
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Մադրիդում համատեղ հռչակագիր են ընդունել։
«Բուչայի ջարդերի տարելիցից երեք օր անց մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ հիմնվելով նոյեմբերի 19-ի Վարշավայի մեր հռչակագրի և փետրվարի 12-ի Բեռլինի մեր հռչակագրի և Փարիզի 12-ի մեր հռչակագրի վրա»,- ասված է հռչակագրում։
Համատեղ հռչակագրում նրանք ընդգծել են, որ Ուկրաինան համաձայնել է լիակատար զինադադարի առանց նախապայմանների, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան և հարձակումները։ Կոչ է արվել Ռուսաստանին անհապաղ և անվերապահ կերպով համաձայնել հրադադարին՝ հավասար պայմաններով։
Նախարարները վերահաստատել են իրենց նվիրվածությունը Ուկրաինային քաղաքական, տնտեսական, ռազմական ու դիվանագիտական շարունակական աջակցության ցուցաբերելու հարցում։
Նրանք հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և պահել ռուսական ակտիվները՝ մինչև Մոսկվան վերջ դնի պատերազմին և փոխհատուցի պատճառված վնասները։
Կոչ է արվել ապահովել միջազգային պատասխանատվություն Ռուսաստանի հանցագործությունների համար՝ ներառյալ հատուկ տրիբունալի ստեղծումը։
Հռչակագրում ընդգծվել է նաև մարդասիրական խնդիրների՝ գերիների փոխանակման, քաղաքացիական անձանց ազատ արձակման առաջնահերթությունը։
Նախարարները հայտարարել են, որ խաղաղությունը պետք է լինի արդար, կայուն և ունենա հստակ մեխանիզմներ՝ ապագա ագրեսիան կանխելու համար։ Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ընդգծելով, որ որևէ համաձայնություն չպետք է սահմանափակի Ուկրաինայի ինքնիշխանությունը կամ գործընկերների ռազմական ներկայությունը։
Եվրոպան վերահաստատել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին, կոչ է արել ավելի մեծ ինքնիշխանություն և պատասխանատվություն ստանձնել եվրոպական անվտանգության հարցում և աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և Եվրամիությանն անդամակցելու ուղուն։
«Մենք չենք ընդունի որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի Ուկրաինայի ռազմական և պաշտպանական արդյունաբերությունը կամ գործընկեր երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում։ Մենք պատրաստ ենք մեր բաժինը բերել այս խաղաղությանը հասնելու համար։ Եվրոպան այժմ տրամադրում է Ուկրաինային աջակցության գրեթե երկու երրորդը և ռազմական օգնության 60%-ը: Մենք վերահաստատում ենք մեր երկաթե հավատարմությունը ՆԱՏՕ-ին՝ որպես եվրատլանտյան անվտանգության հիմնաքար, և պարտավորվում ենք ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն եվրոպական մայրցամաքի անվտանգության և պաշտպանության ապագայի համար՝ նպատակ ունենալով հասնելու Հաագայի գագաթնաժողովում նշանակալի արդյունքի»,- ասված է հռչակագրում։




