքն էական արդյունքներ կտա ինչպես զբոսաշրջության, այնպես էլ ներդրումների ոլորտներում։
Հանդիպման ավարտին Qiao’s Billiards Sports Industry Group-ի և Հայաստանի բիլիարդի ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։




