
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 208 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերը համաշխարհային շուկաներում անկում են առաջացրել, հայտնում է Bloomberg-ը։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI)՝ սա չորրորդ ամենամեծ մեկօրյա անկումն է ինդեքսի 13-ամյա պատմության մեջ և ամենամեծը՝ COVID-19 համաճարակից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում հայտնված միլիարդատերերի կեսից ավելին իրենց կարողությունը կորցրել են միջինը 3,3%-ով։
Ըստ հաշվարկների՝ ամենաշատը տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես՝ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մի քանի միլիարդատերերի թվում էր, որոնց հաջողվել է խուսափել մաքսատուրքերի բացասական ազդեցությունից, նշում է գործակալությունը։
Ամենամեծ կորուստները կրել է Ցուկերբերգը ՝ Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը կրճատել է նրա կարողությունը 17,9 մլրդ դոլարով։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, ինչը հանգեցրել է Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը 15,9 մլրդ դոլարով։ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերը 5,5%-ով անկում են գրանցել։
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա ասել էր, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կլինի 10 %։ Տուրքերի ներդրումից հետո ամերիկյան շուկան անկում է ապրել։




