
Ալեքսան Սարգսյան
«Ռադիոլուրի» համար
Մարտի 30-ին Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում մասնակից 9 քաղաքական ուժերից և ոչ մեկն իր ստացած քվեներով չհաջողեց միանձնյա ստանձնել քաղաքի կառավարումը: Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ընտրողների ամենաշատ՝ 17183 քվեն, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերից «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարեցին «Հայաստանի Կոմունիստական կուսակցության» առաջնորդ Վարդան Ղուկասյանին սատարելու մասին: Ընտրություններից հետո գլխավոր հարցն այն էր, թե ում կսատարի «Մեր քաղաքը» դաշինքը, որի ձայներից էլ կախված էր, թե ով կլինի Գյումրիի ղեկավարը: Նախօրեին դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը ևս հանդես եկավ Վարդան Ղուկասյանին սատարելու հայտարարությամբ: Ղուկասյանն էլ իր հերթին շտապեց հայտարարություններով հանդես եկել, անգամ խոսեց իր ծրագրած առաջին նշանակումների մասին՝ անուններով։
Հնգօրյա լռությունից հետո «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը վերջապես ներկայացրեց իր դիրքորոշումը։ Գրավոր հայտարարությամբ Գրիգորյանը երկար բացատրել է իր մոտեցման պատճառները, ընդգծել, որ Գյումրիի ու գյումրեցիների՝ իր պատկերացրած շահն ու պահանջն է հիմք ընդունել, որ սատարի ընդդիմության միասնական թեկնածուին, որին ավելի վաղ բնորոշել էր որպես ամենախոցելի թեկնածու։ Մարտուն Գրիգորյանը նշել էր, որ երկար քննարկումներից հետո է եկել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայներն ապահովելու որոշմանը։ Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, Գրիգորյանի հայտարարությունից հետո շտապեց հանդիպել լրագրողներին ու նշեց, որ Մարտուն Գրիգորյանի հետ այս ընթացքում հանդիպումներ ու քննարկումներ չի ունեցել։
«Ամբողջ հանրապետությունն էլ սպասում էր դրան, ճիշտն ասած, Գյումրին և ամբողջ հանրապետությունը, ովքեր իրենց դասում են ընդդիմադիր դասին, բոլորը դրան էին սպասում: Եւ, կամոք Աստծո, փառք կամեցածին, ինչ որ տեղի ունեցավ:Ոչ մեկի հետ մենք հանդիպում չենք ունեցել, ոչ մի քննարկում չենք ունեցել։ Մեծ հաճույքով մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, դնելու-վերցնելու, և ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում, ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին և Օսմանյան թուրքերին, հասկանալի է, ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ, կարող է խնդիրներ ունենք իրար մեջ, բայց ես այդպիսին չեմ, ես հոգեպես բարի մարդ եմ»:
Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը սուր դիտարկումներով ու քննադատությամբ արձագանքեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Վարչապետի խոսնակ, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղի ունեցածը որակեց որպես քաղաքական առուծախ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ գյումրեցիների մի մասը նման դաժան իրականության բախվեց, որովհետև չգիտակցեց իր ձայնի կշիռն և ժողովրդավարության հետ կապը, իսկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա, իր ձևակերպմամբ, քրեական գործերը շալակած մարդուն քաղաքապետ դարձնողներին:
Ի պատասխան այս հայտարարությունների՝ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարություններն ու ի պաշտոնե համագործակցել ՔՊ-ի հետ:
«Ես ասել եմ, ես պահելու եմ սուբորդինացիան, ուրեմն, какой привет, такой ответ: Ինչ ձևի իրենք պահեցին, նույնը ես եմ պահելու: Քաղաքական առումով ես իրենց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրենց էլ դեմ եմ, բայց քաղաքի խնդիրների հետ կապված, քաղաքի և պետության շահերի հետ կապված եթե որևիցե խնդիր լինի, ինձ կպահեմ ճիշտ, եթե ոչ, կբարձրաձայնեմ»։
Անդրադառնալով մամուլում հնչեցված բազմաթիվ մտահոգություններին՝ Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, որ, իր ձևակերպմամբ, «կրիմինալի» վերադարձ քաղաք չի լինի, աշխատելու են քաղաքի զարգացմանն ու շենացմանը միտված ծրագրերով, հետամուտ են լինելու, որ կառավարությունն ու իշխանությունը կատարեն Գյումրիում նախատեսված բոլոր ծրագրերը: Ղուկասյանը խոսում է նաև մամուլում հնարավոր համարվող մի շարք սցենարների մասին։
«Վանաձորի սցենարը չի կարող էստեղ կիրառվել, որովհետև էստեղ այլ բան է եղել, Վանաձորում՝ այլ բան, էնպես որ բնակարան հատկացնելու համար, որ մարդիկ բնակարան են կառուցել, 60 հոդվածի հետ կապված մենք բացատրություն ունենք շատ հանգիստ, գեղեցիկ ձևով, և դրանով քաղաքապետը երբեք չի կարող մեղադրվել: Կտեսնեք, որ ամեն ինչ կանցնի շատ հանգիստ»։
Ընդդիմության միասնական թեկնածուն պատրաստ է ձեռքսեղմման իրեն սատարող քաղաքական ուժերի առաջնորդների հետ, պատրաստ է բանակցությունների, որոնք կնպաստեն քաղաքի զարգացմանը: Իսկ իր դեմ քրեական գործերի դեպքում կարծում է գյումրեցիները չեն լռի։
«Իմ ապրած կյանքը բոլորը գիտեն, որ չկա ինչ-որ մարդ, որից վախենամ, քաշվեմ, կհարգեմ, եթե հարգելու արժանի է, իսկ եթե ոչ, ես բարի մարդ եմ, հասկանալի՞ է, նորից եմ կրկնում»։
Համայնքի ղեկավարումը ստանձնելու դեպքում Ղուկասյանը քաղաքապետարանում կադրային փոփոխություններ կանի։ Նա արդեն հնչեցնում է հնարավոր փոխքաղաքապետի անունն ու համագործակցության առաջարկով դիմում իրեն սատարող ընդդիմադիր քաղաքական ուժերին:
«Օրինակ՝ Ռուբենին, որպես մշակույթի ներկայացուցչի, առաջարկում եմ մշակույթի բաժինը ղեկավարել, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի, աշխատենք միասին: Հենց հիմա էս հայտարարությունը ես տարածեցի: Առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը»։
Ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից, քվեների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից և ոչ մեկը չունի բավարար մանդատներ քաղաքի կառավարումը ստանձնելու համար: Ինչպես և հայտարարվել էր նախընտրական քարոզչության ընթացքում, ընդդիմադիր ուժերն իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմեցին: 14 մանդատ ունեցող ՔՊ-ին համայնքի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է ևս երեք ձայն, բայց «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարեցին իրենց ընդհանուր 5 մանդատով «Հայաստանի Կոմունիստական կուսակցության»-ը սատարելու մասին: Վճռորոշը 6 մանդատ ունեցող «Մեր քաղաքը» դաշինքի դիրքորոշումն էր:
Թե ովքեր կարող են լինել Վարդան Ղուկասյանի թիմից ավագանու 8 մանդատ ստացողները, ինքը՝ Ղուկասյանը, դեռ անուններ չի հնչեցնում, բայց հայտարարում է՝ մյուս փոխքաղաքապետի և այլ պաշտոնների հարցով պատրաստ է քննարկումների ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի հետ, իսկ Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա ապրիլի 16-ին:




