
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Մեքենա ներկրողների հանդեպ գործող օրենքներից ու հարկային մարմինների գործելակերպից են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհել Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու քաղաքացի Կամո Մարությանը: Վերջինս 2008 եւ 2009 թվականներին 2 մեքենա է ներկրել, երկուսն էլ իրացրել 2009-ին: Իսկ արդեն 2011-ին հարկային մարմինների կողմից իրեն ուղղված գրություններից քաղաքացի Կամո Մարությանը տեղեկացել է, որ ինքը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ ու պարտավոր է 3 մլն դրամի հարկային պարտավորություն մարել:
Քաղաքացի Կամո Մարությանը 2009-ին 2 մեքենայի առքուվաճառքի գործարքից հետո մինչ այժմ քաշքշուկի մեջ է: Տարաձայնությունները հարկային մարմինների հետ են, ինքն էլ իր խնդրով արդեն դատարան է հասել, վարչապետի միջամտությունը խնդրել: 2008-ին ու 2009-ին Մարությանը 2 մեքենա է ներկրել, երկուսն էլ վաճառել 2009-ին: «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի համաձայն՝ Մարությանի երկրորդ գործարքն արդեն հանդիսանում է ԱԱՀ-ով հարկվող: Սակայն վերջինս իր գործարքի մասով ԱԱՀ հաշվարկներ ու տեղեկություններ չի ներկայացրել հարկային մարմիններին: Հարկային համապատասխան տեսչությունն էլ այս մասին հիշեցում-ծանուցում է ուղարկել Մարությանին: Հենց այստեղից են տարաձայնությունները սկսվել: Մարությանի փոխանցմամբ՝
«Ասում են՝ փնտրել են Կամո Մարությանին, չեն գտել, սակայն սրանից առաջ քննիչը 2011-ին ինձ կանչել հարցաքննել է»:
Հետո արդեն հարկային մարմինները Մարությանին ճանաչել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող ու գրությամբ տեղեկացրել՝ սա հաստատվելու դեպքում նա 5 մլն դրամանոց մեքենայի առքուվաճառքի վերջնարդյունքում պարտավոր է որպես վերջնական հարկային պարտավորություն վճարել 3 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ, տույժեր-տուգանքներ, սոցվճարներ: «Այսպիսի օրենք երեւի երկնագնդի վրա չկա»,-բարկանում է քաղաքացին ու պնդում՝ ինքը ձեռք չի բերել, ներկրել է, պատշաճ ձեւով մաքսազերծել, հետո իրեն պատկանող մեքենան վաճառել: Բայց հարկային մարմիններն իր հետ խոսում են օրենքի անունից, ու հենց օրենքից իր դժգոհություններն էլ քաղաքացի Կամո Մարությանը ներկայացրել է հանրապետության վարչապետին: Հովիկ Աբրահամյանի պատասխանը դեռ չկա, բայց խոստացված է հանդիպում կազմակերպել: Իսկ մինչ այդ Մարությանը վրդովվում է՝ իրեն այս խնդիրներն անգամ հիվանդանոցնի դուռն են հասցրել:
«Ինչի համար՝ չգիտես: Մի բան արած լինես, կասես՝ հա: Ես դաստիարակված ազնիվ մարդ եմ, վաստակավոր մանկավարժի զավակ եմ: Ես փողոցն եմ անցումով անցնում: Ինձ էսօր ասում են՝ ապօրինի ձեռնարկատեր ես: Ինչ է՝ կոշիկ եմ արտադրում իմ նկուղում, թե ինչ: Մեքենան բերել եմ, ամբողջ աշխարհը տեսել է: Սահմանից սկսած՝ համակարգում երեւում է, որ մեքենա եմ բերել, ինչ ապօրինության մասին է խոսքը: Թե չէ օրենքի գիրքը դնում են դարակը, վաճառում եմ, հետո հանում են՝ հոպ, գիրքը ցույց են տալիս: Ծուղակ է սա: Ուրիշ ոչինչ»:




