
Ֆրանսիան դիմել է, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստանի հանրային մուլտիպլեքսում, բայց մերժվել է։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա ասել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում: Տիգրան Հակոբյանը խորհրդարան էր գնացել՝ ներկայացնելու 2024 թվականի գործունեությունը և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Օտարերկրյա հեռուստաալիքները չեն կարող հեռարձակել հանրային մուլտիպլեքսում։ Միջազգսյին փորձն էլ է ցույց տալիս, որ նույնիսկ բարեկամ երկրների հեռարձակողները չեն ներառվում հանրային մուլտիպլեքսում՝ ասում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության արդյունքները և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Օտարերկրա հեռուստալիքներ ասելով՝ Հակոբյանը նկատի չունի միայն ռուսական լրատվամիջոցները։
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք իրավացի ենք, ու այդ բացը պետք է փակվի։ Խոսքը ռուսական ծրագրերի մասին չէ․ դա ուղղակի մանիպուլյացիա է։ Ֆրանսիան մեծ ջանքեր էր գործադրում, որ ունենա 2 հեռուստածրագիր մեր հանրային մուլտիպլեքսում, բայց մերժվել է»։
Հայկական կողմը հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպման ժամանակ հստակեցրել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում: Հակոբյանը հիշեցրեց, որ հեռարձակման հավակնորդներից մեկը՝ «Arte France» հեռուստաալիքը, վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ Հարավային Կովկասի քարտեզն իր հաղորդումներից մեկում ցուցադրվել էր առանց Հայաստանի:
Հակոբյանի խոսքով՝ թեև հեռուստաալիքը հետագայում ներողություն խնդրեց սխալի համար, բայց դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կլինեին, եթե այդ հաղորդումը հեռարձակվեր Հայաստանի հանրային եթերում:
Խոսելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի բացերից, Տիգրան Հակոբյանը շեշտեց, որ օրենքը նախընտրական քարոզարշավի շրջանում հեռուստաընկերություններին պարտադրում է 25 րոպե անվճար ժամանակ տրամադրել կուսակցություններին իրենց գաղափարները ներկայացնելու համար։
«Այսինքն՝ անկախ հեռուստաընկերությունը, որի վրա կոշտ սահմանափակումներ ենք դրել, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվել, պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անի։ Մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն՝ չհաշված հանրային հեռարձակողին, յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է 550 րոպե կամ 91 ժամ տրամադրի կուսակցություններին»։
Հակոբյանի դիտարկմամբ՝ եկող տարի՝ համապետական ընտրությունների ժամանակ, այս խնդիրն ավելի առարկայական է դառնալու։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ հեռուստաընկերությունները զրկվելու են գումար աշխատելու հնարավորությունից, քանի որ բոլոր կուսակցությունները, անկախ իրենց ճանաչվածությունից ու ֆինանսական հնարավորություններից, օգտվելու են անվճար հեռուստաժամից։
Անդրադառնալով հեռուստաեթերում ու համացանցային տիրույթում հնչող ատելության խոսքին և ապատեղեկատվությանը՝ Հակոբյանն ասաց, որ դրանք կանխելու համար դեռևս չկան պատժի մեխանիզմներ։
«Ցավոք, մենք այսօր չունենք ատելության խոսքի սահմանումը, և այդ պատճառով մենք մի քանի անգամ պարտվել ենք դատարաններում, պարտվել ենք մեր իսկ հարուցած վճիռներին»։
Հակոբյանը անթույլատրելի է համարում ատելության խոսքը՝ անկախ նրանից, թե ով է այն տարածում։
«Ուզում եմ հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները ավելի տոլերանտ պիտի լինեն այդ չարության խոսքին, որովհետև նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական գործունեությամբ են զբաղվում, և նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալուն։ Խոսքը ոչ թե քաղաքական վերնախավի մասին է՝ իշխող կամ ընդդիմադիր, այլ հասարակ քաղաքացիների, մարդկանց, ընտանիքների, որոնց արժանապատվությունը շատ ժամանակ ոտնահարվում է: Ընդհանրացումներ ենք անում, այսինքն՝ չենք ասում ՝այս մարդը, ասում ենք՝ ժողովուրդը ժեխ ա, ժողովուրդը թուրք ա, այս մարդուն ընտրողը թուրք ա, այս մարդուն ընտրողը պիցայակեր ա: Սա հենց այն ատելության խոսքն է, որը միջազգային բոլոր չափանիշներով հենց անվանվում է ատելության կամ թշնամանքի խոսք»:
Հակոբյանն անդրադարձավ նաև հեռուստաեթերում ցուցադրվող բռնության տեսարաններին։ Նրա դիտարկմամբ՝ դրանք եթերում նվազել են, սակայն պետք է տարբերակել գեղարվեստական բովանդակությունը առօրյայից, քաղաքական հնչեղություն ունեցող տեքստերից և այլն։




