ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Լողավազանում չեն նկատում, որ սայլակով եմ․ Սեյրան Սողոյան․ «Կյանքին ասել այո՛»

Սեյրան Սողոյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ 2019-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում  ընդամենը մեկ կիսամյակ հասցրեց սովորել ու զորակոչվեց բանակ։ Արմավիրի ուսումնական զորամասում ծառայությունն ավարտելուց հետո տանկիստի կոչումով տեղափոխվեց Արցախ, Որոտանի զորամասում տանկի ավագ նշանառու-օպերատոր էր։ Երեք ամիս էր մնացել ծառայությանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի վեցին Սեյրանը ծանր վիրավորում է ստացել դիպուկահարի հարվածից։ Վիճակն այնքան ծանր էր, որ օգնության հասած բուժակն անգամ չէր կողմնորոշվել ու առաջարկել էր տեղափոխել մահացածների հետ։ Սեյրանը մի կերպ կարողացել էր ասել՝ ողջ եմ, փրկե՛ք ինձ։ Հիվանդանոցում հասկացավ, որ չի զգում ոտքերը, նորից քայլելը դարձավ նպատակ։

Վերականգնողական երկար ու համառ աշխատանքի շնորհիվ Սեյրանն այսօր լիարժեք կյանքով է ապրում, մեքենա վարում, մարզասրահ ու լողավազան այցելում։ «Լողավազանում չեն նկատում, որ սայլակով եմ։ Երբ ջրից դուրս եմ գալիս, նստում սայլակին, զարմանում են»,-պատմում է Սեյրանը։ Ապագա դիվանագետն այսօր ուսումը շարունակում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային քաղաքականություն» բաժնում։ 2025-ի հունվարին  ավարտել  է Նորթրիջի (Կալիֆորնիա) համալսարանի վեցամսյա դասընթացը։ Ուսմանը զուգահեռ նաև աշխատում է, միջազգային բեռնափոխադրման ընկերությունում բիզնես առաջխաղացման տնօրեն է։ Ֆիզիկական ցավերը փորձում է հաղթահարել նկարելով, ասում է՝ օգնում  է։

Կարդացեք նաև

Back to top button