ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններ են նախապատրաստվում։ Մոսկվան պայմաններ է առաջ քաշում՝ պահանջելով որոշ պատժամիջոցների վերացում՝ Սև ծովում հրադադարի դիմաց։ Միաժամանակ Թրամփը սպառնում է 50% մաքսատուրք սահմանել ռուսական նավթի համար, եթե Պուտինը մեկ ամսում չհամաձայնի հրադադարին։ Ըստ քաղաքական փորձագետների՝ Վաշինգտոնը և Մոսկվան դեռևս հեռու են փոխհամաձայնությունից, իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են:
Վաշինգտոնի նախազգուշացումից հետո Կիևը, հանձին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, հայտարարում է, որ իր երկիրը ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։
«Ուկրաինական կողմը տրամադրված է կնքելու փաստաթուղթը, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին: Մենք կարծում ենք նաև, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է ամերիկյան հզոր, խոշոր բիզնեսի հետագա ամրապնդում, ներդրում է Ուկրաինայի անվտանգության ենթակառուցվածքում»,— հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
Սիբիգան հավաստիացրել է, որ Կիևն ամերիկացի գործընկերների հետ կաշխատի ստորագրման համար փոխընդունելի տեքստի ուղղությամբ։
Վաշինգտոնի նախազգուշացումից հետո Կիևը վերանայում է հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացիորեն մեկ օր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է խզել օգտակար հանածոների գործարքը։ Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե Կիևը հրաժարվի օգտակար հանածոների արդյունահանման համաձայնագրից, լուրջ խնդիրներ կունենա։ Թրամփն այս հայտարարությունն արել էր նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Եթե Ուկրիանան այդպես վարվի, ապա լուրջ խնդիրների կբախվի, մեծ, շատ մեծ խնդիրների»,— մի քանի անգամ շեշտել էր Թրափը: Ավելին՝ ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, որ Զելենսկին ցանկանում է, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իր կարծիքով՝ դա երբեք չի լինի, և Զելենսկին արդեն դա հասկանում է։ Bloomberg-ն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև քննարկվող հանքային համաձայնագրի մանրամասները։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել բոլոր ապագա ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում և հանքային ռեսուրսներում։ Ըստ գործակալության՝ եթե համաձայնագիրը ստորագրվի, ԱՄՆ-ն մեծ լիազորություններ կունենա վերահսկելու ներդրումները ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների կառուցման, հանքերի, նավթի, գազի և այլ կարևոր օգտակար հանածոների արդյունահանման նախագծերում։
Լրագրողների հարցին, թե ինչ է ստանալու Ուկրաինան այդ գործարքից, Թրամփը հիշեցրել էր, որ Վաշինգտոնն արդեն իսկ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Կիևին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Կիևն այդ օգնությունը չի ճանաչի որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն։ Ուկրաինայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները:
Եվրոպական ԶԼՄ-ները, վերլուծելով համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում են, որ փոփոխությունների ընթացքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Ուկրաինայում, իսկ Ուկրաինան շարունակելու է բանակցել հանուն իր անկախության և ինքնիշխանության պահպանման։
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններ․ խաղաղության բանակցություններ, բայց և նոր լարվածություն
Ուկրաինայի նախագահական նստավայրի և Սպիտակ տան փոխադարձ հայտարարություններով՝ կողմերը փորձում են ամրապնդել իրենց դիրքորոշումները։ Այդ ֆոնին տեսակետների հստակեցման փուլում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները: Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրը, գրում է, որ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մոսկվան ձգձգում է Ուրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները: Պատճառը, ըստ լրագրողի, չհամաձայնեցված որոշ հարցերի շուրջ քննարկումներն են: Ըստ բաց աղբյուրների՝ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների վերացումից հետո միայն՝ ուժի մեջ կմտնի Սև ծովում հրադադարը, որի շուրջ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում երեք օր բանակցում էին: Օրեր առաջ Թրամփն առաջին անգամ քննադատել էր Պուտինին՝ շեշտելով, որ իրեն շատ է զայրացրել Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, որ դրսից կառավարվող անցումային իշխանություն է հարկավոր Ուկրաինային:
Թրամփը սպառնացել էր մինչև 50 տոկոս մաքսատուրք սահմանել ռուսական նավթի համար, եթե Պուտինը մեկ ամսում չհամաձայնի հրադադարին։ Մեկ այլ տեղեկության համաձայն, որ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում։ Reuters-ը և CNN-ը, վկայակոչելով ամերիկյան դիվանագաիտական աղբյուրները, տեղեկացնում են, որ Ռուսաստանի նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հնարավոր է՝ այս շաբաթ այցելի Վաշինգտոն, որտեղ պիտի բանակցի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետքարտուղարությունն օրերս սառեցրել է Դմիտրիևի դեմ սահմանած պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։
Մինչ կողմերը բանակցում են, Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց։ ԶԼՄ-ները գրում են զոհերի և վիրավորների մասին:




